Լրահոս
Օրվա լրահոսը

Ես ուզում եմ, որ…

Հունիս 01,2010 00:00

Երազում են փոքրիկները

Բժշկի, օդաչուի, ուսուցչի, երգչի մասնագիտություններն այժմ մանուկների շրջանում այնքան էլ նորաձեւ չեն: Հիմա նրանց երազանքներն այլ են, փոքրիկները ցանկանում են դառնալ բիզնեսմեն, պատգամավոր, նախագահ…
Այսօր Երեխաների պաշտպանության միջազգային օրն է: Չնայած երեխանեը չեն հասկանում՝ ինչ է երեխաների պաշտպանության օրը, բայց այն, որ դա իրենց տոնն է, լավ գիտեն, ինչի առիթով էլ «Առավոտը» շնորհավորում է բոլոր փոքրիկներին. հարցազրույցի հրավիրված փոքրիկ տղաներից փորձեցինք ծանոթանալ նրանց երազանքներին:
5-ամյա Էրիկը գործարար կամ պատգամավոր չի ուզում դառնալ, \"\"բայց երազում է մեծ մեքենա ունենալ ու ամբողջ աշխարհով մայրիկին ման տալ: Բացի այդ, ուզում է ունենալ մեծ այգի, ինչպես ինքն է ասում՝ «այգինոց», որտեղ տվյալ տարածքի բոլոր երեխաները ազատ խաղալու հնարավորություն կունենան: Եվ եթե ծնողները ուրիշ փոքրիկներին կարողանում են խաղալիքով, կոնֆետով ուրախացնել,  սիրտը գրավել, ապա Էրիկի դեպքում ամեն ինչ այլ է. նրան տուր միայն թուղթ եւ գրիչ, ու նա կդառնա քո ամենամոտ ընկերը, քանի որ  Էրիկը շատ է սիրում նկարել եւ գրել հատկապես հայերեն ու անգլերեն տառեր, որոնք սովորել է օրացույցից՝ ինքնուրույն:

\"\"6-ամյա Վահրամին երբ հարցրինք՝ ի՞նչ ես ուզում դառնալ, առանց վարանելու պատասխանեց՝ բիզնեսմեն. «Ես ուզում եմ էն հզոր բիզնեսմեններից դառնալ եւ ուժեղ բիզնես անել: Բայց ոչ թե գալուստուկով բիզնեսմեն, այլ սովորական շորերով ու մեծ ավտոյով»: Վահրամն արդեն դպրոցական է: Ինչպես նա է պատմում՝ «Մեր դասարանի ամենափոքրն եմ՝ թե բոյով, թե տարիքով, միշտ, որ շարք ենք կանգնում, ես ամենավերջինն եմ»:

 

 

4-ամյա Ալեքսը երազում է օդաչու դառնալու մասին: Ասում է՝ մեծ օդանավ եմ վարելու, թռնեմ \"\"գնամ….  չնայած դեռեւս 4 տարեկան է, բայց հասցրել է մասնակցել մի քանի գեղեցկության մրցույթների ու նորաձեւության ցուցադրությունների՝ արժանանալով տարբեր տիտղոսների: Ալեքսի մայրը նշում է, որ տղային դուր է գալիս բեմ դուրս գալը: Մայրիկի փոխանցմամբ, Ալեքսը շատ հարցասեր է, իսկ թե ինչի՞ մասին է սիրում հարցնել տղան, ըստ մայրիկի՝ «հիմնականում սեքսի, երեխա ծնվելու մասին, ինչի պատասխանը նա բոլորից լավ գիտի»: Փոքրիկի ամենասիրած զբաղմունքը հայելու առջեւ մազերը տարբեր ձեւերով սանրելն  է: Տեղեկացանք, որ պարտեզ գնալիս Ալեքսը հայելու մոտ երկար նախապատրաստվում է իր խմբի ամենագեղեցիկ աղջկա՝ Գայուշիկի համար, ում նա սիրում է: Շուտով իր իսկ խնդրանքով Ալեքսը քույրիկ է ունենալու: Իսկ երբ նրան հարցնում են, թե ի՞նչ կուզենայիր անվանել քույրիկիդ, առանց մանրամասնելու ասում է՝ «Քրիստ Մարգարյան»:
5-ամյա Էդգարը ամեն օր մի մասնագիտություն է ընտրում: Մեկ երազում է «ԶԻԼ» մակնիշի \"\"մեքենայի վարորդ դառնալ, մեկ՝ ուժեղ մարդ, մեկ էլ՝ «չելովեկ-պաուկ»:
Պարզվում է՝ արդեն երկար ժամանակ Էդգարը սիրահարված է մանկապարտեզի իր խմբի Մագային, որն արդեն մեկ տարի է՝ բնակվում է Մոսկվայում: Իսկ «չելովեկ պաուկ» դառնալու երազանքն էլ կապված է հենց Մագայի հետ: «Ուզում եմ թռնել սովորեմ «չելովեկ պաուկի» պես ու գնամ Մագային բերեմ: Նրան շատ եմ սիրում: Ամեն օր նամակ եմ գրում, բայց չգիտեմ  խի տեղ չի հասնում…».- նեղսրտում է Էդգարը:  Ինչ վերաբերում է ուժեղ մարդ դառնալու Էդգարի ցանկությանը, նրա խոսքով՝ դա եւս կապված է սիրած աղջկա հետ՝ «որ ուժեղ լինեմ, սաղին կծեծեմ, որ Մագային բան չասեն»:

6-ամյա Մելիքն էլ երազում է լավ մարդ դառնալու մասին՝ «Մեկ էլ ուզում եմ բժիշկ դառնալ, որ մարդկանց բուժեմ»: Մելիքը շատ է սիրում կոմպյուտերային խաղեր, ասում է՝ կուզենար խաղերի հերոսների պես ուժեղ լինել: Նրա սիրած զբաղմունքն էլ իր լուսանկարներին նայելն է: Մելիքի մայրիկի բնութագրմամբ, առանձնակի հետաքրքրություն ունի իր անձի նկատմամբ. «Ամեն անգամ, երբ նայում է իր շատ փոքր ժամանակվա նկարներին, սկսում է ծիծաղել ու ասում է, որ գեշ է եղել»:
Մելիքը մեծ սեր ունի նաեւ երկար ու ձիգ զրույցների հանդեպ. շատ է սիրում տարբեր թեմաների շուջ երկար մտորել ու կիսվել մայրիկի հետ:  «Մի օր առավոտյան եկավ նստեց կողքս եւ երկար ժամանակ լռում էր: Հասկացա, որ մի բանի մասին  մտածում է: Ավելի քան 10 րոպե լռությունից հետո հարցրեց՝ մամ, դու Ծաղկաձորում հանգստացել ե՞ս, պատասխանեցի՝ ոչ, մտածեց, մտածեց, ասաց՝ կմեծանամ, կգնանք»,- պատմում է Մելիքի մայրը, հավելելով, որ տղան սիրահարված է, իր հաճախած քոլեջից՝ Մարիաննային:  Ու երբ փոքրիկ աղջիկը տեղափոխվել է Մոսկվա, Մելիքն ամեն օր միացրել է քոլեջի հանդեսի տեսագրությունն ու բոլորին ցույց տվել իր սիրած աղջկան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել