Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտրական կրքեր՝ Գեղարվեստի ակադեմիայում

Հունիս 01,2010 00:00

Բուհի ռեկտորը ինքնակոչ է համարում ուսխորհրդի նորընտիր նախագահին

Մարգարիտա Սիրեկանյանը նախորդ տարվա նոյեմբերից Գեղարվեստի պետական ակադեմիայի ուսանողական խորհրդի նախագահի պաշտոնակատարն էր, վերջերս էլ՝ մայիսի 13-ին խորհրդի նախագահի ընտրություններում, իր խոսքով, ձայների մեծամասնությամբ ընտրվել է նախագահ: «Այդ օրը մեր ռեկտորը՝ Արամ Իսաբեկյանը, ընտրությունների կապակցությամբ ասաց, որ եթե որեւէ մեկը դեմ չէ, ապա որեւէ խնդիր չկա: Հաջորդ օրը նրան եմ ներկայացնում արձանագրությունը, նա մտափոխվում է ու որոշում, որ մեր ընտրությունները անօրինական են ու չի ընդունում իմ նախագահությունը»,- երեկ «Հայելի» ակումբում պատմում էր Մարգարիտան: Նրա խոսքով, օրեր անց, երբ փորձել է մտնել ուսխորհուրդ, նկատել է, որ դռան փականն արդեն փոխված էր. «Ռեկտորն էլ ասաց, որ սենյակը չի տրամադրում մեզ, քանի որ չի ընդունում ուսխորհրդի կազմը եւ նախագահին»: Մարգարիտան նաեւ պատմեց, որ խորհրդի կազմով մշակել էին կանոնադրությունը, կատարել անհրաժեշտ փոփոխություններ եւ ներկայացրել գիտխորհուրդ, որ հաստատվի. «Բայց չհաստատվեց, կան կետեր էլ, որոնք մեզ ուղղակի պարտադրում են մտցնել…»: Ասուլիսին ներկա Արմեն Ալեքսանյանը էլ, ով Հայաստանի ուսանողական ասոցիացիայի նախագահն է, ասաց. «Ուսանողական խորհուրդների կանոնադրությունները որոշ բուհերում, ցավոք սրտի, դեռ հաստատված չեն, եւ ընտրությունները կայանում են նախկին կանոնադրությամբ: Այս խնդիրը միայն Գեղարվեստի ակադեմիայի ուսանողական խորհրդինը չէ, այլ ուսանողական ինքնակառավարման մարմիններինն է»: Նա նաեւ հավելեց. «Ուսխորհրդի ընտրությունները, առավել եւս նախագահին հաստատել կամ չհաստատել՝ որեւէ ռեկտորի կամ բուհական ադմինիստրացիայի լիազորությունների մեջ չի մտնում: Միայն մի դեպքում կարող են միջամտել, եթե կանոնադրությունը հակասում է ՀՀ օրենսդրությանը, բայց այս բուհում այդ դեպքը չէ»:
 Այս հարցի շուրջ պարզաբանում խնդրեցինք նաեւ բուհի ռեկտոր Արամ Իսաբեկյանից: «Ըստ ուսանողական խորհրդի կանոնադրության՝ ընտրություններին պետք է մասնակցեր յուրաքանչյուր կուրսից մի ներկայացուցիչ, բայց հիմա արձակուրդներ են, ու ուսանողների մեծ մասը ակադեմիա չի գալիս, բացի դրանից, գիտական խորհրդի կողմից դեռ չի հաստատվել ուսանողական խորհրդի կանոնադրությունը, ինչից հետո նոր պետք է կատարվեր ընտրություն: Ի դեպ, լրամշակված կանոնադրությունը ուսանողական խորհուրդը մեզ այդպես էլ դեռ չի ներկայացրել, եւ ամենակարեւորը՝ ընտրությունն անցել է կոպիտ խախտումով, այն է՝ բաց քվեարկությամբ: Եթե բուհի ռեկտորը կամ երկրի նախագահը փակ քվեարկությամբ է ընտրվում, ինչպե՞ս կարող են մյուս ընտրությունները այլ ճանապարհով անցկացվել: Բաց քվեարկություն մեկ էլ տեսել ենք խորհրդային տարիներին, իմ կողմից Մարգարիտային սիրել-չսիրելու հարց չկա, ես նրան բազմիցս ասել եմ՝ ընտրվեք օրինական ճանապարհով, որ ուսանողները չդժգոհեն»:
Հավելենք, որ ուսխորհրդի նախագահը ՀՀԿ անդամ է, ռեկտորը՝ ԲՀԿ-ական:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել