Լրահոս
Օրվա լրահոսը

Մենք ու Կաննի կինոշուկան

Հունիս 01,2010 00:00

«Կինոշուկային մասնակցելու խնդիրը հայկական պատվիրակության համար ոչ միայն ֆիլմ վաճառելն էր, այլեւ ֆիլմ փոխանակելը»,- երեկ կայացած ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանը:
Հայաստանի ազգային կինոկենտրոնի շուրջ 35 ֆիլմ մայիսի 12-22-ը ներկայացվել է Կաննի կինոշուկայում:
Ասուլիսին ներկա Գ. Գեւորգյանը, ռեժիսորներ Վրեժ Քասունին եւ Հովհաննես Գալստյանը պատմեցին Կաննից ստացած տպավորությունների մասին: Ըստ Գ. Գեւորգյանի, «Ի տարբերություն նախորդ տարվա, այս անգամ հայկական ֆիլմերը, բացի կինոտաղավարում ներկայացվելուց, ցուցադրվել են նաեւ կինոթատրոններում… Ե՛վ մեր ֆիլմերը կինոթատրոններում ցուցադրելը, ե՛ւ հայկական օրվա կազմակերպումը Կաննում հայկական կինոյի համար արդյունավետ եղան»:
Մայիսի 14-ին եւ 17-ին Կաննի երկու կինոթատրոններում կինոշուկայի մասնագետների համար ցուցադրվել են Հովհաննես Գալստյանի «Խճճված զուգահեռներ» եւ Սուրեն Բաբայանի «Մի նայիր հայելուն» լիամետրաժ ֆիլմերը:
Գ. Գեւորգյանի տեղեկացմամբ, Ս. Բաբայանի ֆիլմի ցուցադրությունից հետո միաժամանակ մի քանի կինոփառատոներից հրավերներ են ստացել:
Կաննի կինոշուկային մասնակցող ընկերությունների ղեկավարների եւ ներկայացուցիչների հետ քննարկել են հայկական ֆիլմերի տարածման հեռանկարները, ռուսներն ու արաբները հետաքրքրված են:
Կաննի կինոշուկայում Հայաստանի ազգային կինոկենտրոնը հնդկական «Պրոկաշ շարմա» պրոդյուսերական ընկերության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ նախնական պայմանավորվածություն է ձեռք բերել մինչեւ 2015 թվականը՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Հայոց եղեռնի մասին համատեղ գեղարվեստական ֆիլմ նկարել:
Հ. Գալստյանն էլ պատմեց, որ չնայած «Խճճված զուգահեռներում» ակնարկ կա ցեղասպանության մասին, սակայն այն թուրքերի կողմից լավ է ընդունվել. «Շատ էմոցիոնալ ընդունեցին ֆիլմը եւ առաջարկեցին իրենց դերասաններին նկարահանել այլ ֆիլմերում, ինչը ես դրական եմ ընդունում եւ խտրականություն չեմ դնում՝ դերասանը թո՞ւրք է, թե՞ ոչ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել