Միջազգային մրցույթն ու հայկական սնապարծությունը
Օսլոյի «Telenor Arena» մարզադաշտում մայիսի 29-ին ավարտվեց «Եվրատեսիլ-2010» երգի մրցույթի եզրափակիչը: Այս տարի հաղթող երկիրը Գերմանիան է (Լենա Մայեր-Լանդրուտ)՝ 246 միավորով: Գերմանիա, Թուրքիա, Ռումինիա, Դանիա, Ադրբեջան, Բելգիա, Հայաստան, Հունաստան, Վրաստան, Ուկրաինա՝ այս երկրներն են 10-նյակում:
Հայաստանը ներկայացնող Եվա Ռիվասը զբաղեցրել է 7-րդ տեղը: Ի տարբերություն նախորդ տարիների, հայահոծ համայնքներ ունեցող երկրները Հայաստանին քիչ միավորներ տվեցին, 12 ստացանք միայն Ռուսաստանից, Նիդեռլանդներից եւ Իսրայելից: Վերջինս նախորդ տարիներին առանձնապես շռայլ չի եղել Հայաստանի հանդեպ, եղել են տարիներ, որ ոչ մի միավոր չի տրվել: Հայաստանը այս անգամ 12 միավոր տվեց հարեւան Վրաստանին, ի տարբերություն նրանցից ստացած 10-ի: Առաջին հայացքից վատ չէ 39 երկրների թվում 7-րդ հորիզոնականը զբաղեցնելը, մանավանդ, եթե հաշվի առնենք Ռիվասի՝ ելույթի ժամանակ կտրված ձայնը, անհաջող բեմադրությունը, չնայած բուքմեյքերական գրասենյակները լավագույն տեղեր էին կանխատեսել ինչպես ադրբեջանուհի Սաֆուրայի «Drip drop» կոմպոզիցայի, այնպես էլ Ռիվասի «Ծիրանի կորիզի» համար: Ուղղակի այն ջանքերը, որ թափվել էին Եվա Ռիվասին «Եվրատեսիլ» ուղարկելու համար, առանձնապես չփոխհատուցվեցին, եւ զուր էին ճոռոմ հայտարարությունները, թե՝ ա՛յ, կտեսնեք, 2011-ին «Եվրատեսիլը» Հայաստանում է լինելու: Այնպես որ, բարձր հասակն ու ծախսված գումարները չեն լրացնում վոկալ տվյալների ու բեմական պահվածքի պակասը: Անգամ Ջիվան Գասպարյանին էին հասցրել Օսլո, ասում են՝ վարպետն էլ 2 օր՝ 3 րոպե նվագելու համար 30 000 եվրո հոնորար է ստացել: Բայց նա էլ չփրկեց մեր ներկայացուցչի ելույթը: Հաջող հանդես եկան թուրքերը, հույները, Ալբանիայի ներկայացուցիչը, Ուկրաինան ներկայացնող Ալյոշան եւ այլք, բայց, մյուս կողմից էլ, որպես կանոն, «Եվրատեսիլում» լավ երգը չի հաղթում՝ չնայած 50 տոկոսով քվեարկում է պրոֆեսիոնալ ժյուրին, 50-ով հանդիսատեսը՝ sms-ներով:
Ամեն դեպքում չարախնդալու կարիք չկա: Հիշենք միայն, որ Արշակյան քույրերը նախորդ «Եվրատեսիլին» անհամեմատ լավ հանդես եկան Եվա Ռիվասից, բայց 10-րդ հորիզոնականում հայտնվեցին:
Հ. Գ. Ի դեպ, «Եվրատեսիլի» հայ մեկնաբաններ Խորեն Լեւոնյանն ու Հրաչուհի Ութմազյանը սկզբունքորեն չներկայացրեցին Ադրբեջանի երգչուհի Սաֆուրային: Ըստ «Արմինֆոյի», իրավիճակի կոմիզմն այն է, որ Սաֆուրան անտեսվեց հենց Հանրային հեռուստատեսության եթերում, որը դեռ 12 ամիս առաջ հրապարակավ Ադրբեջանին կշտամբել էր հանդուրժողականության բացակայության համար: