Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԲ ՄԱՆՈՒԿ ԷԻՆՔ

Հունիս 01,2010 00:00

«Ես եկել եմ մանկությունից, մանկությունից եկել եմ այնպես, ինչպես մի որեւէ երկրից են գալիս…»,- ասում էր Անտուան դը Սենտ Էքզյուպերին: Ամեն մարդու մեջ էլ ապրում է երեխան, ուղղակի մեծահասակներս խնամքով նրան թաքցնում ենք եւ միայն բացառիկ դեպքերում ազատություն տալիս, ասենք՝ այն ժամանակ, երբ մենակ ենք ինքներս մեզ հետ, կամ անկեղծ ենք մեզ համար ամենաթանկ մարդու հետ… Այսօր՝ հունիսի 1-ին, Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը, որոշեցինք վերադառնալ մանկություն ու փոքրիկ դրվագներ ներկայացնել այդ «աշխարհից»:

\"\"ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ– Երբ ես 6 տարեկան հասակում գնացի մանկապարտեզ, ծնողներս որոշեցին ինձ տալ հայկական խումբ, քանի որ մեր տանը խոսում էին բացառապես ռուսերեն: Այն ժամանակ մաշկիս եւ մազերիս գույնը չափազանց բաց էր եւ դրան գումարած՝ ես թերանում էի մայրենի լեզվով շփվելիս: Ուստի մեր խմբում մի քանի աղջիկ ինձ անվանում էին «ռուս-կուկուռուզ»: Երբ ես նրանց տեսադաշտում էի, այդ աղջիկներն իրենց ձեռքերը մոտեցնում էին աչքերին՝ ինձ «չտեսնելու» համար: Տանը պատմեցի այդ խնդրի մասին, եւ մայրս ինձ խորհուրդ տվեց հակադարձել հետեւյալ կերպ. «Ռուս-կուկուռուզը դու ես, մի բան էլ ավել»: Հաջորդ իսկ օրը կիրառեցի «հակահարված տալու» այդ ձեւը, եւ իմ «ընկերուհիները» այնպիսի մի «վա՜յ» արտաբերեցին, կարծես թե «մի բան էլ ավելի» տակ նկատի է առնվում մի սարսափելի հայհոյանք: Դրանից հետո ինձ այլեւս կյանքում ոչ ոք ռուսի պիտակ չէր կպցնում: Շատ-շատ՝ հրեայի:
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ– Ես շեկլիկ, պեպենոտ, լղար եւ զգայուն աղջնակ \"\"էի: Ահավոր բարդույթավորված, քանի որ ճակատս լայն էր, ինքս շատ բարձրահասակ էի իմ հասակակիցների համեմատ: Ֆիզկուլտուրայի ժամերին շարքում առաջինն էի կանգնում՝ անգամ բոլոր տղաներից էի բարձր: Այն թվերին այս չափանիշներով աղջիկներին առանձնապես չէին հավանում: Ավելի գնդլիկներն ու աշխույժներն էին «մոդայիկ»: Հերիք չէ՝ ճակատս լայն էր, մայրիկս էլ մազերս կապում էր ահավոր ձիգ, երկու հյուսք էր անում եւ կտրականապես արգելում էր ճակատիս վրա մազափունջը՝ «հայերեն»՝ «չոլկան»: Լավ էի արտասանում… Մի անգամ Մոսկվայից, չեմ հիշում ինչ բարձրաստիճան չինովնիկ էր եկել, եւ մեր դպրոցից ինձ ընտրեցին, որ արտասանեմ: Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանին» պետք է արտասանեի հայերեն եւ ռուսերեն: Հայերենը արտասանեցի, դահլիճը եւ այդ կոմունիստ չինովնիկը ոգեւորված ծափահարեցին, սպասելով, որ ռուսերենն էլ արտասանեմ: Սկսեցի, բայց երկու տողից հետո մեջս մի բան ընդվզեց, ջղայնությունս արտահայտվեց լացով եւ ասացի՝ ռուսերեն չե՛մ կարող: Հիմա չեմ հիշում, թե այդ պահին մեջս ինչ գժություն ծնվեց: Ես առաջին անգամ խեղճ ռուսերենն այդպես «բոյկոտեցի»: Անթիվ ասմունքի մրցույթների եմ մասնակցել: Հաղթել եմ դժվարությամբ, քանի որ խորհրդային մանկավարժները, ժյուրիի կոմունիստ անդամները իմ ասմունքը հավանելով՝ դժվարին վիճակի մեջ էին հայտնվում, ասենք, չէին կողմնորոշվում, թե Դուրյանի «Լճակը» արտասանողին մրցանակ տալու դեպքում իրենց արդյո՞ք Կենտկոմում ճիշտ կհասկանան:
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ– Ես ինքնակամ «ծանր» մանկություն եմ ունեցել՝ բ\"\"ակում այլ երեխաների հետ խաղալու փոխարեն նախընտրում էի կարդալ, ինչի պատճառով նրանք հետեւիցս «ծակ պրոֆեսոր» էին կանչում: Տասը տարի գերազանցիկ եմ եղել եւ, դասական պատկերացումներով, շատ օրինակելի երեխա կարող էի համարվել, եթե այդքան չսիրեի ծաղիկներ: Բնականաբար, ոչ ոք աղջիկ երեխուն ծաղիկ չի նվիրում, ուստի ստիպված էի գլխիս ճարն ինքս տեսնել: Մայրս պատմում է, որ եթե հանկարծ տնից բացակայում էի՝ հաստատ գիտեր, որ գնացել եմ ծաղիկ գողանալու: Մեծ մասամբ՝ այդպես էլ լինում էր, եւ վերադառնում էի ծաղիկներով, որոնք հայթայթում էի մեր հարակից պարտեզներից, այլ շենքերի այգիներից՝ որտեղից պատահի: Բայց ավելի հաճախ՝ Ֆիզիկայի ինստիտուտի տարածքից, որտեղ Ալիխանով եղբայրների առանձնատների արանքում յասամանի ճոխ ծառեր կային, որոնց գեղեցկությունը մթագնում էր միայն դրանք հսկող պահակը: Հիշում եմ՝ մի անգամ հո չէր ընկել հետեւիցս՝ ես էլ թեեւ յասամանները գրկիցս բաց չթողնելով, բայց վախից սահմանեցի արագավազության սեփական չգերազանցված ռեկորդը: Տարիներ անց ինչ-որ պատմություն կարդացի, թե յասամանի ճյուղերն անպայման պետք է պոկել, այլապես ծառը «նեղանում», ու այլեւս նույն ուժգնությամբ չի ծաղկում: Իսկ այդ պահակն այս հասարակ բանը չգիտեր: Բոլոր նրանց, ովքեր հանցագործության այս ինքնախոստովանության պատճառով կյանքս ուտելու են՝ նախապես ասում եմ, որ թարգը վաղուց եմ տվել, կամ հայերեն համարժեքը չունեցող գողական ժարգոնով՝ «յա զավյազալա»: Բայց յասաման ու փոքրիկ մեխակներ էլի ամենաշատն եմ սիրում:
ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ– Մանկությանս շատ վառ հիշողություններ կապված են տատիկ-պապիկիս տան՝ \"\"Գնդեվազ գյուղում՝ իմ ու քրոջս արկածների հետ: Այնտեղ մեզ ամեն ինչ թույլատրված էր, մենք, օգտվելով առիթից, որ ազատվել ենք մայրիկիս եւ հորական տատիկիս խիստ հայացքներից, ինչ ասես անում էինք: Հիշում եմ, մի անգամ տատիկս գնացել էր բարեկամներից մեկի տուն՝ հաց թխելու, եւ ես ու քույրս, որ 1-2-րդ դասարանի երեխաներ էինք, մենակ մնալով տանը, որոշեցինք, որ մենք էլ մեր հերթին պետք է ինչ-որ բան թխենք: Ու սկսեցինք խմոր անել՝ ինչքան ձու, շաքարավազ, յուղ, կաթ-մածուն կար տանը՝ լցրեցինք ամենամեծ թասի մեջ, անհավանական քանակով ալյուր խառնեցինք, էլի ավելացրինք ինչ-որ բաներ, դարձավ խմորանման մի բան: Հերթը հասավ թխելուն: Գազօջախը վառելը իմ մենաշնորհն էր: Թե որքան էի ջեռոցի գազը բաց թողել, մինչեւ լուցկին կմոտեցնեի, չգիտեմ, այն եմ հիշում, որ երբ լուցկին մոտեցրի ջեռոցին, լսվեց մի հզոր պայթյունի ձայն, եւ գազօջախի վերեւում գտնվող պատուհանը՝ շրջանակով հանդերձ, ընկավ ցած…
Մինչ ես ուշքի էի գալիս կատարվածից, քույրս արագ-արագ ավլեց ապակու փշուրները, եւ մենք, վերցնելով հսկայական թասը, երկուսով հազիվ քարշ տալով գնացինք այնտեղ, որտեղ տատս հաց էր թխում: Մոտեցանք, թե՝ «տատ, մի բան է եղել, բայց բան չի եղել, հանկարծ չվախենաս…»: Բոլորը խառնվեցին իրար, իսկ մենք, կարծես ոչինչ չէր պատահել, չհաշված իմ խանձված մազերն ու հոնքերը, թե՝ «բան չի պատահել, ուղղակի գազը պայթեց, պատուհանը ընկավ, ապակին կոտրվեց…»: Իսկ ամենահետաքրքիրն այն է, որ նույնիսկ այդ ժամանակ մենք չպատժվեցինք, հակառակը, մեր պատրաստած խմորը նորոգելով ու խելքի բերելով, տատս հրաշալի գաթաներ թխեց, բոլորին բաժանեց եւ դեռ երկար ժամանակ պարծենում էր, թե ինչ լավ խմոր են արել իր թոռները…
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ– Չարենցի փողոցում մեծացած աղջկաս տարել էին գյուղ: Ես կարմրում էի \"\"կողքս ֆռֆռացող հնդուհավերից, աքլորներից, իսկ երբ խաշելու էին նրանցից մեկին, ես լաց եղա. որովհետեւ հնդուհավի «սապոկները» հանել էին…
Մանկուց լավ նմանակել եմ: Ուսուցիչներիս ձայներով արտասանում էի, երգում, «խաղում»: Մի օր էլ տխուր էր հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհիս եւ դասընկերներս բացահայտեցին «թաքնված տաղանդս», նրան ասելով, թե ձեր տրամադրությունը կբացվի, թող Ռուզանը «դասը վարի»:
Ուսուցչուհիս համաձայնեց: Սկսեցի Տերյան արտասանել՝ քիմիայի, ֆիզիկայի, ռուսերենի, անգլերենի ուսուցիչների ճիշտ եւ ճիշտ ձայներով, շարժումներով, ժեստերով: Հայերենի ուսուցչուհիս ծիծաղում ու ծիծաղում էր, մեկ էլ լսվեց. «քարս շարժվում է, քարս շարժվեց»: Նրա երիկամի քարը շարժվել էր եւ նրան տեղափոխեցին հիվանդանոց: Հրաշալի հեքիաթ է մանկություն ասվածը: Գունեղ, անհավանական, լուսեղ, գունավոր ու թրթռուն: Ու երբ այդ հեքիաթին մոտենում եմ՝ նորից այն շարունակվում է…
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ– Ասում են՝ 3 տարեկանից սկսած հանձն եմ առել մեր նորակառույց տան \"\"ճերմակ պատերը նկարազարդելու գործը, եւ նատյուրմորտային հակումներով՝ սունկ ու ծաղիկով պատել դրանք: Բայց ինձանից նկարիչ դուրս չեկավ, ու քանի որ ատամհատիկին գրիչ էի վերցրել բազմաթիվ առարկաներից, հավանաբար կանխորոշված էր, որ սկզբում ուսուցիչ պիտի աշխատեմ, հետո լրագրող: Հիշում եմ՝ 5 տարեկան էի, երբ ինձ գյուղ տարան: Տատիկս անհանգստանում էր, քանի որ ոտաբոբիկ էի խաղում ու թեթեւ էի հագնված, անընդհատ կանչում էր: Ես էլ չէի ուզում տուն գալ, որովհետեւ այգում փոքրիկ վայրի մանուշակներ էի հավաքում՝ եղինջներից ծակծկվելով: Մեկ էլ տատիկս որոշեց ավելի խիստ լինել ու կանչեց՝ «Աղջի Գոհար, բավական է, տուն արի, որ չմրսես»: Ես շատ վիրավորվեցի այդ բառից ու անգամ մի քանի ժամ լաց եղա: Երբ փորձում էին հանգստացնել, ասում էի՝ «Բա ես աղջի ե՞մ, աղջին շուկայում արեւածաղիկ է վաճառում»: Մի անգամ էլ հիասթափվեցի Ձմեռ պապիկից, երբ ներկայացման ժամանակ նկատեցի, որ նրա կարմիր մուշտակի տակից երեւում է ջինսը: Ամենասարսափելին այն էր, որ «բարի պապիկը» իր գավազանով հետ էր հրում բեմին մոտեցած փոքրիկ տղաներին՝ «արա, մի քիչ հեռու գնացեք» ասելով: Ամաչկոտ երեխա էի, բայց բեմ վազեցի, որ պոկեմ նրա կեղծ մորուքը, մորաքույրս, սակայն, կանխեց «խուլիգանական» ոտնձգությունս հեքիաթի հերոսի հանդեպ:
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ- Երեխայի նախադպրոցական կրթության հարցում իմ ծնողները բացառություն \"\"չէին եւ երբ թամամեց 2,5-ս, ինձ մանկապարտեզ տանելու որոշում կայացրին: Մինչ այդ՝ հիմնականում տատս էր խնամում ինձ: Մանկապարտեզ հաճախելու առաջին րոպեները դուրեկան էին՝ ինձ զուգել-զարդարել էին, նույնիսկ որոշ «չի կարելի»-ներ էին այդ օրը թույլատրել: Բայց երբ բախվեցի դառը իրականության հետ՝ այլ բան չէր մնում անել, քան լաց լինել: Հաջորդ օրերին, երբ հասկացա, որ լացով գործս առաջ չեմ տանի, որոշեցի հնարամտությամբ հարցը կարգավորել: Մեր մանկապարտեզը եւ դպրոցը, որտեղ մայրս էր աշխատում, բավականին մոտ են գտնվում: Ամեն առավոտ մայրս ինձ կաշառում էր դպրոցի բուֆետից գնած թարմ չամիչով բուլկիով, որպեսզի մնամ մանկապարտեզում: Այդ օրը որոշեցի հանցավոր համաձայնության գալ մի տղայի հետ, ով միշտ մեծ ախորժակով էր նայում այդ բուլկիներին. բուլկիս նվիրեցի նրան՝ պայմանով, որ կօգնի ինձ բացել մանկապարտեզի պարսպի փականը, որպեսզի ես փախչեմ: Մեր պլանը բավականին հաջող գլուխ բերեցինք, բայց այն պահին, երբ հրաժեշտ էի տալիս հանցակցիս, մանկապարտեզի դաստիարակչուհին հասկացավ ինչն ինչոց է եւ կանխեց փախուստը: Մանկապարտեզ հաճախելու իմ ոդիսականը տեւեց ընդամենը երկու շաբաթ, իսկ անհաջող փախուստից հետո տատս ինձ նորից իր խնամքի տակ առավ:
ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ– Ես աշխույժ երեխա էի, ու որպեսզի օրերս հետաքրքիր անցնեին, ինձ տարան \"\"մանկապարտեզ, բայց ոչ թե ամենափոքրերի խումբ, որն ավելի հարմար էր իմ տարիքին, այլ՝ մեծերի: Ծանոթով ընդունեցին, բայց պայմանով, որ ինձ չքնեցնեն եւ շուտ գան տանելու: Բոլոր երեխաները քնում էին, ես՝ ոչ: Հետաքրքրասեր երեխա լինելով, շրջում էի ողջ մանկապարտեզով, զրուցում խոհարարի, դայակի, դաստիարակչուհիների հետ: Մեծերի հետ լավ էր, բայց համ էլ ուզում էի փոքրերի հետ խաղալ: Մի օր էլ խնդրեցի, որ ինձ նույնպես քնեցնեն մյուսների նման: Տարան, տեղավորեցին փոքրիկ մահճակալիս մեջ, ծածկեցին, ու իսկապես քունս տարավ: Նույնիսկ երազ տեսա, որը, սակայն, ընդհատվեց. հակառակի պես քույրս ժամանակից շուտ էր եկել ինձ տուն տանելու… Ի դեպ, մանկապարտեզի ավագ խմբում հայտնվելու արդյունքում մեկ տարի շուտ դպրոց գնացի…
Ամեն տարի Ձմեռ պապիկը նվեր էր դնում մեր դռան հետեւում ու ես զարմանում էի՝ ինչո՞ւ ոտքերի հետքերը ձյան վրա չեն երեւում: Մի անգամ էլ առավոտյան նվերը վերցնելիս ձյան վրա ոտնահետքեր տեսա ու աշխարհով մեկ եղա: Նվերը ձեռքիս՝ երջանկացած տուն մտա, ծնողներս տանը չէին: Քույրս ասաց, որ դրանք ծնողներիս ոտնահետքերն են: Այդ օրը մանկությունն ավարտվեց ինձ համար… Ես հիասթափված էի:
\"\"ՄԱՐԻՆԱ ՄԵՐՈՒԺԱՆՅԱՆ- Հենց մանկուց էլ եղել եմ հասկացող, խաղաղասեր, խղճով ու արդարամիտ:

 

 

 

 

 

 

ԱՐՄԻՆԵ ԳԵՎՈՐԳՅԱՆ- Իմ ծնվելուց հետո ծնողներս տեղափոխվել էին Ուկրաինայի Խարկով քաղաք: \"\"Հենց այս տարիքում՝ 4 տարեկան հասակում (նկարում) վերադարձանք Հայաստան:
Մի օր ականջովս ընկավ ծնողներիս զրույցը՝ նրանք երկմտանքի մեջ էին. մեր (իմ ու քրոջս) կրթությունը հայկակա՞ն լինի, թե՞ ռուսական: Այդ ժամանակ ես վատ էի խոսոււմ հայերեն, եւ իմ իմացած ռուսերենով ասացի՝ «Я – армянка, и я буду ходить только в армянскую школу»:

 

 

ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ– Չիմանաք, թե գեշ երեխա եմ եղել, դրա համար մանուկ ժամանակվա նկարս \"\"ցույց չեմ տալիս: Պարզապես ես իմ Գոռի հետ վերապրում եմ մանկությունս: Ժամանակին ծնողներս ստիպված էին ձեւական կողպեք դնել մեր դարպասի վրա, որպեսզի գոնե մի օր հարեւանները կարծեին, թե տանը չենք ու չգային կռվի: Երբ առաջին դասարանում էի, այբբենական հանդեսից առաջ ուսուցչուհիս ծնողական ժողով արեց, բոլորի մայրերն էին եկել, իմ՝ հայրը: Ասացին, որ պետք է շքանշաններ գնենք, հայրս ջենտլմենություն արեց ու խոստացավ բոլորի շքանշաններն ինքը գնել: Անցան օրեր, հայրիկս իր գործերով ընկած՝ մոռանում էր գնել, ու որպեսզի հորս անպարտաճանաչ չկարծեին, ստիպված ստում էի, թե մոռացել եմ բերել, թե դարակում թողեցի եւ այլն: Եկավ հանդեսի օրը, բայց դեռ շքանշանները չկային, ես խայտառակ էի լինելու ու տանը ժամերով մտածում էի, թե ինչ ասեմ ուսուցչուհուս: Այդ օրը հարեւանները մեր տանը սրճելիս պատմում էին, որ երկրաշարժից մեկի տան առաստաղն է փուլ եկել, մյուսը պատմում էր, որ բաղնիքի պատն է ճաքել: Ինձ թվաց, թե երկրաշարժն առանձին մարդկանց տներում է լինում, ուստի հանդեսից առաջ ուսուցչիս մի կողմ քաշեցի ու ասացի. «Երեկ մեր տանը երկրաշարժ էր եղել, պատը փուլ էր եկել, բոլոր շքանշանները կորել են»: Ուսուցիչս ոչինչ չասաց, ավելի ուշ իմացա, որ դա անեկդոտ էր դարձել դպրոցում:
ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ– 3 տարեկան էի, պապիկս ինձ համար Մոսկվայից շա՜տ գեղեցիկ ամառային \"\"զգեստ էր բերել: Այնքան էի հավանել, որ, կարելի է ասել, գիշեր-ցերեկ միայն այդ զգեստն էի հագնում: Առաջին մեկուկես ամիսը, երբ դեռ զգեստս թարմ էր, մայրս իմ «խաթրով» էր գնում եւ ամեն երեկո այն արագ-արագ լվանում էր, պատրաստում, որ առավոտյան հագնեմ, իսկ երբ զգեստը այդքան լվանալուց գույնը գցեց ու հնացավ, մայրս մի կերպ հանդուրժում էր, որ այն տանը հագնեի, բայց «տեղ գնալիս» պահանջում էր, որ այլ շոր հագնեմ, քանի որ իմ «թշվառ» տեսքի համար շատ էր ամաչում: Ես էլ այնքան էի կապվել զգեստիս հետ, որ ամեն անգամ, երբ ինձ փորձում էին ուրիշ շոր հագցնել, լաց էի լինում, հացադուլ անում, նույնիսկ հիվանդանում էի, մինչեւ որ իմ սիրելի զգեստը նորից հագցնում էին: Եվ այդպես 3 ամիս, ամեն օր, գիշեր-ցերեկ նույն զգեստն եմ հագել: Ցրտերն ընկան եւ ես հասկացա, որ պետք է վերջապես նրան հրաժեշտ տամ:
ԱՐԱՄ ԶԱՔԱՐՅԱՆ– Խորհրդային Հայաստանում 3 կոպեկ արժեքով փոքրիկ հացիկներ կային՝ իսկը \"\"փոքրիկ երեխայի բրդուջի համար: Մեր տանը դրանցից միշտ կար: Մի առավոտ, երբ տնեցիները նոր-նոր էին նախաճաշի պատրաստություն տեսնում, պարզվեց, որ իմ եւ եղբորս (փոքրը դեռ չէր ծնվել) սիրելի այդ հացիկներից միայն մեկ հատ կա: Բոլորի հետ խիստ ու արդարամիտ պապս հացը երկու կեսի բաժանեց: Ես ընդվզեցի՝ «Հի՞ տտրեցիր», որ նշանակում էր՝ «ինչո՞ւ կտրեցիր»: Եղբայրս արագ տեղի տվեց, իր բաժինը զիջեց ինձ, մերոնք բացատրում էին, որ մեկ ժամ անց այդ հացիկներից էլի կբերեն, բայց ես համառ էի ու անդրդվելի. «Հի՞ տտրեցիր» ու «հի՞ տտրեցիր»: Հայրս փորձեց հակամարտությունը խաղաղ միջոցներով կարգավորել, մայրս էր ինձ հետ բանակցում, բայց համառությանս պաշարը չէր նվազում (մենք արմատներով խոյեցի ենք, բայց պապս ու հայրս ծնվել են Վայոց ձորի մարզում): Նվազեց ու հատավ պապիս համբերությունը: Խիստ պապս ինձ տարավ խոհանոց, իր հզոր ափի մեջ դրեց իմ փոքրիկ թաթիկն ու մյուս ձեռքով մի քանի հզոր հարված հասցրեց թաթիկս: Ցավում էր, լալիս էի, բայց պապս իր «գործը» ավարտին հասցրեց ու ինձ ուղեկցեց հյուրասենյակ, ուր նախաճաշի սեղանը գցված էր, բայց ոչ ոք չէր մոտեցել: Մի քիչ լացեցի, բայց հետո կտրված հացի երկու կտորներն էլ ես կերա՝ մեղր ու կարագով: Դրանից հետո մի տեւական ժամանակ մեր խոհանոցը ինձ համար անցանկալի վայր էր…
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ– Մի անգամ, երբ 5 տարեկան էի, մայրիկիս հետ գնացել էինք Տիկնիկային \"\"թատրոն: Նա մշտապես ինձ նախապատրաստում էր ցանկացած իրավիճակի: Ուստի սովորեցրել էր, որ բնական կարիքի դեպքում, ինչ իրավիճակում էլ լինեմ, անպայման իրեն տեղյակ պահեմ: Եվ ահա, Տիկնիկային թատրոնում հանկարծ ու նման կարիք եմ ունենում, բայց մայրիկիս չեմ գտնում, քանի որ ծնողներին նստեցրել էին հետեւի շարքերում՝ երեխաներից հեռու: Ուստի չիմանալով ինչ անել, կանգնել եմ, շրջվել դեմքով դեպի հանդիսատեսը եւ գաղտնի, բայց ի լուր աշխարհի մայրիկիս տեղեկացրել իմ ցանկության մասին՝ մի լավ զվարճացնելով հանդիսատեսին… Ի դեպ, մանկական անմիջականությունն ու միամտությունը չէին խանգարում, որ նույն տարիքում հորաքրոջս խնդրեի՝ հայրիկիս համոզեր ինձ տասը տարեկանում ամուսնացնել:

 

ԼՈՒՍԻՆԵ ՇԱՀԲԱԶՅԱՆ- Չարաճճի, տղայական շարժուձեւով, մինչեւ անգամ հագուկապով աղջիկս \"\"բոլոր երեխաների պես ամեն առավոտ մանկապարտեզ չեմ գնացել, բակում չեմ խաղացել: Պարն էր խլում իմ ամբողջ ժամանակը… Հիշում եմ, երբ առաջին անգամ մեր պարային համույթը համերգ ունեցավ Երիտասարդական պալատում, առաջինը ում որոշեցի հրավիրել, դասղեկս էր: Մտածում էի՝ կգա կտեսնի՝ ինչ լավ եմ պարում ու 5-եր կդնի ինձ: Համերգի վերջում մոտեցա նրան, տարա մի կողմ եւ շատ ջերմ գրկեցի ու մի քանի րոպե բաց չթողեցի, այդ ընթացքում բոլորից թաքուն ականջին ասացի՝ ընկեր Ծատուրյան, ինձ 5-եր կնշանակեք, չէ՞: Ասաց՝ այո, Լուսինե ջան: Հաջորդ օրը այնպես հիասթափվեցի նրան այդքան ջերմ գրկելուս ու համերգիս հրավիրելու համար. 4 նշանակեց, էլի դժգոհելով ասաց, որ պարով եմ ապրում:
ՀԱՍՄԻԿ ԹՈՐՈՍՅԱՆ– Երեխա ժամանակ երգել շատ էի սիրում: Երգում էի անընդհատ, բակում, տանը, \"\"քրոջս հետ, փոքրիկ համերգներ էինք տալիս ծնողներիս եւ հարազատների համար: Ես եւ քույրս ամեն ձմեռ գնում էինք տատիկիս տուն սահնակով սահելու, որովհետեւ Մասիվում ձմեռը ձյունառատ է լինում, քան քաղաքի ավելի հարավային թաղամասերում: Սահելու հերթը հասավ մեզ, առաջինը սահելու հերթը քրոջինս էր՝ մեծի արտոնություններով, սակայն երկրորդ անգամ չարաշահելով իր կարգավիճակը՝ նա փորձում էր երկրորդն էլ իրենով անել: Ես սկսեցի լաց լինել, իսկ նա իբրեւ ինձ մխիթարելու համար ասաց. «Երգի եւ կթողնեմ այս անգամ դու սահես»: Ես կանգնեցի հենց սահահարթակի մեջտեղում եւ սկսեցի բարձր ձայնով երգել, առանց նայելու, որ վերեւից ինձ վրա սահնակ է սուրում: Չհասցրի աչքերս թարթել, երբ ես հայտնվեցի այդ սահնակի մեջ՝ անծանոթ տղաների գրկում:
ԱՆՈՒՇ ԽԵՉՈՅԱՆ- Ես ընտանիքում 3-րդ աղջիկն եմ, որքան էլ զարմանալի է՝ ինձ շատ էին երես \"\"տալիս, ինչի հետեւանքով չափազանց կամակոր երեխա էի դարձել: Շատ էի սիրում բակում խաղալ: Քույրերս ինձ ամեն օր մեծ դժվարությամբ էին բակից տուն վերադարձնում: Երբ մի օր էլ միջնեկ քույրս եկավ ինձ բակից տուն տանելու, ինչպես միշտ՝ սկսեցի կամակորություններս, բայց նա առանց դրան ուշադրություն դարձնելու, գրկեց ինձ ու մտցրեց վերելակ: Երբ հասանք մեր հարկ, նա դուրս եկավ, ինձ էլ կանչեց, բայց ես դուրս չեկա: Այդ ժամանակ ընդամենը 2 տարեկան էի եւ մեծ քաշ չունեի, վերելակի դռները փակվեցին ու ես շարժվեցի «անհայտ» ուղղությամբ: Մի քանի րոպեից, իհարկե, ինձ մեր հարեւանները վերադարձրեցին, սակայն հարազատներս արդեն հասցրել էին անհանգստանալ:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ- Երեխա ժամանակ ես ու եղբայրս միշտ կռիվ-կռիվ էինք խաղում: Դերերից ինձ \"\"միշտ բաժին էր ընկնում «ֆաշիստի» կերպարը, բայց՝ չգիտեմ ինչու, եղբայրս անունս միշտ դնում էր Ալյոշա: Դեռ մի կարգին նշան չբռնած՝ ես արդեն դիակ էի ձեւանում ու այդպես, իմ կարծիքով, ավելի ընդգծում կարմիր բանակի հզոր ուժը: Մի անգամ էլ այնքան էինք տարվել կռիվ-կռիվով, որ ես ու եղբայրս տան ողջ կարտոֆիլներն ու սոխերը, որպես ռումբ՝ իրար վրա էինք նետում: Հաշտություն կնքելուց հետո էլ ռումբ-կարտոֆիլները պատշգամբից սկսեցինք նետել դուրս՝ անցորդների, իբր «թուրքերի» գլխին: Մոտ մեկ պարկ կարտոֆիլով ու սոխով մենք «թուրքերի» մեծ բանակը ջախջախեցինք: Երբ մայրս հայտնաբերեց, որ մի պարկ կարտոֆիլից բան չի մնացել, հպարտությամբ պատմեցինք մեր արկածների մասին: Մայրս, իհարկե, մեզ պատժեց, բայց ռազմիկի ոգին չկոտրեց:
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ- Մանկությունս անցել է Կոմիտասում: Ես 4-5 տարեկան էի, բակի իմ \"\"հասակակից աղջիկների հետ որոշեցինք գնալ նրանցից մեկի տուն՝ տորթ թխելու: Տանը միայն ծեր տատիկն էր: Դե, սկսեցինք տորթ թխել… Չեմ հիշում, թխվածքն ի՞նչ համ ուներ, եփվա՞ծ էր, թե՝ ոչ, բայց երբ արդեն տուն էինք գնում, հարեւաններն ու մեր հարազատները մեկ-մեկ ընդառաջ էին գալիս մեզ ու գլուխները տարուբերելով ասում՝ որ ձերոնց աչքին երեւացել եք, է՜… մայրս էլ ապարդյուն որոնումներից անհանգստացած՝ ոստիկանություն էր դիմել՝ հայտնելով, թե կորել եմ: Վախեցա ու ամաչեցի. ծածուկ մտա տուն՝ ուղիղ անկողին: Առավոտյան մայրս հորս պատմում էր, թե նախորդ օրը ես իր հետ «պախկվոցի» եմ խաղացել ու էնքան լավ եմ թաքնվել, որ ինձ մինչեւ հիմա էլ չի գտել: Սիրտ արեցի, անկողնուց վեր կացա, «ծիկ» անելով հայտնվեցի ծնողներիս: Սպասածիս հակառակ՝ չպատժվեցի:

Մանկությունը բոլորին վերադարձրեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել