Ղարաբաղյան հիմնախնդրի վերջնական կարգավորումը սարերի հետեւում չէ: Երեկ այդպիսի կարծիք է հայտնել ՌԴ Պետդումայի նախագահ Բորիս Գրիզլովը՝ պատասխանելով «Արմինֆո»-ի հարցին: «Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը շատ զգայուն է: Սակայն այսօր Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարության միջեւ բանակցություններ են տարվում: Ես բավականաչափ ժամանակ եմ հատկացնում այդ իրավիճակի ծանոթացմանը եւ կարող եմ ասել, որ արդեն այսօր հակամարտության կարգավորմանն ուղղված հստակ եւ հասկանալի քայլեր են նկատվում»,- նշել է նա: Գրիզլովը նաեւ ավելացրել է, որ գոյություն ունի առաջիկայում իրավիճակի կարգավորմանն ուղղված անհրաժեշտ որոշումներ ընդունելու հեռանկար, որոնք առնչվում են թե’ ԼՂՀ կարգավիճակին, թե’ հարակից տարածքներին: