Լրահոս
Օրվա լրահոսը

Ընդդեմ ազգավնաս քաղաքականութեան

Հունիս 01,2010 00:00

 «Մեսրոպեան Ուխտ» լեզուապահպանական միութեան յայտարարութիւնը

Հանրապետութեան կրթութեան եւ գիտութեան նախարարի առաջարկով, վարչապետի հաւանութեամբ, նախապատրաստւում է ներկայիս գործող՝ «Լեզուի մասին» եւ «Հանրակրթութեան մասին» օրէնքներում կատարել փոփոխութիւններ՝ օտար լեզուներով հանրակրթական դպրոցներ բացելը օրինականացնելու նպատակով: Սահմանադրութեամբ եւ լեզուի մասին ներկայ օրէնքի համաձայն, հանրապետութեան դպրոցներում կրթութիւնն իրականացւում է միայն հայերէն լեզուով, միաժամանակ նոյն դպրոցում ուսուցելով նաեւ օտար լեզուներ: Հասկանալի է, որ առաջարկուող լրացումների հիմնական նպատակը ռուսական կրթութեանը առաւել տարածում տալն է, այն չհիմնաւորուած պատճառաբանութեամբ, որ հայկական կրթութեամբ հնարաւոր չէ զարգացած եւ հարուստ գիտելիքներով մասնագէտներ կամ գիտութեան գործիչներ պատրաստել: Այդ նպատակով նաեւ թոյլատրուելու է բացել մասնաւոր էլիտար դպրոցներ, որոնք, բացառուած չէ, որ կը ֆինանսաւորուեն Ռուսաստանից: Սա շարունակութիւնն է խորհրդային տարիներից մեզ յայտնի կոմունիստական կրթական այն քաղաքականութեան, ինչն այն ժամանակ յանգեցրեց կեանքի բոլոր ոլորտների ռուսականացմանը՝ սկսած պետական հաստատութիւնների ու մարմինների ռուսերէնով գրագրութիւններից ու հրահանգներից մինչեւ հիմնարկ-ձեռնարկութիւնների հաշուետւութիւնները, ծանուցող ցուցանակներից մինչեւ ճառերն ու ելոյթները, եւ այս բոլորը՝ ուղեկցուած հայկական դպրոցների թիւը աստիճանաբար նուազելու եւ ռուսականների թիւը գնալով աւելանալու միտումով, երբ ծնողները գերադասում էին ռուսական դպրոցը՝ իր զաւակի համար դիւրութեամբ պաշտօնի տիրանալու կամ հեշտ ապրուստ ապահովելու համար:
Ինչպէ՞ս բացատրել այս ամէնը, երբ նոյն կառավարութեան կազմում Սփիւռքի նախարարութիւնը ծրագրում է միջոցառումներ՝ սփիւռքի հայ դպրոցներում մայրենիի դասաւանդման որակը բարձրացնելու, երբ համաշխարհայնացման (գլոբալիզացիայի) պայմաններում ինքնութիւնը չկորցնելու, չձուլուելու եւ հայապահպանման համար լեզուապահպանական հարցերը համազգային հնչեղութեամբ գաղափարախօսութիւն եւ պետական քաղաքականութիւն են դարձել:
ԱՄՆ-ում գործող «Մեսրոպեան Ուխտ» լեզուապահպանական միութիւնը իր բողոքն է յայտնում այս ազգավնաս, հետեւանքները չգիտակցուած լեզուա-կրթական քաղաքականութեան առթիւ. կոչ է անում հայրենիքի եւ սփիւռքի հասարակական-քաղաքական, երիտասարդական կազմակերպութիւններին ու միութիւններին, գրողներին ու մտաւորականներին, անտարբեր չլինել այս հարցում եւ պաշտպանել մեր «լեզուական դատը»՝ յանուն մեր սերունդների հայեցի դաստիարակութեան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել