Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՐՔԱՆ ՓՈՐՁՈՒՄ ԵՆՔ ՀԵՌԱՆԱԼ, ԵՎՐՈՊԱՆ ԱՅԴՔԱՆ ՄՈՏԵՆՈՒՄ Է ՄԵԶ

Հունիս 01,2010 00:00

Նախկին խորհրդային 6 երկրներին ԵՄ-ն ուզում է ավելի կանխատեսելի դարձնել

Երեւանի մամուլի ակումբի եւ «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամի նախաձեռնությամբ մայիսի 29-30-ը Գյումրիում տեղի ունեցավ «ԵՄ-Հայաստան. ներկան եւ հեռանկարները» թեմայով սեմինար: Սեմինարի մասնակիցները համակարծիք էին, որ եվրոպական արժեքները մեզ համար հույժ կարեւոր են, եւ մեր հասարակությունը մի քիչ դանդաղ, բայց գնում է դեպի Եվրոպա: Արեւելյան գործընկերության (ԱԼԳ) ծրագրով Քաղաքացիական հասարակության համաժողովի անդամ, Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը պատկերավոր համեմատություն անելով՝ նշեց, որ Եվրամիությունը նման է փղի, դանդաղ է որոշում, բայց եթե որոշում է, հստակ քայլերով շարժվում է դեպի նպատակակետ:  Բ. Նավասարդյանը տեղեկացրեց, որ դեռ նախորդ տարի ստեղծված համաժողովին Հայաստանից անդամակցում է 21 կազմակերպություն: Եվրամիությունն արդեն շարժվում է ԱԼԳ  ծրագրով եւ իբրեւ նշանակետ ընտրել է վեց երկիր, որոնց փորձելու է դարձնել մոտավորապես ասոցիատիվ անդամ՝ այդպիսով այդ երկրներին դարձնելով առավել կանխատեսելի, հասկանալի եւ անվտանգ: Այդ վեց երկրներն են՝ Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, Ուկրաինան, Բելառուսը եւ Մոլդովան: Հայաստան-ԵՄ համագործակցության հիմքերը դրվել են դեռեւս 1996-ին, երբ ստորագրվեց Գործընկերության եւ համագործակցության համաձայնագիրը: Սակայն, ըստ բանախոսների, այս տարիների ընթացքում դեռ առավել հստակ չի, թե կոնկրետ Եվրամիությունը Հայաստանում ի՞նչ ծրագրեր է իրականացնելու: Բորիս Նավասարդյանը նշեց, որ ԵՄ-ի համար էլ առայժմ հստակ չէ, թե ինչ է ակնկալում Հայաստանը այս ծրագրից: Որոշակի խմբի հայ պաշտոնյաների հետ զրույցներից եւ քննարկումներից պարզ է դարձել, որ մերոնց առավել հետաքրքրում է ազատ տնտեսական գոտու ստեղծման հավանականությունը, ինչպես նաեւ մուտքի արտոնագրերի տրամադրման պայմանների հեշտացումը: Նշենք նաեւ, որ վերջերս որոշակի հարցումներ են կատարվել մարդկանց շրջանում, թե ինչ գիտեն Արեւելյան գործընկերության ծրագրի մասին: Հարցվողների մեծ մասը գրեթե ոչինչ չի իմացել, եւ հետաքրքիրն այն է, որ հարցին, թե ի՞նչ են ակնկալում այս գործընկերությունից, հարցվողների մեկ քառորդը ասել է՝ «Ղարաբաղի հարցի լուծում»: Իսկ սա, անշուշտ, նշանակում է, որ մեր հասարակությունը տեղեկություններ եւ պատկերացում չունի, թե ինչ է նշանակում այս ծրագիրը:
Սեմինարին մասնակցում էին բազմաթիվ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, լրագրողներ եւ ոչ մի պաշտոնյա: Պաշտոնյաները «ժամանակ չէին ունեցել» գալու եւ խոսելու այդ կարեւոր հարցի մասին, ներկայացնելու, թե պետության համապատասխան մարմինները ի՞նչ քայլեր են ձեռնարկում այս ծրագրի հաջողության համար կամ քայլեր ձեռնարկո՞ւմ են ընդհանրապես: Միակը ԱԺ պատգամավոր Կորյուն Նահապետյանն էր, ով հանգամանալից ներկայացրեց ծրագիրը եւ դրանից բխող հետեւանքները։ Պարոն Նահապետյանի հետ «Առավոտի» հարցազրույցը կարդացեք վաղվա համարում:
«Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը նկատեց, որ որքան մենք փորձում ենք հեռանալ Եվրոպայից, այնքան Եվրոպան մոտենում է մեզ: Փորձագետ Էմին Դանիելյանը հայտնեց հետեւյալը՝ եվրոպական պաշտոնյաները ասում են, թե այդ վեց երկրներից յուրաքանչյուրն ինքն է որոշելու, թե կոնկրետ ինչ բնույթի համագործակցություն է լինելու, բայց կա երկու հիմնական բաղադրիչ՝ ազատ առեւտրի դաշտը եւ վիզաների տրամադրման հեշտացումը ու հետագայում առանց վիզաների հնարավորությունները։ Սա, իհարկե, մոտ ապագայի հարց չէ, հատկապես Հայաստանի դեպքում: Ըստ բանախոսի, Հայաստանն արդեն մի քանի տարի է, ինչ ԵՄ-ի հետ ունի ազատ առեւտրի գոտի, ԵՄ-ն Հայաստանի գլխավոր առեւտրային գործընկերն է, արտահանման գլխավոր շուկան, դրամային առումով մենք ԵՄ-ի հետ ենք ավելի շատ առեւտուր անում, քան ՌԴ-ի: Սակայն այս երկու հարցերի կարգավորման համար բավականին լուրջ գործ կա անելու, եւ օրենսդրությունը պետք է փոխվի, եւ այլ հարցեր։ Այս հարցերի լուծման համար ԵՄ-ն արդեն խոստացել է 32 միլիոն եվրո հատկացնել այն կառույցներին, որոնք զբաղվում են առեւտրի գործերով եւ վիզաների հարցերով։ Հարց հնչեց՝ այս ծրագրի շրջանակներում գործելով, այս գործընթացի արդյունքում Հայաստանը ժողովրդավարական կդառնա՞, թե՞ ոչ, կամ՝ արդյոք ԵՄ-ն լուրջ ճնշումնե՞ր է գործադրելու ժողովրդավարության, մարդու իրավունքների հարցերի կարգավորման պահանջով: Ի պատասխան հնչեց, որ ճնշումների մասին չէ խոսքը, այլ՝ գործընկերության, որի արդյունքում մեզանում կձեւավորվի քաղաքացիական հասարակություն, եւ որը կկարողանա ազատորեն պաշտպանել իր իրավունքները եւ կատարել իր պարտականություններն այնպես, ինչպես տեղի է ունենում զարգացած եվրոպական երկրներում: Ի դեպ, ծրագրի ամենից շահագրգիռ կողմը Լեհաստանն է: Ինչո՞ւ: Պատասխանները տարբեր են՝ նպատակ ունի Ուկրաինային մերձենալու, Ուկրաինան ՌԴ-ից պոկելու եւ այլն, իսկ թե ինչու են այս ցուցակում մտել Հայաստանը եւ Ադրբեջանը՝ դեռ պարզ չէ: ՀՀ պաշտոնյաներից մեկը, որի անունը չնշվեց, հույս է հայտնել՝ ամենառեալ բանը, որ կարող ենք ստանալ այդ ծրագրից, ինստիտուցիոնալ բարեփոխումներն են եւ Հայաստանի Հանրապետության ավելի եվրոպականացումը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել