Լրահոս
Օրվա լրահոսը

«Կանաչ դպրոց» եւ լրագրություն

Հունիս 01,2010 00:00

Ապրիլի 20-ին՝ «Կանաչ դպրոց» եւ «Կանաչ ավտոբուս» հրապարակմամբ տեղեկացրել ենք, որ Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը, իր գլխավոր գործընկեր «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի հետ համատեղ, շարունակում է «Կանաչ սերունդ- 2010» քարոզարշավը, որի շրջանակներում Վանաձորում «Կանաչ դպրոց» ծրագիրն է իրականացվում:
Ծրագիրն իր շուրջն է համախմբել բազմաթիվ դպրոցականների՝ հնարավորություն տալով նրանց դրսեւորվել որպես առողջ ապրելակերպի կողմնակից եւ նախաձեռնող սերունդ:
Ծրագրի շրջանակներում Վանաձորի թիվ 10 դպրոցի աշակերտները պլաստիկ շշեր եւ թղթի թափոն են հավաքել, հանձնել «Արեւորդի» էկոակումբին, որն էլ իր հերթին թափոնը հանձնելու է վերամշակման ընկերություն: Թափոնի դիմաց ստացած գումարով դպրոցը ձեռք կբերի տնկիներ եւ կկանաչապատի դպրոցի հարակից տարածքը: Ծրագիրը ավարտվելու է նոյեմբերին: Նախագծի հովանավոր «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը տարբեր մրցանակներով խրախուսելու է մեծ քանակությամբ թափոն հավաքած աշակերտներին:
Այսօր՝ «Կանաչ դպրոցի» մեկնարկից մեկ ամիս անց, աշակերտներն ավելի քան կես տոննա թափոն են հավաքել: «Սա առաջին միջոցառումն է, եւ շատ ոգեւորիչ ու հաճելի է, որ Վանաձորում երեխաները այն գիտակցությունն ունեն, որ շրջակա միջավայրը խնայել ու պահպանել է պետք: Նրանք գիտակցում են, որ իրենց ապագան պետք է մաքուր լինի»,- ասում է Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի աշխատակից Սերգեյ Զաքարյանը:
Թիվ 10 դպրոցի ութերորդ դասարանի աշակերտ Մանե Նալբանդյանն էլ ասաց. «Երբ այս ակցիայի մասին իմացանք, մեծ շահագրգռվածությամբ մասնակցեցինք, համոզված ենք, որ նման նախաձեռնությունից հետո շրջակա միջավայրը մաքուր պահելն այնքան էլ դժվար չէ»:
«Արեւորդի» էկոակումբի սաները «Կանաչ դպրոցի» մեկնարկին զուգահեռ՝ ապրիլից հաճախում են լրագրության եւ օպերատորական դասերի, ծանոթանում են ԶԼՄ-ների աշխատանքի մասնագիտական հմտություններին, սեփական նախաձեռնությամբ նյութեր են պատրաստում, որոնք հեռարձակվում են Վանաձորի «ՄԻԳ» հեռուստաընկերության եթերով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել