Շիրակի մարզի առաջին մշակութային փառատոնը ավարտվեց
Այս տարվա փետրվարին Շիրակի մարզպետարանի նախաձեռնությամբ մարզում մեկնարկեց «Արվեստաց շտեմարան» խորագրով մարզային մշակութային փառատոնը: Նպատակը՝ հայտնաբերել մարզի տաղանդավոր եւ շնորհաշատ երեխաներին: Հինգ փուլով անցկացված փառատոնի ամեն փուլը, ըստ նախաձեռնության հեղինակների, համընկավ հայոց տոմարացույցի որեւէ հիշարժան տոնակատարության կամ հիշատակի օրվան: Ախուրյանում՝ Կանանց միջազգային օրվան՝ Մարտի 8-ին, Արթիկում՝ Մայրության ու գեղեցկության տոնին՝ապրիլի 7-ին, Անիում՝ Հայոց մեծ եղեռնի 95-րդ տարելիցին՝ ապրիլի 24-ին, Աշոցքում եւ Ամասիայում՝ Շուշիի ազատագրման եւ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 65-ամյակին (մայիսի 8-9):
Փառատոնի գալա համերգը Գյումրու «Արագած» մարզամշակութային կենտրոնում էր եւ նվիրվեց Հայաստանի Հանրապետության եւ Երեխաների պաշտպանության միջազգային տոներին:
Շիրակի մարզպետարանից տեղեկացանք, որ «Արվեստաց շտեմարան» փառատոնին մասնակցել են մարզի 119 համայնքներից 46-ի դպրոցների եւ մշակութային օջախների մանկական երաժշտական, պարային խմբեր, երգչախմբեր եւ անհատ 430 կատարող:
Դպրոցներում երգչախմբային արվեստը զարգացնելու եւ փառատոնին ակտիվ մասնակցության համար պատվոգիր են ստացել Ախուրյանի, Կառնուտի, Արեւիկի, Հոռոմի, Հառիճի, Ձիթհանքովի եւ Գյումրու թիվ 1,7,27 դպրոցների երգչախմբերը: Լավագույն երգչախումբը՝ Գյումրու թիվ 20, 26, Արթիկի մանկական, Գյումրու «Իմպոռիթմ» վարժարանի եւ Սառնաղբյուրի միջնակարգ դպրոցների երգչախմբերն էին: «Երգի լավագույն կատարում» անվանակարգում հաղթող են ճանաչվել Աղինի, Արեւշատի, Մարմաշենի արվեստի, Գեղանիստի, Մայիսյանի եւ Գյումրու թիվ 7, 4, 28, 15, 2, 23, 40, 32, 1, 9 եւ Բալատոն վարժարանի սաները: «Լավագույն պարային կատարում» անվանակարգում հաղթել են Գյումրու թիվ 44, 21, 15, 20, 6, 33 եւ Սառնաղբյուրի դպրոցների սաները: Մարզում պարարվեստի զարգացմանը նպաստելու համար լավագույն պարի խումբ են ճանաչվել Արեւիկի, Մարալիկի թիվ 1, Աշոցքի, Ամասիայի արվեստի, Ախուրյանի թիվ 2, «Թռչունյան տան», Երազգավորսի դպրոցի մեծահասակների, Կապսի դպրոցի մեծահասակների, Աղինի, Հոռոմի մշակույթի տան, Գյումրու թիվ 42, 43, 27 դպրոցների պարի խմբերը: «Լավագույն ասմունք» անվանակարգում հաղթող են ճանաչվել Գյումրու թիվ 11, 27, 2, 4, 12, 26, 30, 38, Հացիկի, Երազգավորսի, Մայիսյանի, Ախուրյանի թիվ 2, Հայկավանի, Արեւշատի, Ձորակապի դպրոցականները: «Լավագույն երաժշտական գործիք» անվանակարգում հաղթող են ճանաչվել Գյումրու թիվ 19, 11, Երազգավորսի, Արթիկի, Մարալիկի եւ Մարմաշենի երաժշտական դպրոցների սաները: «Լավագույն գյուղական մշակութային դպրոց» ճանաչվեցին Սառնաղբյուրի, Ձորակապի, Ջրափիի, Աղինի, Պեմզաշենի, Աշոցքի, Ախուրյանի եւ Վահրամաբերդի արվեստի եւ մշակույթի կենտրոնները: Աշոցքի արվեստի դպրոցի աղջիկների պարի համույթն արժանացավ եւ ժյուրիի, եւ հանդիսատեսի հատուկ համակրանքին:
«Արվեստաց շտեմարանն» առաջինն էր, Շիրակի մարզպետարանը մտադիր է այն դարձնել ավանդական: