«Առավոտն» արդեն անդրադարձել է Արարատում (29.01.2010), Կոտայքում (05.02.2010), Լոռիում (12.02.2010) եւ Գեղարքունիքում (22.04.2010) մարզպետների եւ համայնքապետերի քաղաքական կենսագրություններին: Այսօր «հասել ենք» Տավուշ: Քաղաքական կուսակցությունների ակտիվության առումով ընդհանրություններ կան Լոռու եւ Տավուշի մարզերում՝ երկու մարզում էլ իր գերիշխանությունն է հաստատել ՀՀԿ-ն: 2008թ. նախագահական ընտրությունների ժամանակ տավուշցի ՀՀԿ-ականները, բացի ներկայիս խորհրդարանական կուսակցություններից, ուժեղ պայքար էին մղում նաեւ մարզում բավականին հզոր ընդդիմադիր քաղաքական թիմի դեմ: Խոսքը Լեւոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած ընդդիմության մասին է, քանի որ այս մարզն ունի իր առանձնահատկությունը. Տավուշից են ընդդիմության հայտնի դեմքերից Նիկոլ Փաշինյանը՝ մարզկենտրոն Իջեւանից, Արարատ Զուրաբյանը՝ Բերդավան համայնքից, եւ Վանո Սիրադեղյանը՝ Նոյեմբերյանի տարածաշրջանի Կոթի գյուղից: 2007 թվականի մայիսին կայացած ԱԺ ընտրությունների ժամանակ գրեթե նույն ուժերը ներկայացնող «Իմպիչմենտ» դաշինքն այս մարզում բավականին քիչ ձայներ էր հավաքել՝ 17475 քվե, այն դեպքում, երբ ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցությունը հավաքել էր 81048 քվե: Սակայն այլ էր պատկերը 2008 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ, երբ ընտրապայքարի դուրս եկավ ՀՀ առաջին նախագահը: Տավուշում քաղաքական ակտիվութուն սկսեցին ցուցաբերել ոչ միայն նշված ընդդիմադիր գործիչների հարազատները, բարեկամները, հարեւաններն ու համագյուղացիները, այլեւ մարդիկ, ովքեր Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանության տարիներին նաեւ Վանո Սիրադեղյանի աջակցությամբ տարբեր պաշտոններ էին զբաղեցնում՝ ոստիկանության համակարգում, պետական այլ կառույցների մարզային ճյուղերում կամ ընտրվել էին համայնքների ղեկավարներ: Նրանցից ոմանց համար սա ոչ թե գաղափարական, այլ իրենց կորցրած պաշտոնների վերադարձման հեռանկարի համար պայքար էր: Պատահական չէր, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբներից շատերում պատերից կախված էին ոչ թե նախագահի թեկնածուի, այլ հենց Վանո Սիրադեղյանի մեծացված լուսանկարները: Հատկապես Նոյեմբերյանի տարածաշրջանում դժվար էր ապահովել Սերժ Սարգսյանի հաղթանակը ու եղան համայնքներ, ուր արձանագրվեց Լեւոն Տեր-Պետրոսյանի հաղթանակը: Օրինակ՝ Նոյեմբերյան քաղաքում առաջին նախագահն ստացավ 1464 քվե, Սերժ Սարգսյանը՝ 800: Կոթի գյուղում՝ 601 քվե ստացավ առաջին նախագահը, Սերժ Սարգսյանը՝ 357: Լեւոն Տեր-Պետրոսյանը ձայների առավելություն ուներ նաեւ Ոսկեպար համայնքում: Մնացած համայնքներում, ըստ պաշտոնական տվյալների, առաջին տեղում էր Սերժ Սարգսյանը: Այգեձոր գյուղում, որն ունի «դաշնակ» գյուղի համբավ եւ անկուսակցական գյուղապետ, երկրորդ տեղում էր ՀՅԴ-ի թեկնածու Վահան Հովհաննիսյանը: Մարզկենտրոն Իջեւանում Սերժ Սարգսյանն ստացել էր 3872 քվե, Տեր-Պետրոսյանը՝ 2048: Տավուշի մարզային իշխանությունները անում էին այս ամենը՝ հանուն Սերժ Սարգսյանի հաղթանակի:
Այսօրվա դրությամբ Տավուշի մարզի 62 համայնքից 48-ն ունի ՀՀԿ-ական ղեկավար: Նավուր համայնքի գյուղապետ Արամ Նիգոյանը ԱԻՄ-ից է: Թեղուտը եւ Ջուջեւանը ղեկավարում են ՀՅԴ-ականներ, համապատասխանաբար՝ Գեւորգ Թամրազյանը եւ Ժորա Չիլինգարյանը: Մարզի միակ ԲՀԿ-ական ղեկավարը Ազատամուտի գյուղապետ Ժորա Մարտիրոսյանն է: Հաղթանակ համայնքի ղեկավարը «Հզոր հայրենիք» կուսակցությունից Վարդ Խաչատրյանն է: Մնացած 8 համայնքների ղեկավարները անկուսակցականներ են, այդ թվում՝ Կոթիի գյուղապետ Ֆելիքս Մելիքյանը, Նոյեմբերյանի քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանը, ով վերջին ընտրապայքարում հաղթեց անկուսակցական Գրիշա Մամյանին եւ ՀՀԿ-ական, իր ազգական Սերյոժա Ամիրաղյանին: Մարզկենտրոն Իջեւանի անկուսակցական քաղաքապետ Վարուժան Ներսիսյանին «բախտ» է վիճակվել միշտ ընտրապայքարի դուրս գալ բավականին ուժեղ մրցակիցների հետ եւ անցնել լարված նախընտրական թոհուբոհերի միջով: Չնայած դրան՝ նա վերընտրվեց չորրորդ անգամ:
Հանրապետականի հաղթարշավը, ինչպես Լոռու, այնպես էլ Տավուշի մարզում, պայմանավորված է նաեւ մարզպետի գործոնով: Մարզպետ Արմեն Ղուլարյանը 1996 թվականից ՀՀԿ անդամ է, արդեն ավելի քան 12 տարի ղեկավարում է մարզը, մինչ այդ եղել է Իջեւանի քաղաքապետ:
ՀՀ կառավարությունը անցած տարի հաստատեց ՀՀ մարզպետների գործունեության գնահատման չափորոշիչները: Չափորոշիչներ են ընտրված մարզի համայնքների բյուջեների կատարումը, մարզպետներին վերապահված վերահսկողական լիազորությունների լիարժեքությունը, մարզպետների կողմից տնտեսական զարգացման աջակցության մակարդակը, գյուղատնտեսության բնագավառում կատարված աշխատանքները, ոչ պետական միջոցներով սոցիալական ենթակառուցվածքների ոլորտում իրականացված աշխատանքների ծավալը եւ այլն: 2009-ի լավագույն մարզպետ ճանաչվեց Արմեն Ղուլարյանը («Առավոտ», 25.02.2010՝ «Գերազանցիկը» էլի Տավուշն է»):