Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՐՏԵ՞Ղ ՓՆՏՐԵԼ ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Հունիս 01,2010 00:00

Օրերս վարչական գործերով Գյումրու նստավայրի դատարանը (դատավոր՝ Էդիկ Նահապետյան) մերժեց 5 ընտանիքի (Սարգսյաններ, Պողոսյաններ, Գալոյաններ, Հովհաննիսյաններ, Պոլոյաններ) հայցը՝ Շիրակի մարզպետարանի եւ «Պրոգրես» համալսարան արտադրական կոոպերատիվի միջեւ 23.04.2002թ.
կնքած նվիրաբերության պայմանագիրը 350 քմ բնակելի շենքի մասով անվավեր ճանաչելու մասին:

Չնայած հանրապետության նախագահի, վարչապետի հորդորներին, որ երկրում արհեստականորեն չավելացվեն անօթեւանների թիվը, այդուհանդերձ, մեր տարբեր ատյանների դատարաններն այդպես էլ չեն կարողանում ելք գտնել Գյումրվա թնջուկից: Խնդիրը հետեւյալն է՝ նախկին մարզպետ Ֆելիքս Փիրումյանը 22.04.2002թ. «քավորի իրավունքով» շենքը մարդկանցով նվիրաբերել է սանիկին՝ Ռաֆիկ Զարզանդի Խաչատրյանին: Անշուշտ, հավատալու բան չէ, այդուհանդերձ, փաստը գրանցվել է եւ շուրջ 8,5 տարի է՝ արդարացի լուծման փորձ չի արվում, չնայած բնակիչների ներդրած մեծ ջանքերին: Խոսքը բազմիցս թմբկահարված Գյումրիի Խրիմյան Հայրիկի 59 հասցեի մասին է:

Գործի նախապատմությունը: Գորգով երեխային դուրս էին նետել
Հիշյալ հասցեի շենքը ժամանակին պատկանել է ՀՀ կապի նախարարությանը, ուր մինչ օրս օրդերներով գրանցված ապրում են կապի հանգույցի նախկին աշխատողները՝ իրենց ընտանիքներով ու ՀՀ կապույտ անձնագրերում էլ՝ գրանցման կնիքով: ՀՀ կառավարության 1998թ. փետրվարի 9-ի թիվ 81 որոշմամբ Շիրակի մարզպետարանի տնօրինությանն է հանձնվում Տիգրան Մեծի 1 հասցեի նախկին կապի հանգույցի շենքից 2050 քառ. մետրը, իսկ 350 քառ. մետրը (Խրիմյան Հայրիկի 59) մնում է կապի նախարարության տրամադրության տակ: Չար լեզուներն ասում են, որ ժամանակին կապի փոխնախարար Կարեն Ճշմարիտյանի թեթեւ ձեռքով նախարարության հաշվեկշռից միտումնավոր դուրս է մնում 350 քմ տարածքը (հասկանալի է, թե ինչ խոսուն նախապայմաններ են գործել- Դ. Ս.), հար եւ նման «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճը պահպանվող հուշարձանների ցուցակից դուրս թողնելուն: Ստանալով խորհրդային տարիներին ստեղծած հանրային անշարժ գույքը, մարզպետ Ֆելիքս Փիրումյանը յուրովի է տնօրինել (ճիշտ կլիներ՝ փոշիացնել բառը կիրառել) այն, չի վաճառում աճուրդով, այլ 23.04.2002 թվականին անշարժ գույքի նվիրաբերության պայմանագրով ընծայում է իր սանիկին՝ «Պրոգրես» համալսարանի ռեկտոր Ռաֆիկ Զարզանդի Խաչատրյանին: Վերջինիս անսահման ախորժակն այնքան է բացվում, որ փորձում է անմիջապես վերցնել պատկից՝ Խրիմյան Հայրիկի 59 շենքը (ուր 1978թ. գրանցված ապրում է 7 ընտանիք) ու հասնում զգալի հաջողության: Շենքի օրինական տերերից Ռ. Խաչատրյանը փորձում է ազատվել մաս-մաս, այդ նպատակով դիմում է Շիրակի մարզի առաջին ատյանի դատարան: Վերջինը 02.06.03-ին 2 ընտանիքի զբաղեցրած տարածքն ազատելու մասին վճիռ է կայացնում (դատավոր՝ Հ. Մովսիսյան): Միաժամանակ դատարանը պարտավորեցնում է Գյումրու քաղաքապետարանին՝ պատասխանող ընտանիքներին, որպես երկրաշարժից անօթեւան մնացածների, ընդգրկել արտահերթ բնակարան ստացողների ցուցակում եւ մինչեւ բնակարան հատկացնելը բնակտարածություն վարձակալելու նպատակով ամսական տալ 10 հազարական դրամ, ոչ ավելի, քան 2 տարի ժամանակով: Ենթադրելի է, թե ինչ է արժեցել դատարանի կողմից Ռ. Խաչատրյանի բիզնեսին ցուցաբերած հոգատարությունը: ՀՀ քաղաքացիների գործերով Վերաքննիչ դատարանը (դատավոր՝ Կատվալյան) Շիրակի մարզի առաջին ատյանի վճիռը 28.07.03թ. թողնում է անփոփոխ: 2003թ. սեպտեմբերի 5-ին հետեւում է ԴԱՀԿ-ի կողմից 2 ընտանիքներին փողոց շպրտելու գործընթացը ամենադաժան ձեւով՝ ծեծելով ու նվաստացնելով. այն աստիճան ոգեւորված են լինում հարկադիր կատարողները, որ պատից բազմոցի վրա իջնող գորգով փաթեթել էին 20 օրական քնած երեխային ու երկրորդ հարկի պատուհանից դուրս նետել, իսկ տեսարանից ուշաթափ մորը քաշքշելով դուրս են բերել տնից: Վայրագությունը կանխում է վրա հասած լրագրողների ներկայությունը: Թերհավատներին ասենք, որ հիշյալ անզուգական կադրերը գյումրեցիները պահպանում են ու տվել են մի շարք ղեկավար այրերի (դրանց դիտումը մեծ սառնասրտություն է պահանջում- Դ. Ս.): Նույն օրը վերաքննիչ դատարանից ժամանակավոր կասեցման թուղթ է բերվում ու դուրս նետած գույքը ներս տարվում: Դատական անօրեն վճիռները, բնականաբար, անընդունելի են Գյումրու քաղաքապետարանի համար եւ 08.09.03թ. գրությամբ փոխքաղաքապետ Գ. Մանուկյանը փաստում է, որ պատասխանողների բնակարանները չեն քանդվել երկրաշարժի հետեւանքով, բնակեցման համար պիտանի են, հետեւաբար նրանց հերթացուցակում ընդգրկելը անհնար է եւ այն չի բխում ՀՀ կառավարության 10.06.99թ. թիվ 432 որոշումից: Ի դեպ՝ նույն գրությամբ փաստվում է նաեւ, որ, ըստ ՀՀ ՍՊԱԾ ՀԲ-ի եզրակացության, շենքի վնասվածությունը գնահատվել է երրորդ աստիճանի ու այն թույլատրելի է բնակեցման՝ համաձայն ՀՀ սեյսմակայուն շինարարական նորմերի:
Երկրորդ վտարման թուղթը ստացվում է նոյեմբերի 27-ին: Բնակիչները մեծով-փոքրով գալիս են նախագահի նստավայր, կասեցվում է նաեւ այս վտարումը: Հաջորդ վտարման թուղթը ստացվում է 2004-ի հունիսին, այս անգամ աղետյալները գալիս են կառավարության դուռը: Խոստանում են, թե բնակարանները կսեփականաշնորհվի բնակիչներին: Ժամանակն ապացուցեց, որ յուրաքանչյուր խոստում սին էր ու փուչ: Կառավարությունը՝ ի դեմս Խաչատուր Վարդանյանի, Արթուր Ֆրանգուլյանի… ստանձնել էր կողմերի միջեւ ընդամենը անհաջող միջնորդի դեր՝ երկակի խաղերով, բնակիչներին «նվիրելով» անկախ աուդիտի 75 հազարական դրամի ծախսերը: Նրանք փորձում են բնակիչներին համոզել վերցնել Ռ. Խաչատրյանի առաջարկած փոխհատուցման աննշան գումարը, որով, ըստ գյումրեցիների՝ անգամ քաղաքի ծայրամասում «դոմիկ» չէին կարող գնել:

Այսօրվա դրությամբ…
Անօթեւան մնալու վախն ու սարսափը ահա 8,5 տարի հանգիստ չի տալիս գյումրեցիներին, նրանք բազմաթիվ դռներ են թակում իրենց խնդրին արդարացի լուծում տալու համար:
2009թ. սեպտեմբերին վարչական գործերով Գյումրու նստավայրի դատավոր Էդիկ Նահապետյանը երկրորդ հայցը՝ նվիրատվության պայմանագիրն ամբողջությամբ անվավեր ճանաչելու մասին, մերժել էր միանգամից: Մի քանի նիստերի ընթացքն այն աստիճան էր հուզել բնակիչներին, որ հերթականից հետո աղետյալ բնակիչներից Ֆելիքս Սարգսյանը, նիստից վերադառնալով, կնքել էր մահկանացուն՝ իրենից խլվող բնակարանում: Չանցած 3 ամիս, հերթական զոհը 5-րդ բնակարանի բնակիչ, 60-ը չբոլորած Վ. Պողոսյանն էր:
Սույն գործի առնչությամբ 2009թ. հուլիսին ուշագրավ մանրամասներ էր հայտնաբերել ՆԳՆ 6-րդ վարչությունը, որ ամենեւին չհետաքրքրեց վարչական դատարանին: Պեղելով 2002թ. ապրիլի 23 -ին կատարվածը, գտել են, որ հեռատես մարզպետը նախապես՝ նույն թվի ապրիլի սկզբին տեղեկանք է ներկայացրել Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանմանը, որ իբր Շիրակի մարզպետարանի տնօրինությանն է հանձնվել 3131 քմ տարածք: Երբ նրան հիշեցրել են կառավարության 1998թ. փետրվարի 9-ի թիվ 81 որոշման մասին, պրն Փիրումյանն արդարացել է, թե տեղյակ չի կառավարության հիշյալ որոշմանն ու հավելել՝ կներեք, թյուրիմացություն է եղել: Ի դեպ, վերջում Ֆ. Փիրումյանն իմաստուն եզրահանգումներ էր արել. «Ծանոթանալով ներկայացրած փաստաթղթերի հետ (խոսքը կառավարության 1998թ. փետրվարի 9-ի թիվ 81 որոշման մասին է), ակնհայտ է, որ 3131,82 քմ մակերեսը չի պատկանել մարզպետարանին եւ չէր կարող փոխանցվել այլ անձի: Ես գտնում եմ, որ նշված թյուրիմացությունը կարելի է շտկել նվիրաբերության պայմանագրում փոփոխություն կատարելու միջոցով՝ կողմերի համաձայնությամբ կամ դատարանի» (տես 14.08.09 թվի բացատրությունից):
Գյումրեցիներն այսօր էլ դատական ատյանների դռներին են. նվիրատվության պայմանագիրը՝ 420 քմ տարածքն (350 քմ-ն՝ բնակելի շենքի մասով, 70-ը շենքի նկուղային մասն է) անվավեր ճանաչելու պահանջով դիմել են վճռաբեկ դատարան: Արդյոք սա չի՞ դառնա հերթական անիմաստ շրջապտույտը, կհաղթանակի՞ արդարությունը այդուհանդերձ, բնակիչներն այս անգամ էլ խիստ վճռական են, որոշել են դուրս չգալ իրենց բնակարաններից, սեփականաշնորհել այն ու թույլ չտալ պարտակել փուլային հանցագործությունը եւ իրենց դատը պաշտպանել միջազգային դատարաններում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել