Լրահոս
Օրվա լրահոսը

ԾԽԱԽՈՏԻՑ ԱՎԵԼԻ ՇԱՏ ԵՆ ՄԱՀԱՆՈՒՄ

Հունիս 01,2010 00:00

Երեկ Ծխախոտի դեմ պայքարի համաշխարհային օրն էր: Առողջապահության համաշխարհային կազմակերպության անդամ բոլոր երկրները, որոնց թվում է նաեւ Հայաստանը, այս տարի ծխելու դեմ պայքարելու են «Սեռը եւ ծխախոտը. ուշադրություն դեպի կանայք» կարգախոսով: 2009-ի վիճակագրական տվյալների համաձայն, մեր երկրի մեծահասակ բնակչության 27%-ը կանոնավոր՝ ամենօրյա ծխող է: Կանոնավոր ծխողների 52%-ը տղամարդիկ են: 20 տարեկանից բարձր աշխատունակ տղամարդկանց 57.7%-ն է ծխող: Ամբողջ աշխարհում տարեկան 5 միլիոն մարդ մահանում է ծխախոտի օգտագործման հետեւանքով: Սա ավելի է, քանի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ից, տուբերկուլյոզից եւ մալարիայից մահվան բոլոր դեպքերը միասին վերցված: Ծխողների գերիշխող մասը ծխախոտի օգտագործումից առաջացած հիվանդությունների հետեւանքով մահանում է միջին տարիքում՝ 36-69 տարեկանում:
Երեկ օրվա առիթով, ՀՀ առողջապահության նախարարությունն էլ հաղորդագրություն էր տարածել, որտեղ մասնավորապես ասվում էր, որ ծխելու դեմ պայքարը Հայաստանի առողջապահության գերակա խնդիրներից է: Այս տարի ՀՀ կառավարությունը հաստատել է «Ծխելու դեմ պայքարի պետական ծրագիրը», որը նախատեսվում է իրականացնել 2010-2015թթ. ընթացքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել