Մոլդովայի իշխանություններն այսպիսի քամահրանքով են խոսում Մերձդնեստրի քաղաքացիների մասին, որոնք իրենց երկրից դուրս գալու համար 2, 3, անգամ 4 անձնագիր են պահում:
Փոխարտգործնախարար Ալեքսանդր Մալյարչուկը ԼՂՀ անկախությանը կողմ է:
Այս գորգը Արցախի նվերն է Մերձդնեստրին:
Լենինի արձանը Տիրասպոլում չեն շտապում ապամոնտաժել:
ԱՊՀ տարածքում չճանաչված հանրապետություններից մեկի՝ Մերձդնեստրի անկախությունը ճանաչելու շուրջ վերջին շրջանում խոսակցություններն ակտիվացել են: Եվ որքան էլ միջազգային հանրությունը պաշտպանում է Մոլդովայի տարածքային ամբողջականությունը, մոլդովացի քաղաքական գործիչներն էլ բացառում են այդ երկրամասի՝ Մոլդովայից անջատ լինելու հանգամանքը, Մերձդնեստրում միանգամայն այլ տրամադրություններ են տիրում, ինչը հուշում է, որ Մոլդովան այսօր ոչ մի կերպ չի վերահսկում իրավիճակը Մերձդնեստրում: Փոխարենն այստեղ խորհրդային ժամանակաշրջանին հատուկ գործելակերպով ակտիվ գործունեություն է ծավալում Ռուսաստանը: Մերձդնեստր մուտք գործող ցանկացած օտարերկրացի՝ տեղի իշխանությունների համար պոտենցիալ լրտես է դիտարկվում եւ մինչեւ երկրից մեկնելը՝ անվտանգության ծառայության աշխատակիցների հսկողության տակ է լինում: Սակայն եթե խորհրդային տարիներին ԿԳԲ-ն դա անում էր գերգաղտնի պայմաններում եւ «պոտենցիալ լրտեսն» այդ մասին չէր իմանում, ապա Մերձդնեստրի պարագայում անվտանգության աշխատակիցները չեն էլ թաքցնում, որ հետեւում են:
Մայիսի 23-29-ը «Եվրոպական հարեւանության լրագրական ցանց» ծրագրի կազմակերպիչների նախաձեռնությամբ Մոլդովա եւ Մերձդնեստր այցելած հայ, վրացի եւ ադրբեջանցի մի խումբ լրագրողներիս Մերձդնեստրի անվտանգության ծառայությունն այդպես էլ թույլ չտվեց տեղի բնակիչների հետ շփվել, փողոցներում հարցազրույցներ անցկացնել, լուսանկարել կամ տեսանկարահանել: Անվտանգության ծառայության պահանջներին չենթարկվելու դեպքում, լրագրողներիս ձերբակալություն էր սպասվում: Նշենք, որ լրագրողների խումբը Մոլդովա եւ Մերձդնեստր էր այցելել երկու երկրների միջեւ առկա կոնֆլիկտին ավելի մոտիկից ծանոթանալու: Եվ քանի որ լրագրողներս հնարավորություն չունեցանք հասարակ ժողովրդի հետ նույնպես շփվելու եւ նրանց կարծիքն իմանալու, ուստի ստիպված էինք բավարարվել միայն պաշտոնական տեսակետով:
Կովկասի լրագրողների հետ հանդիպման ժամանակ, երբ Մերձդնեստրի արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Անատոլովիչն ասաց, որ, ի տարբերություն Ղարաբաղի եւ Ադրբեջանի, Վրաստանի եւ Օսեթիայի, Մերձդնեստրի հարաբերությունները մոլդովացիների հետ բարիդրացիական են, եւ երկու երկրների ժողովուրդները ոչ միայն թշնամական վերաբերմունք չունեն միմյանց նկատմամբ, այլեւ մի շարք ապրանքների արտահանումն ու ներմուծումն իրականացվում է Մոլդովայի տարածքով, վրացի լրագրողներից մեկը հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է դա նրանց հաջողվում, քանի որ, վրացի լրագրողի հավաստմամբ, Վրաստանն էլ է դրան ձգտում: Ի պատասխան, Մերձդնեստրի արտգործնախարարն ասաց, որ ի տարբերություն հայերի, վրացիների եւ ադրբեջանցիների, իրենց հարցը ոչ թե ազգային, այլ զուտ տարածքային խնդիր է:
Մերձդնեստրի արտգործնախարարության շենքի ներսում նկատելով Արցախի խորհրդանիշ հանդիսացող տատիկ-պապիկի պատկերով գորգը, հայ լրագրողները փոխարտգործնախարարից հետաքրքրվեցին, թե ի՞նչ հարաբերություններ ունեն Արցախի հետ: Ա. Անատոլովիչն ասաց, որ իրենք «շատ լավ հարաբերություններ ունեն Արցախի հետ»: Ըստ նրա, վերջերս Արցախում կայացած խորհրդարանական ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով Մերձդնեստրից խումբ է մեկնել, իսկ թե ինչպիսի արդյունքներ են արձանագրել Մերձդնեստրի դիտորդները, պարոն Անատոլովիչը չհրապարակեց՝ ասելով, որ արդյունքները դեռ չեն ամփոփվել:
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի լրագրողն էլ Ալեքսանդր Անատոլովիչից հետաքրքրվեց, թե ի՞նչ դիրքորոշում ունի հետխորհրդային տարածքում մյուս 3 չճանաչված պետությունների վերաբերյալ եւ մասնավորապես՝ Արցախի: Նշենք, որ Մերձդնեստրը Հարավային Օսեթիայի եւ Աբխազիայի հետ ունի մի շարք համաձայնագրեր եւ այդ 3 պետությունները փոխադարձաբար ճանաչում են միմյանց: «Չնայած Լեռնային Ղարաբաղի եւ մեր միջեւ ստորագրված քաղաքական փաստաթղթերը շատ չեն, այդուհանդերձ, մենք աջակցում ենք Ղարաբաղի հետ հարարաբերությունների զարգացումը: Այսպիսով, մենք աջակցում ենք Լեռնային Ղարաբաղի անկախությանը»,-պատասխանեց նա:
Հարց հնչեց նաեւ Մոլդովայի օգտին լրտեսություն անելու մեղադրանքով Մերձդնեստրում ապրիլի 7-ից անազատության մեջ գտնվող հայազգի լրագրող Էռնեստ Վարդանյանի մասին: Հայ լրագրողների մտահոգություններին ի պատասխան, փոխարտգործնախարարը որեւէ հստակ բան չասաց, միայն հայտնեց, որ առայժմ քննություն է ընթանում, եւ իրավապահ մարմինները կպարզեն՝ Է. Վարդանյանը մեղավո՞ր է, թե՝ ոչ:
Մերձդնեստրում լույս տեսնող անկախ «Նոր թերթ»-ի խմբագիր Անդրեյ Սաֆոնովան էլ, Կովկասի լրագրողների հետ հանդիպման ժամանակ կրկին անդրադառնալով Է. Վարդանյանի ձերբակալության փաստին, ասաց, որ իրենք Մերձդնեստրի իշխանություններից պահանջել են, որպեսզի դատավարությունն ընթանա բաց դռների պայմաններում՝ բացառությամբ պետական գաղտնիք պարունակող փաստաթղթերի հրապարակման պահերից: Ըստ նրա, սակայն, առայժմ պարզ չէ, թե Էռնեստի դատավարությունը երբ է լինելու:
Այնուամենայնիվ, Կովկասի լրագրողները, թեկուզ «խուլ ու համր», բայց գոնե 1 ժամ հնարավորություն ունեցան մայրաքաղաք Տիրասպոլում շրջելու:
Չնայած Մոլդովայի իշխանությունների պահանջին, մի բան պարզ էր. Մերձդնեստրում տեղակայված ռուսական զորքերը մի լավ «տնավորվել» են եւ միտք էլ չունեն հեռանալու: Բացի այդ, այստեղ ամեն քայլափոխի խանութներում հիմնականում վաճառվում են ռուսական արտադրության ապրանքատեսակներ, խոշոր ձեռնարկություններն աշխատում են ռուսական ներդրումներով, Մերձդնեստրի բնակչությունը ՌԴ-ից գազը ստանում է անվճար, թոշակառուներն էլ յուրաքանչյուր ամիս իրենց պետության տված թոշակից բացի, Ռուսաստանից հավելյալ ստանում են $15: Նշենք, որ Մերձդնեստրում էթնիկ կազմը 30% բաղկացած է ռուսներից, 30%՝ ուկրաինացիներից, 30% էլ՝ մոլդովացիներից: Այստեղ, ճիշտ է, քիչ թվով, բայց հայեր էլ են բնակվում: Մերձդնեստրի բնակչության հիմնական խնդիրը անձնագիրն է. այստեղ շատերն ունեն 2, 3, անգամ 4 անձնագիր: Մեկը նրանք անվանում են ներքին օգտագործման, այսինքն՝ այդ անձնագիրն իրավական ուժ ունի միայն Մերձդնեստրում: Մոլդովա գնալու համար նրանք օգտագործում են մոլդովական անձնագիր, ՌԴ կամ մեկ այլ երկիր մեկնելու համար՝ ռուսական: