Ինչպես տեղեկացրել էինք մեր նախորդ համարում, Գյումրու քաղաքապետարանը կանաչ գոտիներից մեկը՝ Ոսկու շուկայի հարեւանությամբ գտնվող Արագած փողոցի 300,0 քմ տարածքը 99 տարով վարձակալության է հանձնել քաղաքացի Արտյոմ Անտիկյանին: Սա հարուցել էր Գյումրիի հ/կ-ների ներկայացուցիչների զայրույթը, որոնք բողոքներ են հղել տարբեր գերատեսչությունների՝ պնդելով, որ խախտվել է քաղաքի գլխավոր հատակագիծը: Ըստ բնապահպանների, այդ տարածքում իրավունք կա միայն տեղադրել մանրածախ առեւտրի խանութներ, տաղավարներ, կրպակներ, բայց՝ ոչ քարաշեն կառույցներ: Երեկ այս հարցի շուրջ մեզ պարզաբանումներ ներկայացրեց վարձակալ Արտյոմ Անտիկյանը՝ տրամադրելով նաեւ նախատեսված կառույցի էսքիզային հատակագիծը (տե՛ս լուսանկարում): Վերջինիս ասելով, հ/կ-ների բողոքն անտեղի է, քանի որ ինքը չի պատրաստվում օրենք խախտել ու կանաչ տարածքում քարաշեն կառույց տեղադրել, իր սպասարկման օբյեկտը լինելու է ապակեպատ, ժամանակավոր տաղավար: Ավելին, գնելով այդ տարածքը՝ ինքը պարտավորվել է որոշակի ներդրումներ կատարել ու տվյալ գոտու 75%-ը կանաչապատել: «Նախ ասեմ, որ կանաչ գոտին ես ամբողջությամբ չեմ վարձակալել, ինձ տրամադրվել է փոքր հատված՝ ՀՀ հողային օրենսգրքի 76 հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ կառուցապատման իրավունքով: Ես ոչ ծառ եմ կտրել, ոչ բնապահպանական միջավայրն եմ վնասել, իմ վարձակալած տարածքին հարակից ընդամենը երեք ծառեր կան, որոնք իրենց տեղում են, բնապահպանները արդեն եկել ու ստուգել են, միգուցե հ/կ-ներին անհանգստացրել է փորված հի՞մքը: Պարզաբանեմ, որ դա արվել է ընդամենը գործող ջրագծերի տեղափոխման համար: Որոշ ժամանակ անց կտեսնեն, որ ես իմ ներդրումը կկատարեմ տվյալ տարածքը իսկապես կանաչ գոտի դարձնելու համար: Մեկ անգամ եւս ասեմ, որ ոչ մի դեպքում չեմ շեղվի քաղաքաշինական նորմերից ու չեմ փչացնի քաղաքի ճարտարապետական տեսքը»,- հավաստիացրեց վարձակալը: