Լրահոս
Օրվա լրահոսը

«Միլանոն» դիմել է Եվրոդատարան

Հունիս 01,2010 00:00

Երեկ «Առավոտը» ստացել է «Միլանո» խանութի փոխտնօրեն Հովհաննես Ղուկասյանի նամակը, որում, մասնավորապես, գրված է. «Գերակա հանրային շահ ճանաչված «Օլիմպ» արտադրական կոոպերատիվին (Միլանո խանութ) պատկանող, Աբովյան 4 հասցեում գտնվող անշարժ գույքը, ինչպես նաեւ ապրանքային մնացորդները արդեն երեք ամիս է՝ ապօրինի կերպով առգրավվել են ԴԱՀԿ ապահովող ծառայության կողմից:ԴԱՀԿ ծառայությունն իր գործողությունները հիմնավորում է դատարանի կողմից տրված կատարողական թերթի պահանջներով, սակայն այդ նույն կատարողական թերթի պահանջներից է նաեւ պարտավորեցնել տվյալ տարածքի սեփականատեր «Օլիմպ» ԱԿ-ին եւ ձեռք բերող «ԱՎՈ Ֆ.Մ.Հ.» ՍՊ ընկերությանը կնքել օտարման պայմանագիր, ինչը, սակայն, մինչ օրս չի կատարվել:Օտարման պայմանագրի կնքումը անհնար է, քանի որ դատարանի վճռում կան անճշտություններ, եւ դա հիմնավորվել է նաեւ նոտարի կողմից տրված տեղեկանքով:Արդյունքում, «Օլիմպ» ԱԿ-ն չի կարողանում ստանալ նույնիսկ այն անհամարժեք դրամական փոխհատուցումը, որը սահմանել է դատարանը:Այսպիսով, «Օլիմպ» ԱԿ-ն արդեն երեք ամիս է՝ զրկված է մինչ օրս իրեն պատկանող տարածքում գործունեություն իրականացնելու հնարավորությունից, ինչպես նաեւ մեկ այլ վայրում իր բիզնեսը լիարժեք կազմակերպելու հնարավորությունից, քանի որ ԴԱՀԿ ծառայությունը չհիմնավորված կերպով դեռեւս չի վերադարձրել «Օլիմպ» ԱԿ-ի ապրանքային մնացորդների մեծ մասը:
Նույն կարգավիճակում է գտնվում նաեւ Արամի 24 հասցեում գտնվող «Օլիմպ» ԱԿ-ի փոխտնօրեն Հովհաննես Ղուկասյանին սեփականության իրավունքով պատկանող տունը:Տվյալ տանը արդեն երեք տարի է՝ ոչ ոք չի բնակվում, քանի որ տարածքում իրականացվող շինարարական աշխատանքների արդյունքում այն դարձել է վթարային:
Հ. Ղուկասյանը այսօր մեղադրվում է կեղծ ապրանքագրերով ապրանքների ներմուծման համար:«Օլիմպ» ԱԿ-ն ունի նաեւ հարկային պարտավորություն 17 մլն դրամի չափով, ինչի արդյունքում էլ ԴԱՀԿ ծառայությունը «Օլիմպ» ԱԿ-ից առգրավել է մոտ 40 մլն դրամ արժողությամբ ապրանքներ:
Տեղի ունեցող ապօրինությունների մասին բարձրաձայնել ենք եւ տեղյակ ենք պահել տարբեր պաշտոնյաների՝ ՀՀ նախագահին, ՀՀ վարչապետին, Ազգային ժողովի նախագահին, ՀՀ ոստիկանապետին, ՀՀ գլխավոր դատախազին, Մարդու իրավունքների պաշտպանին եւ այլն, սակայն մինչ օրս որեւէ արձագանք չի եղել:
«Օլիմպ» ԱԿ-ն այս բազմաթիվ ապօրինությունների արդյունքում արդեն ուղարկել է իր առաջին հայցը Մարդու իրավունքների Եվրոպական դատարան»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել