Շիրակի նորանշանակ մարզպետ Աշոտ Գիզիրյանը սկսել է աշխատանքի տեղավորել իր շրջապատին
Ստաժավոր ոստիկան, քրեակատարողական վարչության պետ Աշոտ Գիզիրյանի մարզպետ դառնալուն պես՝ լրագրողները նրան հուշեցին, որ փոխմարզպետներից մեկի աթոռը թափուր է: Ու չնայած Հանրապետական կուսակցությունը, մասնավորապես՝ նախկին փոխմարզպետ Բորիս Ալեքսանովը, անձնվեր պայքարում էր այդ աթոռի համար, սակայն պարոն Գիզիրյանն առիթը բաց չթողեց այն դասավորել իր հին ընկերոջ՝ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ, մասնագիտությամբ անասնաբույժ Սեյրան Պետրոսյանի համար: Վերջինս նոր անձ չէ Շիրակի մարզպետարանում, նա մարզպետ Արարատ Գոմցյանի օրոք եղել է մարզպետարանի քարտուղար, նույնիսկ մոտ մեկ տարի աշխատել է որպես մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար եւ, որ ամենակարեւորն է, ծնունդով շիրակցի է՝ Աշոցքի տարածաշրջանից: Թե ինչ փոփոխություններ կբերի նորանշանակ փոխմարզպետը Շիրակի մարզում՝ տեղաբնակների համար դժվար է կռահել: Սակայն մի բան պարզ է, որ Ս. Պետրոսյանին հրավիրել են հասարակ քաղաքացիների, գյուղապետերի ու հատկապես լրատվամիջոցների հետ լեզու գտնելու համար: Նորանշանակ փոխմարզպետին թե Շիրակի մարզում եւ թե մայրաքաղաքում բնութագրում են որպես աշխատասեր, զգուշավոր ու քաղաքակրթության նորմերին տիրապետող անձի: Եվ քանի որ Աշոտ Գիզիրյանը Շիրակի մարզ ոտք դնելուն պես դարձավ լրագրողների աչքի փուշը, քանի որ կիսասպառնալիքներով սկսեց իր պահանջները թելադրել անկախ լրատվամիջոցներին, հետեւաբար նորանշանակ մարզպետին «սեւ PR»-ից փրկելու համար հրավիրեցին բարեկիրթ ու փորձառու Սեյրան Պետրոսյանին: Քաջատեղյակների պնդմամբ, Գիզիրյանի եւ Պետրոսյանի ընկերությունը սկսվել է այն ժամանակ, երբ Սեյրան Պետրոսյանը Շիրակի մարզպետարանի քարտուղարն էր, Աշոտ Գիզիրյանը՝ ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետը: Մեր աղբյուրների տեղեկացնելով՝ Սեյրան Պետրոսյանին ՀՀ տնտեսական մրցակցության հանձնաժողովում աշխատանքի էր տեղավորել նույն Գիզիրյանը:
Փոխմարզպետի նշանակումը պարոն Գիզիրյանի նախաձեռնությամբ առաջին կադրային նշանակումն է. մարզպետարանի մեր աղբյուրների ասելով՝ կադրային փոփոխությունները սկսվելու են շատ շուտով: Մասնավորապես, նորանշանակ մարզպետը պատրաստվում է իր մարդկանցով փոխարինել հայեցողական պաշտոններ զբաղեցնող անձանց, այսինքն՝ մարզպետի խորհրդականներին, օգնականներին եւ այլն: Առայժմ, ըստ նույն աղբյուրների, մարզպետը, այսպես ասած, ուսումնասիրում է, թե ով ինչպես է աշխատում կամ, այլ կերպ ասած, ով ում բարեկամն է: Նա բնականաբար քաղծառայողներին աշխատանքից ազատել չի կարող, օրենքը թույլ չի տալիս, հետեւաբար եւ թույլ օղակ են դառնում մյուսները: Իմիջիայլոց, մարզպետը առաջին օրվանից սկսել է «թիկնապահներ» պահել, օրինակ՝ մարզպետարանցիների վերահսկողությունը, անցուդարձը վստահվել է մեկին, որին տեսնելիս աշխատակիցները այդպես էլ չեն կողմնորոշվում՝ մարզպետի օգնակա՞նն է, թե՞ ոչ: Նորանշանակ մարզպետը այլ փոփոխություններ եւս մտցրել է, մասնավորապես՝ կիսաքանդ, վերանորոգման մեջ գտնվող մարզպետարանի շենքում քաղաքացիների ու լրատվամիջոցների հետ սկսել են շփվել «մեկ պատուհանի» սկզբունքով: Պարոն Գիզիրյանի այս նորամուծությունը ի սրտե պաշտպանում են Շիրակի մարզպետարանի հասարակայնության հետ կապերի բաժնում՝ ասելով. «Դա նորություն չէ, եթե ուշադրություն դարձնեք, ցանկացած նախարարությունում այդ սկզբունքն է գործում, իսկ Շիրակի մարզպետարանը 1997-ից անցակետ է ունեցել՝ իր աշխատողով ու ոստիկանով: Սա ավելի քաղաքակիրթ ձեւ է, քաղաքացին կներկայանա, նախապես կասի՝ ում մոտ է բարձրանում, ինչ հարցով, եւ ոչ թե մենք հետեւից կընկնենք ու կբղավենք՝ ո՞ւր եք գնում»: Իսկ նորանշանակ մարզպետը չի՞ պատրաստվում, արդյոք, մարզպետարանի դռանը ոստիկան կարգել՝ մեր հարցին ի պատասխան՝ մարզպետարանից փոխանցում են, որ ոստիկանի դերում դեռ հին պահակն է:
Պարոն Գիզիրյանի նախկին ընկերներն էլ կատակում են, թե նա ոստիկանապետ եղած ժամանակ առանց թիկնապահների էր շրջում, ինչո՞ւ հանկարծ քաղաքացիական պաշտոնի անցնելիս սկսեց այդպես դողալ իր անվտանգության վրա: