Լրահոս
Օրվա լրահոսը

«ՉԵՐՅՈՄՈՒԽԱ 7»-Ը ՈՉՆՉԱՑՎԱԾ Է, ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆՆ՝ ԱՊԱՀՈՎՎԱԾ

Հունիս 01,2010 00:00

ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովը միայն մի դեպքում է «Մարտի 1»-ի ժամանակավոր հանձնաժողովի առաջարկը համարել կատարված եւ այդ հարցով մշտադիտարկումն՝ ավարտված:

\"\"

Արդեն հաղորդել ենք, որ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը հունիսի 7-ից սկսվող քառօրյա նիստերում ներկայացնելու է «Մարտի 1»-ի ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի եզրակացությունում ընդգրկված առաջարկությունների կատարման ընթացքի մշտադիտարկման արդյունքների մասին իր եզրակացությունը: Հանձնաժողովը մայիսի 27-ին հաստատել է այդ եզրակացությունը, որը կազմում է 117 էջ: Բուն եզրակացությունը 54 էջ է՝ մնացածը հավելվածներ են: Այս փաստաթղթի համաձայն՝ մշտական հանձնաժողովը մշտադիտարկմանը նվիրված 12 քննարկում է անցկացրել, որոնց ընթացքում հարցումներ են ուղղել ՀՀ կառավարությանը, ՀՀ հատուկ քննչական ծառայությանն ու ՀՀ ոստիկանությանը եւ քննարկել ստացված պատասխանները: Ըստ էության, եզրակացությունը կազմվել է հետեւյալ սկզբունքով՝ ժամանակավոր հանձնաժողովի արած առաջարկը, դրան տրված պատասխանը եւ մշտական հանձնաժողովի գնահատականը՝ առաջարկի կատարման վերաբերյալ:
Որոշ մեջբերումներ անենք, թե այդ պատասխանների վերաբերյալ ինչ եզրակացություններ են արվել: Ասենք, ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովն արձանագրել է, որ «ինչպես «Ոստիկանության մասին», այնպես էլ՝ «Ոստիկանության զորքերի մասին» ՀՀ օրենքներում բացակայում է «փշալար» հատուկ միջոցը, մինչդեռ այն գործնականում կիրառվում է»: Նաեւ արձանագրված է. «Փաստորեն ոստիկանության եւ ոստիկանության զորքերի սպառազինության մեջ փաստացի ընդգրկված զենքի տեսակներից միայն հրազենի, ինչպես նաեւ էլեկտրահարող սարքերի (կայծային պարպիչների) եւ արցունքաբեր գազի որոշ տեսակների՝ այն էլ որպես հատուկ միջոցներ, կիրառելու դեպքերն ու կարգն են սահմանված օրենքով: Ելնելով վերոգրյալից՝ հանձնաժողովը հատկապես կարեւորում է ոստիկանության եւ ոստիկանության զորքերի սպառազինության մեջ փաստացի ընդգրկված զենքի բոլոր տեսակները կիրառելու դեպքերն ու կարգն օրենքով նախատեսելը»: Հանձնաժողովն առաջարկել է «հատուկ միջոցներին ներկայացվող հիմնական չափորոշիչները սահմանել օրենքով՝ դրանք նախապես ուղարկելով միջազգային փորձաքննության»: Սակայն ՀՀ ոստիկանությունը նպատակահարմար է գտնում, որ «մարդու նկատմամբ գործադրվող հատուկ միջոցների՝ կիրառման համար թույլատրելի չափանիշները սահմանվեն ՀՀ առողջապահության նախարարի կողմից»:
«Մարտի 1»-ի ժամանակավոր հանձնաժողովն առաջարկել էր կատարել Ոստիկանության սպառազինության մեջ գտնվող հատուկ միջոցների տեխնիկական եւ որակական հատկանիշների ստուգում՝ որոշելու դրանց պիտանիությունը, եւ ոչնչացնել այդ չափանիշներին չհամապատասխանող բոլոր հատուկ միջոցները: Կառավարությունը տեղեկացրել է, որ իրականացվել է նման ստուգում, «ինչի արդյունքում ժամկետանց ու տեխնիկապես օգտագործման համար ոչ պիտանի հատուկ միջոցները սպառազինությունից դուրս են գրվել, իսկ հատուկ միջոցների որոշ տեսակներ (այդ թվում՝ «Չերյոմուխա-7» տեսակի) ընդհանրապես հանվել են ոստիկանության սպառազինության ցանկից»:
ԱԺ պետաիրավական հանձնաժողովն առաջարկել էր ներկայացնել լրացուցիչ տեղեկատվություն լրագրողների հետ աշխատանքի կազմակերպման ուղղությամբ ոստիկանության ծառայողների ձեռք բերած փորձի գործնական կիրառման վերաբերյալ: ՀՀ ոստիկանությունը պատասխանել է. «Լրագրողների հետ շփվելու ուղղությամբ վերջին ժամանակահատվածում իրականացված աշխատանքները տվել են դրական արդյունք: Չի արձանագրվել ոստիկանության ծառայողների կողմից լրագրողական գործունեությանը խոչընդոտելու ոչ մի դեպք»: Այս պնդումների վստահելիության փորձաքարը դարձավ երեկ տեղի ունեցածը, երբ Ազատության հրապարակից բերման ենթարկվեցին նաեւ լրագրողներ:
Վերջին օրերին կատարվածի հետ աղերսվում է եզրակացության նաեւ մեկ այլ դրույթ: «Մարտի 1»-ի հանձնաժողովն առաջարկել էր ապահովել, որ «ոստիկանության ծառայողները զանգվածային միջոցառումների ընթացքում ծառայություն իրականացնելիս պարտադիր կերպով կրեն ոստիկանության ծառայողական համազգեստ՝ զանգվածային միջոցառման մասնակիցների կողմից որպես ոստիկան ճանաչվելու համար»: Ի պատասխան՝ կառավարությունը տեղեկացրել էր, որ ոստիկանության ծառայողները «ծառայությունը (այդ թվում՝ զանգվածային միջոցառումների ընթացքում) կատարում են սահմանված ձեւի համազգեստով»: Մինչդեռ մայիսի 30-ին Վարդգես Գասպարիին պառկած վիճակում Ազատության հրապարակից դուրս բերող ոստիկանները քաղաքացիական հագուստներով էին: Ի դեպ, մշտական հանձնաժողովը համարել է, որ խնդրո առարկա առաջարկության կատարման ընթացքը «ամբողջովին չի բավարարում» ներկայացված պահանջներին:
Աննշան բացառություններով՝ բոլոր առաջարկներին էլ անդրադառնալու են ԱԺ պետաիրավական հանձնաժողովի հաջորդ եզրակացությունների քննարկման ժամանակ: Այսպես՝ ժամանակավոր հանձնաժողովն առաջարկել էր քննարկման առարկա դարձնել ու մշակել միջոցառումներ, որոնք ուղղված են ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի եւ «միջազգային կառույցների զեկույցներում ներկայացված՝ հանրապետության ներքին կյանքում, ժողովրդավարական համակարգում տեղ գտած բացասական դրսեւորումների վերացմանը»: Կառավարությունը սրան ընդհանրապես չի պատասխանել, ուստի շարունակվելու է այս առաջարկի մշտադիտարկումը:
Սակայն կան որոշ բացառություններ: «Մարտի 1»-ի հանձնաժողովն առաջարկել էր իրականացնել ԵԽԽՎ բանաձեւերով Հայաստանին ներկայացված առաջարկությունները: Եվ ահա ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովը եզրակացրել է. «ԵԽԽՎ 1609, 1620, 1643 եւ 1677 բանաձեւերով նախատեսված մի շարք դրույթներ գործնականում իրացվել են»:
Մի երկու առաջարկի մշտադիտարկում թերեւս այս մշտական հանձնաժողովն այլեւս չի իրականացնի: «Մարտի 1»-ի հանձնաժողովն առաջարկել էր «համակարգային, հետեւողական ու արդյունավետ պայքար ծավալել կոռուպցիայի դեմ»: Կառավարությունը տեղեկացրել է, որ մասնավորապես հաստատվել է «ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը եւ դրա իրականացման 2009-2012 թվականների միջոցառումների ծրագիրը»: Հանձնաժողովն էլ գտել է, թե այս միջոցառումների իրականացումն ապահովելու եւ սահմանված ցուցանիշներն արձանագրելու դեպքում «կարելի է համարել, որ պատշաճ քայլեր են կատարվել կոռուպցիայի դեմ պայքարում», ուստի առաջարկել է «նշված ծրագրով նախատեսված միջոցառումների կատարման ընթացքը Հանձնաժողովի կողմից իրականացվող մոնիթորինգի առարկա չդարձնել»: Կամ՝ ժամանակավոր հանձնաժողովն առաջարկել էր «ձեւավորել տնտեսության արդյունավետ ճյուղային կառուցվածք, իրագործել արտահանման կողմնորոշում ունեցող արդյունաբերական քաղաքականություն, տարածքային համաչափ զարգացում»: Եվ քանի որ այս առաջարկության կատարման ընթացքն ընդգրկում է կառավարության գործունեության զգալի հատվածը՝ հանձնաժողովն առաջարկում է դրա հետագա վերահսկողությունն իրականացնել «ԱԺ կանոնակարգով» նախատեսված կարգով՝ օրենսդրական նախագծերի, ինչպես նաեւ ծրագրերի, հաշվետվությունների եւ հաղորդումների քննարկման ընթացքում:
Միայն մի դեպքում է առաջարկության կատարման ընթացքը համարվել բավարար, իսկ այդ հարցով մշտադիտարկումն՝ ավարտված: Խոսքը ժամանակավոր հանձնաժողովի հետեւյալ առաջարկի մասին է. «Ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները՝ ապահովելու նախապատրաստվող օպերատիվ-հետախուզական միջոցառման գաղտնիությունը»: Իրավապահ մարմինների կողմից այս կապակցությամբ ձեռնարկվել են լրացուցիչ միջոցառումներ: Ուստի հաջորդ անգամ, եթե նրանք էլի որոշեն առավոտյան հարձակվել ցուցարարների վրա՝ հույս ունեն, թե նախապես չի լինի արտահոսք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել