Լրահոս
Օրվա լրահոսը

Փոխշահավետ համագործակցություն

Հունիս 01,2010 00:00

Հայ-խորվաթական բարեկամական կապերն ընդլայնվում են

Խորվաթիայի նախագահ Իվո Յոսիպովիչի հրավերով մայիսի 25-27-ը Խորվաթիայում էր գտնվում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորած պատվիրակությունը: Արդեն շուրջ 3 տարի է, ինչ բուռն զարգացում են ապրում հայ-խորվաթական կապերն ու հարաբերությունները: Այս ժամանակահատվածում տեղի են ունեցել բարձր մակարդակի փոխադարձ այցելություններ, ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ՝ տնտեսության կոնկրետ ոլորտներում համագործակցության վերաբերյալ:
Այսօր էլ, չնայած համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամին, մատնանշվում են գործարար համագործակցության նորանոր նախագծեր, որոնք քննարկվել են ԲՀԿ նախագահի՝ Խորվաթիա կատարած այցի շրջանակներում: Ավելին՝ հատկապես այս պայմաններում առավել քան կարեւորվել է համագործակցությունը երկու երկրների գործարարների միջեւ: Խորվաթիայի նախագահ Իվո Յոսիպովիչի հետ հանդիպման ընթացքում քննարկվել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: Մասնավորապես՝ պայմանավորվածություններ են ձեռք բերվել առեւտրատնտեսական շրջանառության ծավալների ընդլայնման, շինարարության, զբոսաշրջության ոլորտներում համագործակցության, ինչպես նաեւ հայկական արտադրատեսակների՝ խորվաթական շուկայում ավելի մեծ ներկայացվածության ապահովման վերաբերյալ: Խորվաթիայի նախագահը կարեւորել է հայ-խորվաթական հարաբերությունների զարգացման գործում Գագիկ Ծառուկյանի նշանակալի ավանդը: Իր հերթին, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահը, շնորհակալություն հայտնելով Խորվաթիայի նախագահին հրավերի համար, պատրաստակամություն է հայտնել շարունակելու սերտ համագործակցությունը եւ խորվաթ գործարարներին ընդունելու մեր երկրում: Երկու երկրների առաջատար բիզնես խմբերի փոխշահավետ համագործակցության հնարավորություններն այսօր արդեն իրական դաշտ են տեղափոխվել, ինչն ապագայում մեծապես կնպաստի հայ-խորվաթական գործարար կապերի էլ ավելի խորացմանն ու համագործակցության նոր ոլորտների ի հայտ գալուն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել