Ըստ ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովի՝ Սերժ Սարգսյանի եվրոպական այցից հետո սա առավել ընկալելի դարձավ նույն Եվրոպայի համար:
– ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Բելգիա կատարած իր այցի ընթացքում բավականին հետաքրքիր հայտարարություններ արեց, մասնավորապես նրա գրեթե բոլոր ելույթներից ակնհայտ էր, որ Հայաստանը ներկայանում է որպես եվրոպական արժեքների ջատագով եւ դեպի Եվրոպա ձգտող երկիր: Ձեր գնահատմամբ, որքանո՞վ օգտակար կլինի այս այցի արդյունքը մեր՝ եվրոպականացման ճանապարհին:
– ՀՀ նախագահի այցը Եվրոպայի քաղաքական մայրաքաղաք համարվող Բրյուսել շատ կարեւոր էր մեր պետության համար՝ թե՛ Հայաստան-ԵՄ, թե՛ Հայաստան-ՆԱՏՕ եւ թե՛ Հայաստան-Բելգիա հարաբերությունների համատեքստում: Սա եւս մեկ առիթ էր, որպեսզի նախագահը ե՛ւ արցախյան հիմնահարցի, ե՛ւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների, ե՛ւ Հայաստան-ԵՄ, ինչպես նաեւ եվրաինտեգրման հարցերի հետ կապված մեկ անգամ եւս հստակեցներ մեր պետության դիրքորոշումները: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի հետ հանդիպման ժամանակ նախագահը հստակ կարեւորեց Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությունը՝ դրական գնահատելով «Անհատական գործընկերության ծրագիրը», Հայաստան-ՆԱՏՕ զորավարժությունները, Հայաստանի խաղաղապահ ուժերի մասնակցությունը խաղաղարար գործողություններին, ինչը շատ կարեւոր է: Իր հերթին, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը բարձր գնահատեց Հայաստանի թե՛ զինված ուժերի, թե՛ քաղաքական ղեկավարության դերը:
– Ի՞նչ կտա այս այցը արցախյան հարցի կարգավորման ընթացքին, արդյոք այս այցը նպաստե՞ց, որ Հայաստանի եւ Ղարաբաղի դիրքորոշումը եվրոպացիներին առավել ընկալելի դառնա:
– Այո, նախագահը խոսեց նաեւ արցախյան հիմնահարցի մասին եւ նշեց, որ անթույլատրելի է խնդրի ռազմական լուծումը: Նաեւ ընդգծեց, որ այդ հարցում անելիք ունի նաեւ ՆԱՏՕ-ն, որը Եվրոպայի փաստացի միակ ռազմական բլոկն է եւ չպետք է թույլ տա, որ կողմերը ռազմական հռետորիկա գործածեն կամ հայտարարություններ անեն պատերազմի մասին: Սրանք շատ կարեւոր հարցեր են ոչ միայն մեր երկրի անվտանգության տեսանկյունից, այլեւ կարեւոր են տարածաշրջանային անվտանգության տեսանկյունից:
– Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոյի հետ հանդիպման ժամանակ քննարկվեցին ԵՄ-Հայաստան հարաբերությունները, ինչպես նաեւ՝ հարավկովկասյան երկրների ասոցացման խնդիրը, սրանք եւս կարեւոր հարցեր են. կա՞ կոնկրետություն, թե երբվանից մեր հասարակությունը կզգա այս քննարկումների ռեալ օգուտները:
– Եթե հիշում եք, հանդիպման վերջում տեղի ունեցած մամուլի ասուլիսում մեր երկրի նախագահը անդրադարձավ ԼՂ հիմնախնդրին եւ նշեց, որ այս հակամարտության հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափն այլընտրանք չպետք է ունենա: Ակնհայտ է, որ սա հստակ մեսիջ էր՝ ուղղված միջազգային հանրությանը, զգուշացում էր, որ Թուրքիան տեղ չունի եւ չպետք է ունենա Մինսկի խմբի համանախագահությունում: Նաեւ՝ եթե նկատեցիք, նույն միտքն արտահայտեց նաեւ Եվրահանձնաժողովի նախագահը: ՀՀ նախագահը նշեց նաեւ, որ կողմերը ոչ թե պետք է թատերականացված ներկայացումներ իրականացնեն, այլ իրական բանակցություններով զբաղվեն եւ ոչ թե իմիտացիա ստեղծեն:
Այդ մեսիջն ակնհայտորեն ուղղված էր Ադրբեջանին, որը հատկապես վերջին շրջանում գործ անելու փոխարեն՝ մեկը մյուսի հետեւից թատերականացված հայտարարություններ է անում, որոնք բանակցությունների հետ ընդհանրապես կապ չունեն:
– Հանդիպումների ժամանակ խոսք գնաց նաեւ ԼՂՀ-ում խորհրդարանական ընտրությունների մասին, ՀՀ նախագահը կարծես դիտողություն արեց եվրոպացիներին, որ չեն նկատում ժողովրդավարական գործընթացները Լեռնային Ղարաբաղում:
– Այո, նախագահն ընդգծեց, որ Արցախում ընտրություններն այլընտրանք չունեն: Արցախի ժողովուրդն իր ընտրությունը կատարել է եւ գնում է այն նույն ճանապարհով, որով գնում է Եվրոպան: Եվ մեզ համար եվրոպական արժեքները այլընտրանք չունեն, այսինքն՝ Արցախը հստակ գնում է ժողովրդավարության ուղով, եւ վաղ թե ուշ բոլորն էլ պետք է հաշվի նստեն այդ կարեւոր փաստի հետ: ԵՄ խորհրդի նախագահ Հերման Վան Ռամպոյեի հետ հանդիպման ժամանակ նախագահն անդրադարձավ Եվրոպական խորհրդարանի կողմից վերջերս ընդունված այն բանաձեւին, որի զեկուցողն էր բուլղարացի խորհրդարանական Կիրիլովը: Ինչպես հայտնի է, այնտեղ ԼՂՀ-ի հետ կապված անհեթեթ եւ շփոթմունք առաջացնող դրույթներ կային: Նախագահը նշեց, որ Ղարաբաղում մեզ պատերազմը պարտադրել են, եւ դա Ղարաբաղի ժողովրդին բնաջնջելու չհաջողված փորձ էր: Նախագահը հստակ նշեց, որ այստեղ կարեւորը պատճառահետեւանքային կապն է, եւ կարեւորագույն խնդիրը ԼՂՀ-ի ինքնորոշման իրավունքի իրացումն է, շեշտելով, որ առանց ինքնորոշման իրավունքի իրացման հնարավոր չի լինելու առաջընթաց արձանագրել: Եվրահանձնաժողովի փոխնախագահ տիկին Քեթրին Էշտոնի հետ հանդիպման ժամանակ ՀՀ նախագահը եւս մեկ անգամ շեշտեց, որ Հայաստանն ամեն ինչ անելու է եվրաինտեգրման գործընթացն առավել ակտիվացնելու համար: Նախագահը ողջ այցի ընթացքում, հանդիպումների ժամանակ ընդգծում էր, որ եվրոպական արժեքները Հայաստանում այլընտրանք չունեն, եւ Հայաստանն ինքն իր արժեքային համակարգով Եվրոպայի մաս է կազմում: