Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԵՏՔ Է ԱՆԴՐԱԴԱՌՆԱՆ ԶԵԿՈՒՅՑԻՆ

Հունիս 01,2010 00:00

 Պատճառաբանելով, որ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովին հանձնարարություն է տրված իրականացնել միայն «Մարտի 1»-ի ժամանակավոր հանձնաժողովի եզրակացությունում ընդգրկված առաջարկությունների կատարման ընթացքի մշտադիտարկում՝ Դավիթ Հարությունյանը բացասական էր պատասխանել այն հարցին, թե արդյոք իրենք կարո՞ղ են անդրադառնալ Փաստահավաք խմբի նախկին անդամների զեկույցին՝ «Բանակի ներգրավումն ու մասնակցությունը հետընտրական գործընթացներին եւ մարտի 1-2-ի իրադարձություններին»: Մինչդեռ ժամանակավոր հանձնաժողովի մի քանի նախկին անդամներ՝ այդ թվում եւ Արծվիկ Մինասյանը, հնարավոր էին համարել, որ ԱԺ պետաիրավական հանձնաժողովն ուսումնասիրի այդ զեկույցը: Այժմ պրն Մինասյանն անհամաձայնություն հայտնեց Դավիթ Հարությունյանի ներկայացրած պատճառաբանությանը. «Համակարծիք չեմ, եւ ահա թե ինչու: Նախ՝ ժամանակավոր հանձնաժողովի առաջարկությունների մի հսկայական բաժին վերաբերում է ժողովների եւ հանրահավաքների անցկացման օրենսդրական երաշխիքին, այդ թվում նաեւ՝ քաղաքացիների իրավունքի անխոչընդոտ իրականացմանը: Եվ եթե կա որեւէ գործոն կամ տեղեկատվություն, որը առնչվում է այդ համակարգին՝ անպայմանորեն պետք է դառնա մշտադիտարկման առարկա: 2-րդ պատճառը, որ չեմ ընդունում այդ մեկնաբանությունն՝ այն է, որ ժամանակավոր հանձնաժողովի առաջարկություններում հստակ ամրագրված է «Արտակարգ դրության» մասին օրենքի ընդունման անհրաժեշտությունը, որն էլ ուղղակիորեն առնչվում է նույն մեղադրանքին, որը ներկայումս հնչեցվում է՝ կապված արտակարգ դրության ժամանակ բանակի օգտագործման հետ: Եվ վերջապես 3-րդը՝ քրգործի վերաբերյալ տեղեկատվության հրապարակայնացումը ու նաեւ մշտադիտարկում իրականացնող հանձնաժողովի կողմից նշված ուղղությամբ աշխատանքներ կատարելը թե՛ ժամանակավոր հանձնաժողովի առաջարկությունների կարեւոր բաղկացուցիչն է եւ թե՛ նաեւ ԱԺ որոշմամբ՝ պետաիրավական հանձնաժողովին տրված իրավասությունների կարեւոր մասը: Էլի պատճառներ կարող եմ նշել, բայց կարծում եմ՝ այս 3 հիմնական փաստարկներն արդեն բավարար են, որ ԱԺ պետաիրավական հանձնաժողովը չփորձի պատճառներ որոնել՝ չկատարելու իր պարտականությունները»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել