Կիրակի օրը տեղի է ունեցել «Սարդարապատ» շարժման նախաձեռնության «Հայոց պետականության հրամայականը» խորագրով առաջին խորհրդաժողովը: Քննարկումների ընթացքում կարեւորվել է «նոր որակի առաջնորդող խմբի» ստեղծման անհրաժեշտությունը, որը «պետք է խարսխված լինի պետականության վերականգնման գործում հայակենտրոնության եւ սոցիալական արդարության սկզբունքների վրա՝ ստեղծելով առողջ քաղաքացիական հասարակություն, որն էլ կդառնա հզոր եւ միասնական Հայաստանի ստեղծման անհրաժեշտ հիմքը»: Քանի որ, ըստ խորհրդաժողովի մասնակիցների՝ «իշխող հակազգային ու հակապետական ռեժիմի պայմաններում արդար ընտրությունների անցկացումը անհնար է», ուստի նրանք առաջարկում են ստեղծել այլընտրանքային խորհրդարան: «Այն պետք է ապահովի հայաստանակենտրոնության սկզբունքին հավատարիմ մարդկանց եւ ուժերի համագործակցության դաշտը, ինչպես եւ առավել լայն բազմակարծություն եւ քաղաքացիական հասարակության բազմազանության հնարավորությունը: Ստեղծվելիք խորհրդարանը հիմք կհանդիսանա քաղաքական միջավայրի վերականգնման, քաղաքական ուժերի կայացման, նոր գաղափարների եւ մոտեցումների, ծրագրերի եւ մթնոլորտի բյուրեղացման համար՝ իբրեւ նոր Հայաստանի կայացման եւ հայկական պետականության զարգացման ուղենիշ»,- ասված է «Սարդարապատ» շարժման տարածած հաղորդագրության մեջ։