Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ԷԼԻ ԿԱՏԱՂԵԼ ԵՆ

Հունիս 01,2010 00:00

Երեկ 16 քաղաքացի բերման է ենթարկվել

\"\"
Այսպես բերման էին ենթարկում Դավիթ Քերամիջյանին:

Արդեն երեք օր է, ինչ Հայ ազգային կոնգրեսի երիտասարդական թեւի ներկայացուցիչներն ու Կոնգրեսի մի քանի տասնյակ ակտիվիստները փորձում են Ազատության հրապարակում բողոքի ակցիա՝ երկժամանոց նստացույց անցկացնել՝ պահանջելով ազատ արձակել քաղբանտարկյալներին ու կատարել ՄԻ Եվրոպական դատարանի՝ «Ա1+»-ի խախտված իրավունքները վերականգնելու եւ հեռուստաընկերությանը եթեր վերադարձնելու մասին որոշումը, հրաժարվել Հայաստանում օտարալեզու դպրոցներ բացելու պարտադրված նախաձեռնությունից: Մայիսի 29-ին եւ 30-ին «կարմիրբերետավորներն» ու քաղաքացիական հագուստով ոստիկանները, ի դեպ, դա օրենքի խախտում է, հարձակվել էին քաղաքացիների վրա՝ արգելելով նրանց մուտք գործել հրապարակի տարածք, հետո նրանց քաշքշելով հեռացրել էին՝ հետապնդելով մինչեւ Սարյանի արձանի մոտ:
Անցած երկու օրերի ընթացքում Ոստիկանության Կենտրոնի բաժին էին բերման ենթարկել նախկին քաղբանտարկյալ Վարդգես Գասպարիին, որին 6 հոգով գետնից պառկած դիրքով վերցրել ու թեւերից եւ ոտքերից բռնած հեռացրել էին հրապարակից, պառկեցրել ոստիկանական մեքենա, նաեւ ՀԱԿ երիտթեւի ներկայացուցիչներ, նախկին քաղկալանավոր Տիգրան Առաքելյանին, Սարգիս Գեւորգյանին, Վահագն Գեւորգյանին, Սերգեյ Կարապետյանին ու Կոնգրեսի արտաքին հարաբերությունների կապերի պատասխանատու Վլադիմիր Կարապետյանին: Մի քանի ժամ անց նրանց ազատ էին արձակել՝ այդպես էլ թույլ չտալով, որ փաստաբանները հանդիպեն նրանց հետ: Այս «օպերացիան» մայիսի 30-ին գլխավորել էր անձամբ Կենտրոնի բաժնի պետ Աշոտ Կարապետյանը, որը բերման ենթարկված Տ. Առաքելյանին հայտարարել էր՝ «մեկ է՝ չենք թողնելու հավաքվեք Ազատության հրապարակում, մի արեք»:
Երեկ՝ մայիսի 31-ին, ե՛ւ Ազատության հրապարակում, ե՛ւ Սարյանի արձանի մոտ «դեժա-վյու» էր: Ոստիկանական ուժերը դարձյալ մի քանի տասնյակ կարմիրբերետավորների ու քաղաքացիական հագուստով իրենց աշխատակիցների հետ հարձակվել ու ծեծի են ենթարկել արդեն Սարյանի արձանի մոտ քշված քաղաքացիներին՝ նրանց թույլ չտալով այս անգամ մտնել պուրակի տարածք: Նրանցից ամենաշատը տուժել էր երկու հոգի՝ Դավիթ Քերամիջյանը, որի հագուստները ոստիկաններն ուղղակի պատառոտելով, գետնին ընկած վիճակում հարվածելով՝ ուժի կիրառմամբ խցկեցին ոստիկանության մեքենան եւ 15 այլ քաղաքացիների հետ միասին բերման ենթարկեցին ոստիկանության բաժին: Ոստիկանության հետ բախման արդյունքում տուժել էր նաեւ մի փոքրամարմին կին՝ տիկին Սվետլանան: Նրա ձեռքն էր վնասվել, ասում էին՝ ջարդվել է: Երեկ ուշ երեկոյան նրան Ոստիկանության Կենտրոնի բաժնից շտապօգնության մեքենայով տեղափոխեցին հիվանդանոց:
Ոստիկանության բաժնի մոտ երեկ, մինչեւ ուշ երեկո, քաղաքացիների մի հոծ բազմություն, այդ թվում՝ բերման ենթարկվածների ծնողները, հավաքվել եւ պահանջում էր ազատ արձակել բերման ենթարկվածներին, որոնց թվում էին երեք լրագրողներ՝ Անի Գեւորգյանը, Սյուզան Պողոսյանն ու Լիլիթ Թադեւոսյանն ու ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը: Ոստիկանության բաժնի դիմաց տեղի ունեցողին հետեւում էին նաեւ ՀՀ ՄԻ պաշտպանի գրասենյակի արագ արձագանքման խմբի երկու աշխատակիցներ: Այստեղ էին նաեւ ՀԱԿ կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչները, այդ թվում՝ Ավետիս Ավագյանը, Վլադիմիր Կարապետյանը, Լեւոն Զուրաբյանը: Օրենքով սահմանված երեք ժամն արդեն վաղուց անցել էր, բայց բերման ենթարկվածները դեռ բաժնում էին պահվում՝ առանց փաստաբանների: Նրանցից երկուսին՝ Գիվի Հովհաննիսյանին եւ Վահե Հովսեփյանին, ավելի ուշ հաջողվեց մուտք գործել բաժին: Կոնգրեսի ակտիվիստները ընդամենը մի քանի րոպե հասցրին նստել ոստիկանության շենքի դիմաց, երբ բաժնի մի քանի տասնյակ աշխատակիցներ մոտեցան նստացույցի մասնակիցներին եւ պահանջեցին «բացել երթեւեկության» ճանապարհը, հետ շարք կազմեցին եւ Երեւանի ոստիկանապետի տեղակալ Ռոբերտ Մելքոնյանի կողմից հնչած առաջին իսկ հրամանով հարձակվեցին ոչ միայն նստածների, այլեւ կանգնած մարդկանց վրա ու մարդկանց հրելով՝ հեռացրին ոստիկանության շենքի տարածքից: Սկսվեց մի սարսափելի քաշքշուկ, աղմուկ եւ բղավոցներ, մարդիկ չէին հասցնում ետ նահանջել ու տրորում էին իրար: Ապարդյուն էին նաեւ հրմշտոցը կանխելու Ավետիս Ավագյանի, Վլադիմիր Կարապետյանի ու Լեւոն Զուրաբյանի փորձերը: Ոստիկանների կողմից մարդատյացության այդպիսի դրսեւորում, թերեւս, մեկ էլ «Մարտի 1»-ին էր հնարավոր եղել տեսնել:
Միայն ուշ երեկոյան, ժ. 22:30-ի կողմերը, ոստիկանության բաժին բերման ենթարկված 16 քաղաքացիներից 13-ին ազատ արձակեցին: Բաժնում մնացին երեքը՝ Քերամիջյան Դավիթը, լրագրող Անի Գեւորգյանն ու Սարգիս Գեւորգյանը: Իսկ ՀՀ Օմբուդսմենը հորդորում է «քաղաքացիներին զերծ մնալ հասարակական կարգը խախտող գործողություններից, պահպանել եւ հարգել այլոց իրավունքները, ազատությունները եւ արժանապատվությունը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել