Լրահոս
Օրվա լրահոսը

Արվեստի կենտրոնը՝ մանուկների համար

Մայիս 29,2010 00:00

Գաֆէսճեան արվեստի կենտրոնը հունիսի 1-ին կհյուրընկալի հազարավոր այցելուների՝ միասին տոնելու Երեխաների պաշտպանության միջազգային օրը Թամանյան պուրակում: Ավանդույթ դարձած այս միջոցառումը կներգրավի հազարավոր երեխաների եւ նրանց ծնողներին՝ մայրաքաղաքի բոլոր համայնքներից, ինչպես նաեւ հատուկ կարիքներով երեխաների եւ մանկատան սաների, որոնք կմիավորվեն «Աշխարհը քոնն է» կարգախոսի շուրջ:
Կազմակերպիչ-հովանավորներն են Գաֆէսճեան արվեստի կենտրոնը, «Հայաստանի պատանեկան նվաճումներ» եւ «Օրրան» բարեգործական-հասարակական կազմակերպությունները, «Վորլդ Վիժն Հայաստան», «Գրանդ Քենդի» ընկերությունները եւ Գեղագիտության ազգային կենտրոնը: Տոնախմբությունը կմեկնարկի ժամը 16-ին Գաֆէսճեան քանդակների պարտեզում՝ «Կարին» ավանդական երգ ու պարի անսամբլի տոնական մուտքով, որը հանրությանը կհամախմբի տոնական շուրջպարի ներքո: Գեղագիտության ազգային կենտրոնի սաների եւ ուսուցիչների օգնությամբ երեխաները հնարավորություն կունենան մասնակցելու ինտերակտիվ արվեստի խմբակների. նկարչություն, խեցեգործություն, ծաղիկների ձեւավորում, բատիկա, թխվածքաբլիթների ձեւավորում, իսկ տիկնիկային թատրոնը, զվարճալի ծաղրածուները եւ հեքիաթների սիրված հերոսները անսպառ ուրախություն կպարգեւեն փոքրիկ մասնակիցներին: «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության կողմից կներկայացվի երեխաների ձեռքերով պատրաստված աշխատանքների ցուցահանդես-վաճառքը, որից գոյացած հասույթը կնվիրաբերվի կարիքավոր երեխաներին: Դերասաններ Հրանտ Թոխատյանը եւ Լուիզա Ներսիսյանը կվարեն համերգային ծրագիրը, որի ընթացքում ելույթ կունենան սիրված երգիչներ եւ պարային խմբեր: Երեկոն կավարտվի շքեղ հրավառությամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել