Լրահոս
Օրվա լրահոսը

Երեխաների պաշտպանության միջազգային օրը

Մայիս 29,2010 00:00

Հունիսի 1-ին նշվում է Երեխաների պաշտպանության միջազգային օրը: Այդ օրը սահմանվել է 1925թ. Ժնեւում երեխաների պաշտպանության համար հրավիրված համաշխարհային կոնֆերանսի ընթացքում: Հստակ հայտնի չէ, թե ինչու է հունիսի 1-ն ընտրվել որպես Երեխաների պաշտպանության միջազգային օր, սակայն կա մի տեսություն, համաձայն որի՝ հունիսի 1-ը չին-ամերիկյան ծագում ունի եւ որեւէ առնչություն չունի կոմունիզմի հետ: 1925թ. Չինաստանի գլխավոր հյուպատոսը Սան Ֆրանցիսկոյում հավաքել էր չինացի մի քանի որբերի՝ մասնակցելու առասպելական թեւավոր վիշապի՝ դրակոնի նավի տոնակատարությանը, որն այդ տարի նշվում էր հունիսի 1-ին եւ համընկավ վերոհիշյալ կոնֆերանսի հետ: Այդ ժամանակվանից ի վեր Երեխաների պաշտպանության միջազգային օրը նշվում է բազմաթիվ, հատկապես՝ կոմունիստական երկրներում, իսկ արեւմտյան երկրներում սովորաբար նշվում է տարբեր օրերի: Ուստի, այն թյուրըմբռնումը կա, թե հունիսի 1-ը որպես Երեխաների պաշտպանության միջազգային օր՝ կոմունիստական հնարանք է: Այնուամենայնիվ, վերջին տարիներին անգամ Միացյալ Նահանգներում որոշ խմբեր սկսեցին նշել Երեխաների պաշտպանության միջազգային օրը՝ հունիսի 1-ին, այդ օրը ընդունված է որպես պաշտոնական օր: Ամերիկյան 30-ից ավելի նահանգներ նշում են հունիսի 1-ը՝ որպես Երեխաների պաշտպանության միջազգային օր:
Տոնի դրոշը ընդունված է տասնյակ նահանգներում: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան 1954թ. դեկտեմբերի 14-ի իր 836(IX) որոշմամբ հանձնարարեց սահմանել երեխաների համընդհանուր օր, որը պետք է նշվեր ամբողջ աշխարհում՝ որպես երեխաների եղբայրության եւ փոխըմբռնման օր: Խորհուրդ տրվեց, որ այդ օրն իրականացվի երեխաների բարեկեցությանն ուղղված գործունեություն: Ասամբլեան առաջարկեց, որը տոնը նշվի այն օրը եւ այնպես, ինչպես հարմար են գտնում երկրների կառավարությունները: 1959թ. նոյեմբերի 20-ին ՄԱԿ-ն ընդունեց Երեխաների իրավունքների հռչակագիրը, իսկ 1989թ.՝ Երեխաների իրավունքների կոնվենցիան: Միացյալ Նահանգներում Երեխաների պաշտպանության միջազգային օրը նշվում է հունիսի երկրորդ կիրակի օրը, այս տարի՝ հունիսի 13-ին, Ճապոնիայում, Չինաստանում, Թայվանում, Հոնկոնգում, Մակաուում, Կորեայում, Վիետնամում՝ մայիսի 5-ին, Հնդկաստանում՝ նոյեմբերի 14-ին:
Երեխաների պաշտպանության միջազգային օրվա դրոշը
Դրոշի կանաչ գույնը խորհրդանշում է աճ, ներդաշնակություն, թարմություն, պտղաբերություն եւ հարստություն: Երեխաները շրջապատված են աճի եւ զարգացման ունակությամբ եւ հնարավորությամբ, պետք է միայն ձգտել օգտվել դրանցից: Կարմիր եւ դեղին, սեւ եւ սպիտակ պատկերները խորհրդանշում են բազմազանություն եւ հանդուրժողականություն: Երեխաներն են խաղաղության եւ ռասայական, կրոնական, ֆիզիկական, մտավոր եւ սոցիալական բազմազանության հանդեպ հանդուրժողականության լծակները: Պատկերի ոտքերով ձեւավորված աստղը խորհրդանշում է լույսը, քանի որ երեխաներն են աշխարհի լույսը: Աստղի հինգ ծայրերը խորհրդանշում են մայրցամաքները:
Ճիշտ կենտրոնում գտնվող երկրագնդի պատկերը խորհրդանշում է մեր երկրային տունը եւ այնտեղ եղած բոլոր բարիքները, որ Աստված շնորհել է մեզ՝ իրար հետ կիսելու եւ միմյանց հարգելու համար: Պատկերները կլանող մանուշակագույն մեծ շրջանակը խորհրդանշում է խաղաղությունը եւ Աստծո անսահման սերը, ինչպես նաեւ այն միասնականությունը, որին կարելի է հասնել սիրո շնորհիվ: Մանուշակագույնը խորհրդանշում է վստահություն, հավատարմություն, իմաստնություն, բանականություն, հավատ, ճշմարտություն եւ դրախտ: Վերնամասի կապույտ պատկերը խորհրդանշում է Աստծուն՝ աշխարհի Արարչին: Աստված սիրում է բոլորին հավասարապես, եւ մարդիկ նույնպես պետք է ձգտեն Աստծո նման հավասարապես սիրել: Հենց այդպիսի սերն են խորհրդանշում տարբեր կողմեր ձգվող բազմագույն պատկերները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել