Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՒԶՈՒՄ ԵՆ ԱՌԱՆՁՆԱՆԱ՞Լ, ԹԵ՞…

Մայիս 29,2010 00:00

Հայաստանի էմոներն ու գոթերը «կեղծ» են

\"\"

Երեւանում վերջերս շատ են հանդիպում վառ վարդագույնի, մանուշակագույնի ու սեւի համադրությամբ զգեստներ հագած, վրաները՝ գունավոր, կլորիկ «զնաչոկներ» փակցրած՝ միանգամից աչքի ընկնող պատանիներ: Նրանք կրում են տարբեր տեսակի թեւկապեր, գոտիների վրա՝ արծաթագույն նախշեր, կտրված մատնածայրերով ձեռնոցներ ու «զնաչոկներով» զարդարված պայուսակ:
Երբեմն էլ կարելի է հանդիպել միայն սեւ ու ոչ սովորական զգեստներ (համադրում են հիմնականում կլասիկ եւ ռոքային ոճերը) կրող երիտասարդների, որոնք մեծ քանակությամբ աքսեսուարներ են կրում՝ սկսած ապարանջաններից ու վզնոցներից, մինչեւ մարմնի տարբեր մասերին անցկացրած օղեր. ունենում են նաեւ ամենասարսափելի տեսարաններով դաջվածքներ: Խոսքը էմոների ու գոթերի մասին է: Երիտասարդական էմո-ենթամշակույթի ներկայացուցիչներին, որոնք առաջացել են համանուն երաժշտական ոճի երկրպագուների բանակի հիման վրա, անվանում են էմո-կիդեր (emo + անգլ. kid՝ երեխա): Զգացմունքների արտահայտումը էմո-կիդերի գլխավոր կանոնն է: Նրանց առանձնացնում է ինքնաարտահայտումը, անարդարությանը դիմադրելը, առանձնահատուկ, զգայուն աշխարհընկալումը: Հաճախ էմոն խոցելի ու դեպրեսիվ է: Էմո-ենթամշակույթի հակառակորդները կարծում են, որ այն արմատավորում է դեպրեսիա եւ քարոզում ինքնասպանություն: Էմոների մազերը փակում են մուգ սեւ ներկած աչքը՝ հիմնականում ձախը: «Էմո»-ն էմոցիոնալ բառի կրճատումն է: Այս տերմինն առաջին անգամ օգտագործվել է 1985թ.: Այդպես անվանում էին երաժշտական խմբերին, որոնք սկսեցին նվագել տարօրինակ երաժշտություն՝ վոկալային տարրերով պանկ: Հենց այդ ժամանակ ի հայտ եկան էմոների գլխավոր հատկանիշները՝ դյուրազգացությունը եւ լիրիկան: 1990-ականներին «էմո» ոճը տարածվեց ամբողջ աշխարհով, անկախ նրանից՝ հետեւողներն այդ երաժշտության հանդեպ սեր ունե՞ն, թե՞ ոչ: Իսկ 2000թ. այն դարձավ ենթամշակութային երեւույթ: Նշված երկու ոճերն ունեցողները ցանկանում են այդպես առանձնանալ հասարակությունից ու դառնալ անհատականություններ, սակայն, ըստ նրանց, իրենք այդպես դիմակայում են անարդարությանը եւ արտահայտում իրենց բոլորովին այլ աշխարհի ընկալումը: Օրինակ, էմոները Երեւանում հաճախ են արժանանում սովորական մարդկանց մանրազնին ուշադրությանը, քանի որ ակնհայտ տարբերվում են թե իրենց հագուստով, թե սանրվածքով: Էմոների հագուստի գույները բնորոշում են մի կողմից՝ մութ ու մռայլ աշխարհը, մյուս կողմից՝ սերը եւ ռոմանտիկան: Էմոներին ավելի շատ հատուկ է դեպրեսիվ ու զգայուն խոցելիությունը: Շատերը ասում են, որ նրանք դեպրեսիվ են ու քարոզում են ինքնասպանություն: Իրենք՝ էմոներն էլ են նշում, որ իսկական էմոն պետք է 17 տարեկանում ինքնասպան լինի կամ գոնե փորձի ինքնասպան լինել, սակայն նույնիսկ չեն բացատրում, թե որն է դրա նպատակը, ասում են միայն, որ ցանկացած ինքնասպանության փորձի ժամանակ իրենք հույս ունեն, որ չեն մահանա:
Ի տարբերություն էմոների, գոթերին հատուկ չէ ինքնասպանությունը, նրանք ավելի շատ կենտրոնացած են կյանքի հաճույքների վրա՝ սեքսի տարբեր դրսեւորումների (խմբակային, լեսբի եւ այլն) եւ թմրամոլության: Գոթերն առանձնանում են իրենց սփրթնած դիմահարդարանքով, մեծ քանակությամբ չափազանց սպիտակ դիմափոշի են օգտագործում, քսում սեւ կամ մուգ կապույտ շրթներկ ու սեւ եղունգի ներկ: Գոթերի մազերը մուգ են, ուղիղ, ազատ արձակած: Ըստ տարբեր կայքերում եղած ինֆորմացիայի, գոթերին հատուկ է դաժանությունը, ուրիշներին տանջելը:
Հաշվի առնելով գոթերի ու Էմոների տարօրինակ վարքը, օրինակ՝ Ռուսաստանի Դաշնությունում օրենսդրությամբ ամրագրվել է էմոների եւ գոթերի դեմ պայքարը: 2008 թ. ՌԴ-ի խորհրդարանը քննարկեց «Պետական քաղաքականությունը երեխաների հոգեւոր-բարոյական դաստիարակման շուրջ» օրինագիծը, որում նշվում է, որ էմոյական մշակույթի «բացասական գաղափարախոսությունը» երիտասարդներին անջատում է հասարակությունից եւ նույնիսկ ստիպում ինքնասպանություն կատարել, եւ այդ իմաստով առավել անպաշտպան են աղջիկները: Այս օրինագիծը բազմաթիվ ասեկոսեների առիթ դարձավ, քանի որ իսկական որս սկսվեց էմոների եւ այլ ենթամշակույթներ ներկայացնողների դեմ, բազմաթիվ հ/կ-ներ ու քաղաքական գործիչներ սկսեցին ակցիաների միջոցով պաշտպանել այս պատանիների շահերը: Տեսնես ինչ կարծիք ունի ՀՀ խորհրդարանը վերջիններիս մասին, որովհետեւ Հայաստանում էլ են գրանցվում պատանիների ինքնասպանության դեպքեր ու չի բացառվում, որ դրանց մեջ լինեն էմոներ:
Ինչպես աղանդները, այնպես էլ այս ենթամշակույթների ներկայացուցիչները հաճախակի են հավաքվում: Երեւանի էմոների հավաքատեղին մի քանի տարի առաջ Կասկադն էր, հետո այդ տարածքի հետեւի մասում՝ ինչ-որ տեղ, իսկ գոթերը իրենց հավաքներն անց են կացնում հիմնականում գերեզմանոցներում: Այս ենթամշակույթների ներկայացուցիչները հանդիպում են նաեւ գետնանցումներում, որտեղ կան տարօրինակ նկարներ եւ գալագրամաներ, ինչի հեղինակն էլ հենց իրենք են: Գոթերն ու էմոներն ունեն նաեւ իրենց ճյուղավորումները՝ էմո-կիդեր (երեխաներ), էմո-բոյեր (տղաներ), գոթ-վամպիրներ (արյունախում եւ արյան տեսքից հաճույք ապրողներ) եւ այլն:
15-ամյա Էմման էմո է, միշտ կիպ գրկած ջինսեր է հագնում, եղունգները սեւ է ներկում, լսում միայն էմո ռոք՝ «Տոկիո Հոթել», Ավրիլ Լավին, AFI: Նա իր ընկերների հետ հավաքվում է մայրաքաղաքի տարբեր հատվածներում: Ասում է, որ տեղն այնքան էլ կարեւոր չէ իրենց համար, ավելի շատ դա անում են միասնականությունն ու իրենց գաղափարները պահելու համար:
Մեզ հետ զրույցում Էմման ասաց, որ մեծահասակները, մասնավորապես՝ ծնողները, էմոներին չեն հասկանում եւ չեն ընդունում, որի հետեւանքով էլ նրանք հաճախ փախչում են տնից, դիմում տարբեր միջոցների, որ ուշադրություն գրավեն: Նա ասում է, որ դեռ չի փորձել ինքնասպան լինել եւ չի էլ պատրաստվում: Հավատացած է, որ մեզ մոտ դեռ ոչ մի էմո ինքնասպանության փորձ չի արել: Խոսելով գոթերի մասին, Էմման ասաց, որ մարդիկ իրենց հաճախ են նմանեցնում գոթերին, սակայն իրենք բոլորովին տարբեր են. «Նրանք մեզ չեն սիրում, մենք՝ նրանց: Նրանք ավելի շատ նման են սատանայապաշտների, սեր ունեն առեղծվածային բաների նկատմամբ: Տուրք են տալիս մահին, սակայն չեն ցանկանում մահանալ, համ էլ ասում են, որ չեն վախենում մահից: Նրանք ատում են բոլորին, նաեւ մեզ՝ էմոներին»:
Էմմայի խոսքերով, Հայաստանում կան նաեւ «էմո-բոյեր», սակայն վախենում են էմոների ոճով հագնվել, քանի որ նրանք էլ պետք է վարդագույն ու սեւ հագնեն, մազերը երկարացնեն, բազմաթիվ ապարանջաններ ու շղթաներ կրեն. «Իսկական էմոն պետք է շատ արտահայտիչ տեսք ունենա, եւ շատ քչերն են համարձակվում էմոյի ոճով հագնվել»:
Անդրադառնալով այս ենթամշակույթներին՝ «Քայքայիչ պաշտամունքից տուժածների վերականգնողական եւ օգնության կենտրոնի» նախագահ Ալեքսանդր Ամարյանը «Առավոտին» հայտնեց, որ իրենք մի քանի անգամ հաղորդումների միջոցով խոսել են այս պատանիների մասին. «Նրանք գնում են այդպիսի գաղափարների հետեւից, քանի որ միայնակ են իրենց զգում եւ շրջապատի կողմից չընդունված: Պետք է նշեմ, որ հայաստանյան էմոներն ու գոթերը այնքան էլ իրական չեն, նրանք հաճախ միայն ցույց են տալիս, որ այդ ենթամշակույթների հետեւորդներ են»: Ա. Ամարյանը հայտնեց, որ եղել են դեպքեր, երբ երեւանյան էմոները փորձել են ինքնասպան լինել, բայց բարեբախտաբար նրանց ժամանակին օգնության են հասել ոստիկանները կամ հարազատները. «Մի քանի քրեական գործեր են հարուցվել այս առնչությամբ, սակայն պետք է նշեմ, որ մենք համապատասխան մասնագետ չունենք, որը էմոների ինքնասպանության փորձերի դեպքում աշխատի այս երեխաների հետ, եւ ինքնասպանության դրդողներին էլ գտնի ու պատասխանատվության ենթարկի»: Նշենք, որ երեխաների ինքնասպանության դեպքերի առնչությամբ ոստիկանության հրապարակած տվյալներում երբեք խոսք չի եղել էմոների մասին: Ըստ նրանց հրապարակած տվյալների՝ ինքնասպանության դեպքերի պատճառը հիմնականում սոցիալական կամ աղանդավորական խնդիր է եղել:
Իսկ մեր այն հարցին, թե ինչո՞ւ են այս ենթամշակույթների լիդերները կենտրոնացած հենց պատանիներ հավաքագրելով, Ա. Ամարյանը պատասխանեց. «Երեխաները մեծ ուժ են: Նրանք փխրուն են, հեշտ է մանիպուլյացիա անել: Ցանկացած աղանդների հետեւորդներ էլ մեծ տեղ են հատկացնում երեխաների մեջ իրենց ուսմունքը սերմանելուն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել