Պրոֆեսիոնալ մարզիչները կարեւորագույն մրցումների ժամանակ սեքսին տարբեր աչքերով են նայում: Մոտ երկու տասնամյակ առաջ մրցման նախորդ գիշերը թիմերի ճնշող մեծամասնության համար սեքսուալ ցանկացած դրսեւորում կտրականապես արգելված էր: Մարզիչները դա մեկնաբանում էին այսպես. «Ֆիզիկական եւ էմոցիոնալ էներգիան անտեղի վատնել պետք չէ»: Այդպես էր մտածում նաեւ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Մոհամեդ Ալին, որը մարտից երկու շաբաթ առաջ դադարեցնում էր կանանց հետ բոլոր տեսակի շփումները:
Հիմա մարզիչները բաժանվել են երկու բանակի. պահպանողականներ, որոնք մնում են այս հին համոզմունքին, եւ ազատականներ, որոնք ունկնդիր են գիտնականներին: Իսկ վերջիններս ասում են. «Սեքսուալ առումով լավ անցկացրած գիշերը չի ազդում ուժի, դիմացկունության եւ ֆիզիկական ցուցանիշների վրա: Միակ գործոնը հոգեբանականն է: Մարզիկների մեծ մասին ամբողջովին ներդրվելու համար ագրեսիա է հարկավոր: Բայց եթե այն չափից ավելի կուտակվի, դա անցանկալի արդյունքների կհանգեցնի: Այնպես որ, լավ սեքսը նվազեցնում է ագրեսիվությունը եւ կարող է օգտակար լինել մարզիկի համար»: Սա Կանադայի բժշկական ակադեմիայի նախագահ Իանա Շրիերի համոզմունքն է:
Իսկ ահա Իսրայելից դոկտոր Օլշանսկին ասում է. «Օլիմպիադա-96»-ում մենք համոզվեցինք հետեւյալում. կին մարզիկներն անհամեմատելի լավ արդյունքների են հասնում, եթե մեկնարկից առաջ օրգազմ են ապրում: Ասվածն առաջին հերթին վազորդների եւ ցատկորդների մասին է: Որքան շատ է օրգազմը, այնքան շատ է նաեւ մեդալ նվաճելու հավանականությունը»:
Մարզական մենեջերները պնդում են, որ մարզիկներին ավելի հեշտ սեքսի դրդելը խոշոր մրցումների ժամանակ է: Ահա Ռուսաստանի հավաքականներից մեկի տեսակետը. «Եթե մարզիկը հաղթել է, նրան ադրենալինի նոր չափաբաժին է հարկավոր: Իսկ եթե պարտվել է, նա ձգտում է ձախողումը մոռանալ սեքսի օգնությամբ: Եվ այստեղ ամենահեշտ «որսը» պարտված մարզուհիներն են: Սա, հավանաբար, կնոջ հոգեբանության հետեւանք է»:
Ի դեպ, ուսումնասիրելով նախորդ օլիմպիական խաղերի փորձը, 2000 թվականին Սիդնեյի Խաղերի կազմակերպիչները նախապես մասնակիցների համար գնել էին 130 հազար պահպանակ եւ 30 հազար սրվակ լուբրիկանտ (ցավազրկող եւ ակտիվացնող քսուք): 17 հազար մարզիկներից եւ մարզուհիներից յուրաքանչյուրը կարող էր երեք պահպանակից եւ մեկ քսուքից փաթեթավորված նվերի այսպիսի հավաքածու ստանալ: Բայց դա ի՞նչ էր բոլոր առումներով 17 օլիմպիական օրերի համար: Այնպես որ, շատերը ստիպված նորն էին գնում՝ իրենց ազնիվ քրտինքով վաստակած հոնորարների գումարներով: