Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԻ ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՄՈՍԿՎԱՅԻՆ ՉԻ ՀԱՄՈԶԵԼ

Մայիս 29,2010 00:00

ՌԴ արտաքին գործերի նախարարությունը համարում է, որ Լեհաստանում ամերիկյան «Patriot» հրթիռների տեղակայումը Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ 1997թ. կնքված հիմնարար ակտի կոպտագույն խախտում է: Ուրբաթ օրը ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Ալեքսանդր Գրուշկոն հայտարարել է, թե ռուսական սահմաններին մոտ հրթիռային համակարգերի տեղակայումը ոչ մի պատճառով չի կարող արդարացվել: «Ինտերֆաքսի» մատուցմամբ, Գրուշկոն նաեւ հայտարարել է, թե ՌԴ դիվանագիտական գերատեսչությունը ուշադրությամբ կհետեւի իրավիճակի զարգացմանը, նաեւ կաշխատի ՆԱՏՕ-ում Ռուսաստանի գործընկերների հետ՝ ՌԴ-ի եւ ՆԱՏՕ-ի միջեւ նախկինում ձեռք բերված պայմանավորվածության գաղտնազերծման եւ արձանագրելու համար, որ այդ պայմանագրում առկա մարտական ուժերի կոնկրետ չափորոշիչները իրավաբանորեն պարտադիր են կատարման համար: Գրուշկոն հիշեցրել է նաեւ, թե այդ պայմանագրի համաձայն, կողմերը պարտավորվել էին ձեռնպահ մնալ տարածաշրջանում միմյանց սահմաններին մոտ մարտական ուժերի մշտական տեղակայումներ անելուց, իսկ ՆԱՏՕ-ն պարտավորվել էր նման ուժեր չտեղակայել Դաշինքի նոր անդամ-երկրների տարածքում:
Հիշեցնենք, որ նախօրեին Մոսկվան Լեհաստանում ամերիկյան հրթիռների տեղակայման առնչությամբ ԱՄՆ-ից էր սպառիչ եւ հասկանալի բացատրություններ պահանջել: «Ռուսաստանի համար համոզիչ չեն լինի այնպիսի բացատրությունները, ինչպիսին է՝ «մի անհանգստացեք, դա ձեր դեմ ուղղված չէ» ձեւակերպումը: Մոսկվան ակնկալում է տեղի ունեցողի վերաբերյալ ավելի մանրամասն բացատրություն»,- հայտարարել էր ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Ամերիկյան կողմը պնդում է, թե Լեհաստանում անվտանգության ամերիկյան համակարգերի տեղակայումը միայն մեկ նպատակ է հետապնդում՝ պաշտպանվել Իրանի կողմից հնարավոր սպառնալիքներից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել