Պակիստանի հարավ-արեւելյան Բելուջիստան գավառի Կվետտա քաղաքի արվարձանում զինված անհայտ անձանց հարձակման արդյունքում չորս ոստիկան է զոհվել:
Իսկ ահա երկրի արեւելյան Լախորե քաղաքի երկու մզկիթների վրա հարձակում են գործել հրազենով եւ նռնակներով զինված գրոհայիններ: Ուրբաթօրյա աղոթքի պահին գրավված մզկիթներից մեկում հարձակման պահին գտնվել են տարբեր գնահատականներով 1,5-2 հազար մարդ, որոնց գրոհայինները պահում են պատանդի կարգավիճակում: Երկրորդ մզկիթի մոտ ահաբեկիչները մի քանի նռնակ են պայթեցրել: Ինչպես «Ֆրանս պրեսն» է հաղորդում, նախնական տվյալներով, այս ահաբեկչական ակտի արդյունքում զոհերի թիվը հասել է 30-ի, եւս 50-ը վիրավորվել է:
Ահաբեկիչների դեմ ծավալված գործողությունները, որոնք իրականացվել են մզկիթներից մեկում, 17 մարդու մահվան պատճառ են դարձել, վիրավորների թիվը հայտնի չէ: Մահապարտ գրոհայիններից մեկը գործողության ընթացքում սպանվել է, երկուսը կալանավորված են:
Երեկ երկրորդ մզկիթում պահվող պատանդներին ազատ արձակելու ուղղությամբ պակիստանյան իշխանությունների կողմից ձեռնարկված գործողությունները դեռ շարունակվում էին: Ահաբեկչական այս ակտի պատասխանատվությունը ստանձնել է «Թալիբան» ահաբեկչական շարժման «Թեհրիկ-ե-Թալիբան» ստորաբաժանումներից մեկը: