Չինաստանի վարչապետ Վեն Ցզյաբաոն հայտարարել է, որ Պեկինը «չի պաշտպանի» հարավկորեական ռազմանավի խորտակման մեջ մեղավորներին՝ անկախ այն բանից, թե միջադեպի հետաքննությունն ինչ եզրակացության կհանգի: «Չինաստանի կառավարությունը իր դիրքորոշումը կհայտնի օբյեկտիվության եւ արդարության հիման վրա՝ հարգանքով վերաբերվելով միջազգային հետաքննության եզրակացությանն ու նկատի առնելով այդ եզրակացության վերաբերյալ բոլոր պետությունների արձագանքները»,- BBC-ի մատուցմամբ՝ ասել է Չինաստանի վարչապետը:
Մարտի 26-ին Ճապոնական ծովում հարավկորեական «Չխոնան» ռազմանավի խորտակումը դարձել է նաեւ Չինաստանի կառավարության ղեկավարի եւ Հարավային Կորեայի նախագահ Լի Մեն Բակի միջեւ բանակցությունների հիմնական թեման: Հիշեցնենք, որ Արեւմտյան երկրների փորձագետների խումբը մայիսի կեսերին հրապարակել էր միջադեպի հետաքննության վերաբերյալ իր եզրակացությունը, ըստ որի՝ հարավկորեական նավը խորտակվել ու 46 նավաստիներն էլ զոհվել են Հյուսիսային Կորեայի սուզանավակի կողմից արձակված տորպեդների արդյունքում: Հյուսիսային Կորեան շարունակում է հերքել իրեն ուղղված մեղադրանքները: