Լրահոս
Օրվա լրահոսը

Միացյալ Նահանգներն ու Ճապոնիան համաձայնության են եկել

Մայիս 29,2010 00:00

\"\"Տոկիոն եւ Վաշինգտոնը համաձայնության են եկել Ճապոնիայի հարավում գտնվող Օկինավա կղզում տեղակայված ամերիկյան Ֆուտենմա ռազմաբազայի տեղափոխման շուրջ: Կողմերն ուրբաթ օրը հրապարակել են համատեղ ստորագրված հուշագիրը, որտեղ ասվում է, որ նավատորմային հետեւակների ներկայությունը կղզում առաջացնում է տեղի բնակչության զայրույթը, կմնան Օկինավայում, բայց կտեղափոխվեն կղզու պակաս բնակեցված շրջան:
Ճապոնիայի վարչապետ Յուկիո Խոտոյաման, որն անցյալ տարի հաղթել էր ընտրություններում, այդ թվում՝ նաեւ Ֆուտենմայի բազան Օկինավայի տարածքից դուրս բերելու խոստման շնորհիվ, ավելի ուշ հայտարարել էր, թե չի կարող կատարել իր այդ խոստումը: Դա առաջացրել էր կղզու բնակչության զայրույթը: ԱՄՆ-ի եւ Ճապոնիայի կառավարությունների համատեղ հայտարարությունում այդ հարցի առնչությամբ ասված է, թե կողմերը «հաստատում են ռազմաբազան Շվաբ Խենոկո-սակի շրջան տեղափոխելու իրենց մտադրությունը» եւ, որ «ամերիկա-ճապոնական դաշինքը, որն ուղղված է ոչ միայն Ճապոնիայի պաշտպանության, այլեւ աշխարհի, նաեւ Ասիական-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի անվտանգության եւ բարեկեցության ապահովմանը, մնում է անփոփոխ: Ասիայի հյուսիս-արեւելքում անվտանգության ոլորտում տեղի ունեցած վերջին իրադարձությունները միայն ընդգծում են այդպիսի դաշինքի կարեւորությունը»: BBC-ի մատուցմամբ, կողմերի միջեւ ձեռք բերված նոր համաձայնությունը նման է 2006-ին կնքված համաձայնությանը, որը պատմության աղբանոցը նետելու խոստում էր տվել Ճապոնիայի գործող վարչապետը:
Հիշեցնենք, որ Ֆուտենմայի ամերիկյան ռազմաբազայում տեղակայված է Ճապոնիայի տարածքում գտնվող 47 հազարանոց համակազմի կեսից ավելին: Օկինավան անվտանգության ոլորտում ամերիկա-ճապոնական համագործակցության համատեքստում գլխավոր ֆորպոստն է, որը Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր Ասիայի հյուսիս-արեւելքում ստեղծված հավասարակշռության գլխավոր բաղադրիչներից մեկն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել