Tert.am-ը, հենվելով թուրքական Dogan գործակալության տեղեկությունների վրա, հաղորդում է, որ Թուրքիայի Վան նահանգի բնակչությունը սկսել է մեծ խանդավառությամբ նախապատրաստվել սեպտեմբերի 19-ին Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում մատուցվելիք պատարագին։
Վանի Գեւաշ շրջանում լույս տեսնող «Van Times» թերթի նախաձեռնությամբ մեկնարկել է «Մենք բացում ենք մեր տան դռները Վան ժամանող հայերի առջեւ» խորագրով արշավ, որի շրջանակում տեղի բնակիչներին կոչ է արվում իրենց տներում հյուրընկալել բոլոր հայերին, ովքեր սեպտեմբերի 19-ին կժամանեն Վան՝ Սուրբ Խաչում մատուցվելիք պատարագին մասնակցելու նպատակով:
Պարբերականի սեփականատեր Ազիզ Այքաչի խոսքով՝ իրենց նախաձեռնությանն աջակցում են ինչպես Վանի նահանգապետարանը, այնպես էլ տեղի հասարակական կազմակերպությունները:
«Սպասվում է, որ պատարագին մասնակցելու նպատակով կժամանի 5 հազար մարդ: Սակայն մենք ենթադրում ենք, որ այդ թիվը կարող է մի քանի անգամ աճել: Այդ պատճառով նախաձեռնել ենք այս արշավը»,- հայտարարել է Ազիզ Այքաչը եւ հավելել, որ բնակչությունը մեծապես հետաքրքրված է իրենց նախաձեռնությամբ: «Արշավն սկսելուց հետո մեր հեռախոսները չեն լռում: Մեզ զանգում են ընտանիքներ, թողնում իրենց հասցեներն ու հեռախոսահամարները, ասում, թե քանի մարդ կարող են հյուրընկալել: Արշավն սկսել ենք երկու օր առաջ, արդեն մի շարք ընտանիքներ պատրաստակամություն են հայտնել ընդունելու 300 մարդու: Հուսով ենք, որ մեր հյուրերին կկարողանանք ընդունել հավուր պատշաճի»,- ասել է Այքաչը:
Սեպտեմբերի 19-ին Աղթամարի Սուրբ Խաչում կայանալիք կրոնական արարողության կապակցությամբ «Van Times» քառալեզու (թուրքերեն, քրդերեն, պարսկերեն, անգլերեն) թերթը լույս է տեսնելու նաեւ հայերեն: