Վալենտինա Թելոյանը մայրաքաղաքի Պռոշյան փողոցում 1994 թվականից ձեռք է բերել սեփականություն: Առուծախի պայմանագրի եւ պետական գրանցման հիման վրա նրա ընտանիքը դառնում է 19 հասցեի եւ 960 քմ հողակտորի սեփականատերը: Նա հսկայածավալ աշխատանքներ է կատարում, մեքենաներով տեղափոխում փողոցին հառնած տան եւ հողակտորի աղբը:
Երբ տունը տուն է դառնում, հողակտորը՝ հողակտոր, հայտնվում են ԱՄՆ-ից «իջեցված կտակով» տանտեր դարձած նախկին ոստիկան Գագիկ Խուդավերդյանն ու նրա կինը՝ վերաքննիչ դատարանի դատավոր Կարինե Հակոբյանը: Նրանք առաջարկում են Վալենտինա Թելոյանին, որ իրենց 70 000 դոլար տա. «եթե ոչ, ապա ամբողջ տունը կվերցնեն մեր ձեռքից»:
Տասնյակ դատավարություններին հետեւեց նաեւ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների դատախազությունում ԴԱՀԿ աշխատակիցներ Գ. Հարությունյանի, Ա. Իսրայելյանի, կադաստրի «Կենտրոն» ստորաբաժանման աշխատակից Մ. Բաղդասարյանի նկատմամբ քրեական գործի մասին որոշումը, որը հարուցվել էր այն փաստի հիման վրա, որ Պռոշյան 19 հասցեի սեփականատերերը դուրս չեն եկել տարածքից եւ չի գրանցվել զոռբաների սեփականության իրավունքը:
Բարեբախտաբար, չհաստատվեց այն հանգամանքը, որ վերոհիշյալ անձինք միտումնավոր չեն կատարել դատական ակտը: Սակայն ոստիկանության Կենտրոնի քննչական բաժնում բողոքաբերների նկատմամբ սկսվեց նախաքննություն, որոնք «առանձնապես խոշոր չափերի ուրիշի գույքի նկատմամբ իրավունք էին ձեռք բերել»: Քննիչ Տիգրան Կիրակոսյանը հանգեց նրան, որ «քրեական գործի նախաքննության ընթացքում բավարար հիմքեր են ձեռք բերվել Գ. Խուդավերդյանի կողմից կեղծ կտակ օգտագործելու միջոցով, Պռոշյան 19 հասցեի նկատմամբ իրավունք ձեռք բերելու փաստի առթիվ»: Գործը հասնում է անգամ հատուկ քննչական ծառայություն: Սակայն այդ ընթացքում արգելանք է դրվում Թելոյանների սեփականության վրա, իսկ Դատական ակտերի հարկադիր ծառայությունն էլ հասցնում է տուգանել սեփականատիրոջը՝ դռան կապարակնիքը պոկելու եւ իրենց սեփական տարածքը մտնելու համար:
Սա այն դեպքում, երբ սեփականատերերը դեռ չէին սպառել իրենց սեփականության պաշտպանության բոլոր հնարավոր միջոցները: Նրանք դիմել են նաեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Վալենտինա Թելոյանը հուսահատությունից մի քանի անգամ փորձել է ինքնահրկիզման դիմել: Վերջին անգամ դա կանխվել է ՀՀ նախագահի նստավայրի մոտ: Սակայն նա զգուշացնում է, որ «Տէցի կռուգը» կլինի, եթե որեւէ ապօրինի ուժ ոտք դնի իր տառապանքով գնած տարածք: