Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՋԵՎԱՆՅԱՆ ԿՐՔԵՐ

Մայիս 29,2010 00:00

Դուբայների՞ց են նիստերին մասնակցել

Սկիզբը՝ «Առավոտ», 25-ը մայիսի 2010թ.

«Առավոտն» «Իջեւանյան կրքեր» հրապարակման մեջ ներկայացրել էր Իջեւանի՝ արդեն նախկին ավագանիների դժգոհությունները քաղաքապետ Վարուժան Ներսիսյանի գործունեությունից: Փորձեցինք լսել նաեւ վերջինիս փաստարկներն այդ առնչությամբ: Ինչպես նշվել էր հրապարակման մեջ, ավագանիները դժգոհում էին, թե քաղաքապետն աշխատում է փակ, գաղտնի, եւ իրենց չի տրամադրում ավագանու նիստերի արձանագրությունների վավերացված պատճենները: Այս առիթով քաղաքապետ Ներսիսյանն ասաց. «Այդ բողոքն ուղղակի զարմանալի է ինձ համար, քանի որ նրանց մի քանի անգամ են տրվել այդ պատճենները: Ավագանիների դժգոհությունն այս հարցում, իրոք որ, անհասկանալի է, քանի որ ցանկացած քաղաքացի կարող է բացել քաղաքապետարանի www.ijevan.am կայքը, որտեղ ներկայացված են քաղաքապետարանի ավագանու նիստերի բոլոր արձանագրություններն ու որոշումները: Տեղեկացնեմ նաեւ, որ, այո, մենք Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հետ պայմանագիր ունենք, եւ ստանում ենք նրանց կատարած մոնիտորինգի արդյունքները, որոնք դրական են գնահատում մեր կատարած աշխատանքը»:
 Իջեւանի բնակչության թվային տվյալները կեղծելու առիթով Վարուժան Ներսիսյանն ասաց. «Իջեւան քաղաքի բնակչության թվի վերաբերյալ քաղաքապետարանը երբեւէ սխալ ինֆորմացիա չի տվել: Քաղաքապետարանի կողմից ներկայացվել է 2001թ. իրականացված մարդահամարի արդյունքների մասին տեղեկագրի մեկ էջը, որտեղ հստակ նշված է, որ Իջեւան քաղաքի առկա բնակչությունը կազմում է 15 370 մարդ, իսկ մշտական բնակչությունը՝ 20 223 մարդ»:
Այն, որ նախկին ավագանիներն անհիմն են համարում իրենց բացակայությունները, որոնց հիման վրա քաղաքապետն իրենց զրկել է լիազորություններից, քաղաքապետը պատասխանեց. «Այդ մարդիկ նախ ուզում էին արդարանալ, թե իրենք ավագանու նիստերի մասին տեղեկացված չեն եղել, դրա համար են բացակայել: Հետո տեսան, որ ես դատարանում փաստերով եմ ապացուցում իրենց տեղեկացված լինելու մասին՝ սկսած փոստային ծանուցումներից՝ մինչեւ հեռախոսազանգերի վերծանում: Համոզվելով, որ սա չաշխատող տարբերակ է, հիմա էլ ուզում են հավաստիացնել, թե նիստերին ներկա են եղել: Նրանցից ոմանց անձնագրերը եթե բացեք, ապա կտեսնեք, թե նրանք երբ են մեկնել Դուբայ, Կրասնոդար կամ այլ տեղեր եւ որքան ժամանակով: Այդ ո՞նց կարող էին Դուբայից գալ եւ ավագանու նիստերին ներկա լինել: Իսկ Մհեր Մելիքսեթյանը, եթե ավելի շատ լիներ հայրենի քաղաքում, այլ ոչ թե ՌԴ Կրասնոդարի երկրամասում եւ հետաքրքրվեր համայնքի խնդիրներով, տեղյակ կլիներ, որ Իջեւան քաղաքի 21 բարձրահարկ շենքերից 10 վերելակները վերջին տարիներին քաղաքապետարանի կողմից վերանորոգվել եւ գործում են, 11-րդ վերելակի վերանորոգման աշխատանքները գործընթացի մեջ են»:
Նախկին ավագանիներ Վահե եւ Վարդան Ղալումյանների դիտարկմանը, թե բազմաբնակարան շենքերից մեկի՝ քամուց քշված տանիքը վերանորոգելու համար քաղաքապետը նախատեսում էր 1 մլն 200 հազար դրամ, մինչդեռ իրենք այն վերանորոգել են 300 հազար դրամով, քաղաքապետը պատասխանեց. «Խոսքը Վասիլյան փողոցի թիվ 18 շենքի մասին է: Քամուց պոկված տանիքի վերականգնման եւ վնասված մասերի վերանորոգման աշխատանքները պետք է իրականացվեին «Գնումների մասին» ՀՀ օրենքով նախատեսված ընթացակարգով՝ մրցույթում հաղթած որեւէ կազմակերպության միջոցով: Տանիքի վերանորոգումը ավագանու կողմից համարվեց ոչ առաջնահերթ, բայց Վասիլյան թիվ 18 շենքի բնակիչների համառ պահանջների արդյունքում ավագանու անդամները, օգտագործելով նաեւ բնակիչներից հավաքած գումարները, կիսատ-պռատ նորոգեցին տանիքը, որի գումարը հետո բացահայտորեն պահանջում էին օրենքի խախտումով «դուրս գրել» եւ տալ իրենց, ինչին ես չհամաձայնեցի»:
Կենցաղի տան հարակից տարածքը էժան գնով վաճառելու՝ ավագանիների մեղադրանքին ի պատասխան, Ներսիսյանն «Առավոտին» ասաց, որ այն մինչ իր քաղաքապետ լինելն արդեն պատկանել է այդ հարցից դժգոհ Ղալումյանների ազգական Ա. Ղալումյանին, որը երկար տարիներ չի կատարել իր հողի հարկային պարտավորությունները, ինչի պատճառով այն աճուրդով վերավաճառվել է բավականին թանկ գնով եւ տրվել այլ սեփականատիրոջ: Աճուրդի մասին նույնպես քաղաքապետը ներկայացրել է համապատասխան փաստաթղթերի պատճենները:
Վահե եւ Վարդան Ղալումյանները «Առավոտին» տված հարցազրույցում դժգոհում էին, թե իրենց ցանկությունը՝ ավագանու նիստերը առանց մոնտաժելու հեռարձակել, քաղաքապետը խոչընդոտում է: Մինչդեռ քաղաքապետը «Առավոտին» ներկայացրեց ավագանու նիստերի վերջին տեսագրությունը, որտեղ հենց այդ 2 ավագանիներն են առաջարկում դադարեցնել նիստերի հեռարձակումը, իսկ քաղաքապետը տեսագրության մեջ ասում է, որ դա «Զանգվածային լրատվության մասին» օրենքի խախտում է, բայց ավագանիներն իրենցն են պնդում:
«Առավոտի» հարցին, թե իրո՞ք քաղաքապետն իր դեմ անվստահություն հայտնած երկու ավագանիների նկատմամբ ապօրինի շինարարության ակտ է գրել՝ պատասխանը հետեւյալն էր. «Ավագանու անդամներ Վարդան Օրդինյանի եւ Գրիգոր Դանիելյանի կողմից ինքնակամ շինարարություն իրականացնելու մասին արձանագրություն է կազմվել: Ավագանու անդամները այդ արձանագրություններին ընթացք չտալու պահանջ ներկայացրին ինձ, ինչը, սակայն, մերժվեց: Հետագայում նրանց են միանում նաեւ ավագանու անդամներ Սուրեն Մանուկյանը, Արտակ Խաչատրյանը, Վահե եւ Վարդան Ղալումյանները, Էդգար Ասլանյանը, Մհեր Մելիքսեթյանը, եւ նրանց հավաքատեղին դառնում է «Իջեւանի ՃՇՇ» ՓԲԸ-ի շենքը, որտեղ էլ ծնվում է քաղաքապետին անվստահություն հայտնելու գաղափարը: Ինքնակամ շինարարություն կատարած Վարդան Օրդինյանին հովանավորելու նպատակով ընկերության սեփականատեր Արծրունի Ղալումյանը հայտնում է, որ ինքնակամ շինարարությունը կատարել է ընկերությունը եւ մուծում է տուգանքի 200 000 դրամ գումարը: Ի դեպ, դա արդեն ինքնակամ շինարարություն կատարողին հովանավորելու երկրորդ դեպքն էր: Իսկ Գրիգոր Դանիելյանն այդ շինության հետ այնքանով կապ ունի, որ այն իրականացնում է իր հայրը, իսկ հայր ու որդի իրար հետ կապ չունե՞ն»: Հարկ է նշել, որ Դանիելյանը չէր պատասխանում «Առավոտի» այն հարցին, թե իրոք ո՞վ է ինքնակամ կառույցի հեղինակը:
Քաղաքապետը հերյուրանք է համարում նախկին ավագանի Սուրեն Մանուկյանի պնդումը, թե նախագահի վերահսկողական ծառայությունը մի շարք կեղծիքներ է հայտնաբերել ավագանու նիստերի արձանագրությունների մեջ:
«Առավոտը» հարց ուղղեց Վարուժան Ներսիսյանին, թե իրո՞ք ինքը ժամանակին հրապարակավ, նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ներկայությամբ, ապտակել է իջեւանցի նախկին պատգամավոր, գործարար Արծրունի Ղալումյանին, որի պատճառով Ղալումյանը մինչ օրս ուզում է վրեժ լուծել իրենից: Ներսիսյանը պատասխանեց. «Ցավոք, ոմանք անձնական խնդիրներն ու ամբիցիաները վեր են դասում ամեն ինչից: Այո, դեռեւս 2004թ. վարչապետի ներկայությամբ նախկին պատգամավոր Արծրունի Ղալումյանը իրեն դրսեւորել էր ոչ կոռեկտ եւ անվայել, որի համար բոլորի ներկայությամբ իմ կողմից համարժեք պատասխան է ստացել, որի հետ մինչեւ օրս նա ոչ մի կերպ չի համակերպվում: Գործիք դարձնելով իրենց խնամի, բարեկամ համայնքի ավագանու մի քանի անդամներին, հովանավորվելով դատախազության որոշ աշխատակիցների կողմից, նա ձգտում է՝ խոչընդոտելով կազմալուծել համայնքի գործունեությունը»:
Քաղաքապետը նախկին ավագանիների այս եւ մյուս բողոքներին հակարդարձող իրավական հիմնավորումները ներկայացրել է «Առավոտի» իրավական բաժին: Մեր տրամադրության տակ են նաեւ վարչական դատարանի 2010թ. ապրիլի 14-ի վճիռների պատճենները, որոնցով մերժվել է ավագանու նախկին հինգ անդամների լիազորությունները վերականգնելու հարցը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել