Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Դոլչե Գաբանան» եւ «Կոկո Շանելը» թունավոր օծանելիքներ են արտադրում

Մայիս 29,2010 00:00

Հրապարակվել են միջազգային կազմակերպության ուսումնասիրության արդյունքները

Անվտանգ կոսմետիկայի միջազգային կազմակերպությունը վերջերս հրապարակել է աշխարհում հայտնի բրենդ համարվող օծանելիքների փորձաքննության արդյունքները, ըստ որոնց՝ բացահայտվել են առողջությանը լուրջ վտանգ սպառնացող օծանելիքների անունները, որոնք պարունակում են անթույլատրելի գերչափերի հասնող քիմիկատներ: Թունավոր օծանելիքների շարքում են՝ Giorgio Armani Acqua Di Gio, Jennifer Lopez J. Lo Glow, Calvin Klein Eternity (for women), Bath & Body Works Japanese Cherry Blossom, Britney Spears Curious, Calvin Klein Eternity (for men), Quiksilver (for men), Victoria’s Secret Dream Angels Heavenly, Coco Mademoiselle Chanel, Clinique Happy, Abercrombie & Fitch Fierce, American Eagle Seventy Seven, Hannah Montana Secret Celebrity, Dolce & Gabbana Light Blue, Old Spice After Hours Body Spray, AXE Bodyspray For Men Shock եւ Halle by Halle Berry: Ուսումնասիրված օծանելիքների մի մասը պարունակել է 3100 քիմիական ցուպիկ, մյուս մասի մեջ քիմիկատների պարունակությունը հասել է հարյուր հազարավոր չափերի: Ընդ որում, օծանելիքի բաղադրության մասին սպառողներին չեն տեղեկացրել՝ թունավոր բաղադրության մասին նշումներ չեն եղել նաեւ օծանելիքի տուփերի վրա:
Կազմակերպությունը հրապարակել է նաեւ, թե օծանելիքներում օգտագործված թունանյութերի պարունակությունը հատկապես ինչ վնասներ կարող է պատճառել առողջությանը: Պարզվել է, որ օգտագործված քիմիկատները առաջացնում են ալերգիկ ռեակցիաներ՝ պատճառ դառնալով ասթմայի, գլխացավերի, մաշկի բորբոքման եւ խռռացնելու: Օգտագործված քիմիկատների որոշ խմբաքանակ էլ նպաստում է հորմոնալ խանգարումներին եւ քաղցկեղի առաջացմանը:
Թունավոր օծանելիքների անունների հրապարակումը ողջ աշխարհում մեծ աղմուկ է առաջացրել եւ սկանդալների առիթ դարձել: Հրապարակման արդյունքները, թերեւս, մեծ տարածում դեռ չեն գտել հայ սպառողների շրջանում, բայց իրազեկվածներն արդեն հասցրել են մտահոգվել: Սպառողների մտավախությունը պայմանավորված է հետեւյալով. եթե հայտնի բրենդ համարվող ու աշխարհում մեծ համբավ վայելող ընկերությունները թաքցրել են օծանելիքներում թունանյութերի մեծ չափաբաժնի առկայությունը, ապա ի՞նչ կարելի է ասել արդեն իսկ Հայաստան ներմուծվող հայտնի բրենդների կեղծ տեսականու մասին: Ի պատասխան այս մտահոգությունների՝ Պետեկամուտների կոմիտեի լրատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից վստահեցրին, որ կեղծ օծանելիքների ներմուծումը Հայաստան վերջին տարիներին նվազել է, իսկ նախորդ ու ընթացիկ տարվա տվյալներով՝ ոչ մի դեպք չեն արձանագրել: Կեղծված ու վտանգավոր ապրանքատեսակների մասին զրուցեցինք նաեւ «Սպառողների իրավունքների պաշտպանություն» հ/կ նախագահ Աբգար Եղոյանի հետ: Նրա խոսքով, հայտնի բրենդների կեղծումն ընդունված է ամբողջ աշխարհում, իսկ Հայաստանը կեղծիքներից անմասն չի մնում: Պարոն Եղոյանը նաեւ ասաց, որ վերջին տարիներին շուկայի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ կեղծված ապրանքատեսակների, այդ թվում նաեւ օծանելիքների թիվը չի նվազում, այլ ճիշտ հակառակը. «600 դրամ արժողությամբ օծանելիքները, որոնք վաճառվում են հայտնի բրենդների անվան տակ, ողողել են մեր շուկան, բնականաբար կեղծ են, ու դեռեւս նվազման միտում նկատելի չէ»: Պարոն Եղոյանը վերջում նաեւ հավելեց, որ մարտին փորձաքննության են ենթարկել կենցաղային ու կոսմետիկ 10 ապրանքատեսակ, որից մեկի՝ «Կլասիկ» ֆիրմայի տուշերի մեջ հայտնաբերել են աղիքային ցուպիկ՝ թույլատրելի չափաբաժնից շատ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել