Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԿՈՒՄԱՅՐԻ» ԱՐԳԵԼՈՑԸ՝ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՕԲՅԵ՞ԿՏ

Մայիս 29,2010 00:00

Գյումրու քաղաքապետարանը 99 տարով վարձակալության է տրամադրել «Կումայրի» պատմաճարտարապետական արգելոցի մեջ գտնվող կանաչ տարածքը:

\"\"
Փորված հիմքից արդեն իսկ ակնհայտ է, որ սա ամենեւին էլ  տաղավար, կրպակ կամ բացօթյա սրճարան չի դառնալու:

Գյումրու բոլոր ծակ ու ճյուղերը վաճառելուց հետո, քաղաքապետարանն այժմ իր բյուջեն լցնում է արգելված կառույցներն ու տեղանքներն օտարելով: Դրա համար  գտել է օրենքը շրջանցելու «հնարամիտ» ձեւը՝  բնականաբար արգելված տարածքները վաճառել հնարավոր չէ, հետեւաբար քաղաքապետարանն ամեն անգամ որոշում է դրանք «հանձնել 99 տարով վարձակալման»:
 Դեռեւս չորս տարի առաջ Գյումրու ավագանին քաղաքապետի մտերիմներից մեկին՝  քաղաքապետարանի այն ժամանակվա սպորտի բաժնի պետ Հրաչիկ Խաչատրյանին 99 տարով վարձակալության հանձնեց քաղաքի մշակութային կառույցներից մեկը՝  «Արագած» մարզամշակութային կենտրոնը, նախկին Տեքստիլագործների ակումբը: Այժմ էլ, արհամարհելով Գյումրու գլխավոր հատակագիծը, դարձյալ 99 տարով Արտյոմ Անտիկյանին վարձակալության են հանձնել քաղաքի կենտրոնական վայրերից մեկում՝  Ոսկու շուկայի դիմաց, Երկրաշարժի զոհերի հուշարձանի հարեւանությամբ գտնվող Արագածի փողոցի ու Հաղթանակի պողոտայի միջնամասի 300,0քմ կանաչ տարածքը, որը Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի 6-րդ կետով՝ օտարման ենթակա չէ: Սա այնպես է զայրացրել Գյումրու հ/կ-ների ներկայացուցիչներին, որ նրանք սկսել են ստորագրահավաք կազմակերպել ու բողոք-դիմումներով տարբեր գերատեսչությունների դիմել, ընդհուպ՝ մինչեւ երկրի նախագահին: Սերժ Սարգսյանին, ԱԺ նախագահ Հ. Աբրահամյանին, վարչապետ Տ. Սարգսյանին, Գլխավոր դատախազ Ա. Հովսեփյանին ու Շիրակի նորանշանակ մարզպետ Ա. Գիզիրյանին հասցեագրված բողոքում մասնավորապես նշված է. «Հարգելի պարոնայք, մեր ունեցած փաստերը մեզ թույլ են տալիս հայտարարելու, որ Գյումրիում քաղաքաշինական բիզնեսը վաղուց արդեն չի ենթարկվում պատշաճ վերահսկողության՝ համապատասխան կառույցների կողմից, եւ քաղաքի պատմական կենտրոնում վերականգնումն ու կառուցապատումը վերածվել են պաշտոնյաների անձնական հայեցողությամբ տարածքներ վաճառելու եւ երկարաժամկետ վարձակալությամբ տրամադրելու մոլուցքի: Շարունակելով քաղաքի պատմական կենտրոնի կետային կառուցապատումը, խախտելով բոլոր հնարավոր քաղաքաշինական եւ բնապահպանական նորմերը՝  Գյումրու քաղաքային իշխանությունները պարզապես արհամարհում են քաղաքի գլխավոր հատակագիծը, գոտիավորման նախագիծ կոչված փաստաթղթերը, ինչպես նաեւ հասարակական կարծիքը: Մանավանդ, դա տեղի է ունենում այն դեպքում, երբ, ըստ ՀՀ կառավարության որոշման, Գյումրի քաղաքի պատմական միջուկը հայտարարված է որպես «Կումայրի» պատմաճարտարապետական արգելոց եւ պետության կողմից իբրեւ ենթակա է հատուկ պահպանության: Շարունակելով քաղաքի պատմական միջուկում կանաչ տարածքների նկատմամբ անհասկանալի թշնամանքի քաղաքականությունը՝ քաղաքային իշխանությունը պարբերաբար մատնացույց է անում իր կազմակերպած ծառատունկերը, որոնց թվաբանությունը լուրջ ընդունելու դեպքում պիտի համարենք, որ արդեն սաղարթախիտ անտառներում կամ ջունգլիներում ենք ապրում: Հստակ տպավորություն ունենք, որ քաղաքի կառուցապատումը իրականացվում է ոչ թե հասարակության համար հարմարավետ կիսամիջավայր ստեղծելու, այլ մի խումբ անձանց ու պաշտոնյաների փառասիրությունը, նեղ անձնական շահերը բավարարելու ու անճաշակությունն ի ցույց դնելու սկզբունքով»:
Ի դեպ, մեր ձեռքի տակ է նաեւ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի՝  2009թ. փետրվարի 26-ի «Քաղ. Արտյոմ Անտիկյանին, առեւտրի ու սպասարկման օբյեկտ կառուցելու նպատակով, կառուցապատման իրավունքով հողամաս տրամադրելու մասին» որոշումը, որով պարզ է դառնում, որ քաղաքացին մասնակցել է «Գյումրու քաղաքապետարանի համայնքի սեփականություն հանդիսացող հողերի կառուցապատման իրավունքի եւ օտարման մրցութային ու աճուրդային հանձնաժողովի 26.12.08թ.-ին կայացած հողերի կառուցապատման իրավունքով տրամադրման մրցույթին» ու հաղթող է ճանաչվել: Նույն փաստաթղթից նաեւ տեղեկանում ենք, որ վերջինս քաղաքապետարանին տարեկան 270 հազար դրամ վարձավճար է մուծելու:
«Առավոտի» հետ զրույցում «Բիոսոֆիա» բնապահպանական հ/կ-ի նախագահ Գեւորգ Պետրոսյանն այսպիսի մասնագիտական գնահատական տվեց. «Իրենք իրավունք չունեին նման որոշում կայացնել ու այն էլ կառուցապատման նպատակով վարձակալության տային ինչ-որ մեկին: Գուցե կարելի էր տրամադրել բացօթյա սրճարանի համար, էդ դեպքում էլի որպես կանաչ տարածք մնում է, այսինքն՝ խախտվել են Գյումրու գոտիավորման նախագծի պահանջները, ըստ այդ նախագծի 6-րդ կետի 6.1 ենթակետի՝ այդ տարածքում իրավունք կա տեղադրել մանրածախ առեւտրի խանութներ, տաղավարներ, կրպակներ, բայց էլի հողամասի նվազագույն կանաչ ծածկույթը պետք է լինի 70%, որը, սակայն, Արագածի փողոցի դեպքում այդպես չէ, եւ շենքերի, շինությունների զբաղեցրած տարածքը չպետք է անցնի 15%-ը էդ տարածքի»: Վերջինիս պնդմամբ, սա քաղաքապետարանի կողմից Գյումրու կանաչ տարածքները ոչնչացնելու առաջին դեպքը չէ, պարզապես եղածների մեջ ամենաաղաղակողն է:
Հ/կ-ները օրերս դիմել են քաղաքաշինության նախարարությանը՝ խնդրելով փորձաքննության ենթարկել այդ տարածքը վարձակալության տրամադրելու ու քաղաքաշինական գործունեություն իրականացնելու փաստաթղթային փաթեթը: Ի դեպ, նրանք դիմել են նաեւ բնապահպանության նախարարություն, որտեղից վերջիններիս պատասխանել են, որ այն փաստացի կանաչ տարածք չէ, այսինքն՝ ծառեր, թփեր չկան եւ կառուցապատումը շրջակա միջավայրին էական վնաս չի հասցնում: «Իրականում այդպես է, այդ տարածքում դեռեւս չկան, ծառեր, բայց վերջին 3-4 տարին քաղաքապետարանը նպատակաուղղված չէր կանաչապատում, երբ որ ողջ քաղաքում իրականացվում էին ծառատունկեր, ի սկզբանե ՏԻՄ-ը նախատեսած է եղել, որ սա պիտի տրվի ինչ-որ մեկին վարձակալության»: Եթե այստեղ ոչ թե բնապահպանական, այլ քաղաքաշինական խախտումներ են առկա, ապա ինչո՞վ է զբաղված քաղաքաշինական պետական տեսչությունը: Մեր զրուցակցի համոզմամբ, այս առումով օրենսդրությունը սարսափելի անկատար վիճակում է. ՏԻՄ-երին ընձեռել է օրենքը խախտելու մեծ հնարավորություն, հետեւաբար շատ անգամ քաղաքաշինական պետական տեսչությունը ոչ թե աչք է փակում, այլ պարզապես անկարող է կարգի հրավիրել օրենքի սահմաններում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել