Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ամեն փաստաթղթի պիտի համարժեք հակահարված տանք

Մայիս 29,2010 00:00

Առաջարկում է «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը

«Հայաստանի վճռականությունը՝ մոնոէթնիկ պետություն դառնալու եւ ընդդեմ ազգային փոքրամասնությունների քաղաքականություն իրականացնելու վերաբերյալ» վերնագրված բանաձեւի նախագծին, որն ապրիլի 28-ին ԵԽԽՎ-ում շրջանառության մեջ էր դրել Ադրբեջանի պատվիրակության անդամ Ռաֆայել Հուսեյնովը՝ միացած 19 պատվիրակների շարքում են ԵԽԽՎ-ում բավական հեղինակավոր անձինք՝ ինչպիսիք լիտվացի պատվիրակ Էգիդիժուս Վարեյկիսն է, ֆինն Կիմմո Սասին եւ շվեդ Գյորան Լինդբլադը: Հիշեցնենք, որ այդ փաստաթղթում նման պնդումներ կան, թե Հայաստանում «այժմ 42 հազար քրդերը՝ ազգային ամենամեծ փոքրամասնությունը, լուրջ վտանգի առջեւ են: Հայերի կողմից վերջերս Երեւանում 4 քրդերի գլխատումից հետո՝ Քուրդիստանի Եզդիների ֆեդերացիան տարածեց հայտարարություն՝ միջազգային լրատվական գործակալություններին հաղորդելով, որ վերոհիշյալ արյունալի սպանությունը քաղաքական դրդապատճառներ ուներ եւ քրդերի դեմ հետապնդման ու մեկուսացման քաղաքականության մի մասն էր»:
Երեկ «Դուպլեքս» ակումբում հյուրընկալված «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանին հիշեցնելով, որ Հայաստանում բնակվող քրդերի կողմից արդեն հերքված նման պնդումների տակ ստորագրած Գյորան Լինդբլադն առաջինն էր ստորագրել նաեւ իր նախապատրաստած բանաձեւի նախագծի տակ՝ մարտի 1-ի դեպքերին բանակի մասնակցության վերաբերյալ՝ հետաքրքրվեցինք, թե արդյոք ԵԽԽՎ պատվիրակներն ընդհանրապես խորանո՞ւմ են խնդրի էության մեջ՝ մինչեւ ստորագրելը: Ի պատասխան՝ նա նախ մանրամասնեց, թե ինչ հակաքայլեր է ձեռնարկելու. «Հուսեյնովի պատրաստած փաստաթղթին արդեն պատշաճ կերպով պատրաստվում եմ պատասխանել: Բայց ոչ թե իրեն, այլ բոլոր այն անձանց, ովքեր ստորագրել են՝ այլ պետությունների ներկայացուցիչներին»: Տեղեկություններ է տրամադրելու ոչ միայն նախաձեռնությունում ակնարկված հանցագործության, այլ նաեւ ընդհանրապես Հայաստանի ազգային փոքրամասնությունների եւ նրանց իրավունքների պաշտպանության, եւ նույն տվյալները՝ նաեւ Ադրբեջանի վերաբերյալ: «Սա նաեւ, այո՛, ահազանգ է, որ յուրաքանչյուր անձ ինչ-որ փաստաթղթի միանալուց առաջ պետք է քաջ գիտակցի, թե դրա տակ ստորագրելով՝ իր հեղինակության հետ է խաղում, եթե չի պարզել, որ հավաստի են այդ տվյալները, որոնց ներքո ստորագրում է,- ասաց Զարուհի Փոստանջյանը:- Նաեւ մեր պատվիրակության պասիվ գործունեության արդյունք է, որ նման ապատեղեկատվական փաստաթղթեր են դրվում շրջանառության մեջ, եւ դրանց ներքո ստորագրում են հեղինակավոր անձինք»: Հիշեցրինք, սակայն, որ հենց ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակությունն էր 2009-ի հոկտեմբերին շրջանառության մեջ դրել բանաձեւի մի նախագիծ, որով առաջարկվում էր մեխանիզմներ ստեղծել ԵԽԽՎ անձեռնմխելի պատվիրակների կողմից սուտ ու զրպարտիչ հայտարարությունների դեպքում նրանց պատասխանատվության ենթարկելու համար: Առիթը Գանիրա Փաշաեւայի ելույթն էր, որտեղ նա հայտարարել էր, թե Զորի Բալայանն իբր գիրք է գրել, որտեղ նկարագրել է, թե ինչպես է սպանել 13 տարեկան մի երեխայի եւ մաշկահան արել նրան: Զարուհի Փոստանջյանն էլ էր միացել կոալիցիոն պատվիրակների այդ նախաձեռնությանը եւ աջակցել, որ այն ստորագրեն այլ պատվիրակներ եւս: «Մենք պետք է համարժեք հակահարված տանք, հետեւենք ցանկացած փաստաթղթի, թե ինչ է դրվում շրջանառության մեջ եւ ինչ ընթացք է ունենում,- այժմ նշեց «Ժառանգության» պատգամավորը:- Եթե որեւէ կերպ չես հակադարձում, ապա ադրբեջանցիների եւ թուրքերի համար շատ պարարտ հող է այնտեղ՝ ստեղծելու փաստաթղթեր: Ցավալի է, բայց 2001-ից առ այսօր մենք այնտեղ չունենք մեր կողմից ստեղծված հայանպաստ փաստաթղթեր: Մինչ օրս մենք պաշտպանվողի դերում ենք՝ ինչ-որ մի բան են նրանք ստեղծում, մենք փորձում ենք այդ ստեղծածի դեմն առնել: Բայց ինքներս այնտեղ պետք է լինենք նախաձեռնող»:
Զարուհի Փոստանջյանը նաեւ ասաց, թե ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավարը մինչեւ Վեհաժողովի լիագումար նիստերին մասնակցելը՝ խորհրդակցություններ պիտի հրավիրեր, որտեղ միասնական դիրքորոշումներ կմշակվեին գոնե արտաքին քաղաքական հարցերի վերաբերյալ. «Բայց մեզ մոտ սովորել են ամեն ինչ լուծել միանձնյա որոշումներով»: Դավիթ Հարությունյանն արձագանքելով այս պնդմանն՝ «Առավոտին» ասաց. «Պատվիրակությունը մշտապես հավաքվում ու քննարկում է մեր առջեւ ծառացած խնդիրները, եւ հետամուտ ենք լինում բոլորիս կողմից մշակված քաղաքականությանը: Անշուշտ՝ պատասխանատվությունն այդ քայլերի համար կրում եմ ես, քանի որ ես եմ շարունակում աշխատանքը: Բայց նախապես քննարկում լինում է: Եվ այդ հանդիպումներին մասնակցել են ե՛ւ կոալիցիան, ե՛ւ ընդդիմությունը ներկայացնող պատգամավորները: Նույնը տեղի է ունեցել ժամանակին, երբ պատվիրակության անդամ էր նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանը: Ցավով պետք է նշեմ, որ Զարուհի Փոստանջյանը, որպես կանոն, հրաժարվում է մասնակցել նման հանդիպումների: Իհարկե, օբյեկտիվ պատճառներով նա չի կարողացել մասնակցել ԵԽԽՎ ապրիլյան նստաշրջանին: Շատ ցավալի է, որ առանց նման քննարկումների մասնակցելու, առանց տեղեկացված լինելու ընթացքի մասին՝ տիկին Փոստանջյանն անում է հայտարարություններ, որոնք ուղղակի չեն համապատասխանում իրականությանը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել