Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԵԹԵ ՑԱՆԿԱՆԱՆ՝ ԳՆԱՀԱՏԱԿԱՆ ԿՏԱՆ «ՄԱՐՏԻ 1»-ԻՆ

Մայիս 29,2010 00:00

Հունիսի 7-ից սկսվող ԱԺ քառօրյա նիստերում ներկայացվելու է «Մարտի 1»-ի
ժամանակավոր հանձնաժողովի եզրակացությունում ընդգրկված առաջարկությունների կատարման ընթացքի մշտադիտարկման վերաբերյալ առաջին գրավոր զեկույցը:

\"\"\"\"
\"\"\"\"

«Բանակի ներգրավումն ու մասնակցությունը հետընտրական գործընթացներին եւ մարտի 1-2-ի իրադարձություններին» զեկույցի հրապարակումից հետո Փաստահավաք խմբի նախկին անդամ Անդրանիկ Քոչարյանը մամուլում բազմիցս պնդեց, թե ԱԺ համապատասխան երկու մշտական հանձնաժողովները պարտավոր են իրականացնել բանակի մասնակցության չափը որոշելու հետագա ուսումնասիրություններ. «Պաշտպանության, ներքին գործերի եւ Պետաիրավական հանձնաժողովը, որն, ըստ էության, նաեւ ժամանակավոր հանձնաժողովի զեկույցի հիման վրա ինչ-որ գործընթացներ է իրականացնում, նրանք պարտավոր են այս զեկույցի մեջ մատնանշված որոշակի հարցեր դնել լուրջ ուսումնասիրության, նաեւ գուցե անհրաժեշտ լինի որոշակի փաստահավաք գործունեություն իրականացնել՝ բանակի մասնակցության աստիճանը որոշելու համար»:
Պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի հանձնաժողովի անդամ Հրայր Կարապետյանն այս կապակցությամբ «Առավոտին» ասաց. «Խորհուրդ կտամ պարոն Քոչարյանին՝ գրավոր դիմել հանձնաժողովին: Մեր հանձնաժողովը կծանոթանա խնդրի էությանը եւ կպատասխանի»: Վերոհիշյալ զեկույցի համահեղինակ՝ Փաստահավաք խմբի նախկին անդամ Սեդա Սաֆարյանը մեր հարցին, թե արդյոք գրավոր կդիմե՞ն այս մշտական հանձնաժողովին՝ այսպես արձագանքեց. «Ես նոր՝ ձեզնից իմացա, որ իմ գործընկերն այդպիսի ցանկություն ունի, քանի որ Անդրանիկ Քոչարյանն ինձ չի ասել այդ մասին: Բայց ես համակարծիք եմ նրան, որ դիմենք, ու ներպետական ինչ միջոցներ ունենք՝ սպառենք»:
Այն, որ ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովը պիտի զբաղվի այս խնդրով՝ ասել էր ոչ միայն Անդրանիկ Քոչարյանը, այլ նաեւ «Մարտի 1»-ի ժամանակավոր հանձնաժողովի նախկին անդամներ Արամ Սաֆարյանը եւ Արծվիկ Մինասյանը, նաեւ այդ հանձնաժողովի նախկին ղեկավար Սամվել Նիկոյանը. «Եթե կան խնդիրներ, իրենք պետք է դիմեն ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովին, որը զբաղվում է առաջարկությունների կատարման մոնիտորինգով»: Ժամանակավոր հանձնաժողովին անդամակցած ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանն էլ էր ասել. «Այդ հարցով այսօր պաշտոնապես զբաղվում է ԱԺ Պետաիրավական հարցերով հանձնաժողովը: Կարծում եմ՝ ճիշտ կլիներ, որ այդ հանձնաժողովը ուսումնասիրեր նաեւ այդ զեկույցը, որովհետեւ, հիշում եք՝ ԵԽԽՎ վերջին բանաձեւերից մեկում նշված էր, որ Փաստահավաք խմբի անդամները կարող են նաեւ առանձին ներկայացնել իրենց զեկույցները, եւ կարծում եմ, որ ճիշտ կլիներ, որ այդ հանձնաժողովն անդրադառնար դրան, ուսումնասիրեր եւ իր կարծիքը ներկայացներ, նաեւ ընդգրկեր իր գործունեության մեջ»:
Սակայն ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը մեր զրույցի ընթացքում նշեց, թե իրենց հանձնաժողովը չի կարող անդրադառնալ այս զեկույցին. «Հիշեցնեմ, որ մեր մանդատը որոշված է ոչ թե ժամանակավոր հանձնաժողովի որոշմամբ այլ ԱԺ որոշմամբ եւ այն բավականին սահմանափակ է՝ «Մարտի 1-2»-ի իրադարձություններն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի առաջարկությունների մշտադիտարկում: Այդ առաջարկությունների մեջ չի մտնում այն հարցադրումը, որը հիմա արծարծվում է»:
Սեդա Սաֆարյանն այս պատճառաբանության կապակցությամբ ասաց. «Դավիթ Հարությունյանը մերժողական դիրքորոշում է դրսեւորում՝ պատճառաբանելով, թե ինքը չունի այդ իրավասության սահմանները: Բայց կարծում եմ՝ դա այն հարցը չէ, որ քննարկվի այդ համատեքստում եւ Փաստահավաք խմբի անդամների պատրաստած փաստաթուղթը թերագնահատվի ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի եզրակացությունից»: Ընդմիջեցինք՝ հիշեցնելով, թե խոսքը ոչ թե թերագնահատման մասին է, այլ 2009 թվականի դեկտեմբերի 10-ին ԱԺ կայացրած որոշման, ըստ որի՝ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովին հանձնարարություն է տրվում իրականացնել միայն «մարտի 1-2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների եւ դրանց պատճառների ուսումնասիրության՝ ՀՀ Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովի եզրակացությունում ընդգրկված առաջարկությունների կատարման ընթացքի մշտադիտարկում»: Սակայն Սեդա Սաֆարյանն էլի պնդեց. «Պետք է ցանկանալ: Եթե չի ցանկանում՝ դժվար է պարտավորեցնել, որ որեւէ մեկը մարտի 1-ի փաստերին գնահատականներ տա: Այդ նկատառումով, կարծում եմ, որ Դավիթ Հարությունյանը պիտի ոչ թե մտածի ձեւական կողմի մասին եւ տեղ գտնի, որ խուսափի հարցի քննարկումից, այլ իր բոլոր իրավասությունները, լիազորություններն օգտագործի, որ հարցին մոտենա զուտ ազգային տեսակետից, այսինքն՝ մարտի 1-ը փակված էջ չհամարվի մեզ համար: Թե՛ մշտադիտարկում իրականացնող հանձնաժողովի, թե՛ մեր՝ փաստահավաք խմբի անդամներիս նպատակը մեկն է, եւ ցանկալի կլինի, որ Դավիթ Հարությունյանը մերժողական մոտեցում չցուցաբերի մեր առաջարկների նկատմամբ»:
Ի դեպ, ըստ ԱԺ վերոհիշյալ որոշման՝ մշտադիտարկման արդյունքների մասին մինչեւ 4-րդ գումարման ԱԺ լիազորությունների ավարտը յուրաքանչյուր հերթական նստաշրջանում մեկ անգամ պիտի ներկայացվի եզրակացություն: Եվ այդ գրավոր եզրակացությունն ու խորհրդարանի նիստում դրա քննարկման հատուկ ընթացակարգի վերաբերյալ ԱԺ որոշման նախագիծը հերթական նստաշրջանի վերջին չորսօրյա նիստերից առնվազն 5 օր առաջ ուղարկվում են ԱԺ նախագահին եւ ընդգրկվում Ազգային ժողովի հերթական նստաշրջանի առաջիկա չորսօրյա նիստերի օրակարգում: Ըստ այդմ՝ հունիսի 7-ից սկսվող քառօրյա նիստերում առաջին անգամ ներկայացվելու է այդ եզրակացությունը, որը պիտի հայտնի դառնա ամենաուշը հունիսի 2-ին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել