Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՍԱՔՈՒՆՑԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ՊԱՀԱՆՋԵԼ

Մայիս 29,2010 00:00

Ոստիկանության Չարենցավանի բաժնում Վահան Խալաֆյանի մահվան հետ կապված ծառայողական քննության արդյունքում Չարենցավանի ոստիկանության պետ Նորիկ Հեբոյանը եւ բաժնի եւս երեք աշխատակիցներ ազատվել են աշխատանքից: Այս մասին «tert.am»-ի թղթակցին ասել է Սարդարապատի հուշահամալիր այցելած՝ Հայաստանի ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանը: Սարգսյանի ասելով, Չարենցավանի ոստիկանապետը զբաղեցրած պաշտոնից ազատվել է դեռ հինգ օր առաջ՝ իր ղեկավարած բաժնում տիրող բարձիթողի վիճակի եւ թույլ հսկողության պատճառով: Ոստիկանության Չարենցավանի բաժին բերման ենթարկված Վահան Խալաֆյանի մահվան դեպքի առթիվ Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ավելի վաղ կալանավորվել են Չարենցավանի ոստիկանության քրեական հետախուզության բաժանմունքի պետ Աշոտ Հարությունյանն ու նույն բաժանմունքի օպերլիազոր Մորիս Հայրապետյանը:
Երեկ «Հելսինկյան քաղաքացիական ընկերակցության Վանաձորի գրասենյակի» ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը, որը Վահան Խալաֆյանի սպանությունից հետո առաջինն էր պահանջել ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի ու նաեւ Չարենցավանի ոստիկանապետի հրաժարականը կամ պաշտոնանկությունը, «Առավոտի» հետ զրույցում հայտարարեց. «Ալիկ Սարգսյանի հրաժարականի պահանջը մնում է օրակարգում: Ինչ վերաբերում է Չարենցավանի ոստիկանապետին, ապա նրան ոչ միայն պետք էր ազատել իր պաշտոնից, այլեւ դեռ քննություն պետք է կատարվի նրան քրեական պատասխանատվության ենթարկելու առումով: Եթե նրա գլխավորած բաժնում կատարվել է հանցագործություն, որից նա տեղյակ չի կամ տեղյակ է եղել եւ միջոցներ չի ձեռնարկել, ապա դա եւս քրեորեն պատժելի արարք է»: Իրավապաշտպանը նաեւ շեշտեց, որ Ալիկ Սարգսյանի այդ քայլի մասին՝ որպես արդարություն հաստատելու դրսեւորման, հիմա խոսելն ավելորդ է. «Ես հակված եմ դա գնահատել որպես սեփական պատասխանատվությունը մեղմելու կամ նվազեցնելու, իրենից վանելու փորձ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել