Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱԼԻԵՎԸ ԿՐԿԻՆ ՍՊԱՌՆԱՑ ՊԱՏԵՐԱԶՄՈՎ

Մայիս 29,2010 00:00

Մայիսի 28-ը Ադրբեջանում եւս նշվում է որպես Հանրապետության օր: «Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ, նախօրեին մայրաքաղաք Բաքվի «Բուտա» պալատում տեղի ունեցած հանդիսավոր միջոցառման ժամանակ նախագահ Իլհամ Ալիեւը իր ելույթում ծավալուն անդրադարձ է կատարել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը: Մասնավորաբար, հայտարարել է, թե դույզն- իսկ չի կասկածում, որ երկրի տարածքային ամբողջականությունը կվերականգնվի:
Նա ասել է, որ սկզբունքային հարցերում իր երկիրը ոչ մի զիջում չի արել. Ադրբեջանի դիրքորոշումը հիմնված է միջազգային իրավունքի նորմերի, միջազգային կառույցների ընդունած որոշումների եւ բանաձեւերի վրա, եւ Ադրբեջանն ամեն ինչ կանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար։ Մինչդեռ, ըստ Ալիեւի՝ «Հակառակ կողմի (Հայաստանի) դիրքորոշումը հիմնված է ցանկության վրա, ինչը որեւէ պարագայում չի կարող հակամարտության կարգավորման հիմք լինել»: Նա կրկին վստահեցրել է, որ ի տարբերություն պաշտոնական Երեւանի՝ Բաքուն ընդունում է Մադրիդյան սկզբունքները: Դատապարտելով մայիսի 23-ին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները՝ Ալիեւն ասել է, թե Հայաստանը հույսեր է կապել հայ-թուրքական սահմանի բացման հետ, սակայն թուրքական կողմի սկզբունքային դիրքորոշումը խափանել է հայերի ծրագրերը։ Ադրբեջանի ղեկավարը հերթական անգամ հայտարարել է, թե իրենք ձգտում են ղարաբաղյան հարցի խաղաղ կարգավորմանը, սակայն ադրբեջանական բանակը ի զորու է ցանկացած պահի կարճ ժամկետում վերականգնել երկրի տարածքային ամբողջականությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել