Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՆՈՐԻՑ «ԱԶԱՏՈՒԹՅԱՆ» ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ ԷՐ

Մայիս 29,2010 00:00

Երեկ «Մարտի 1»-ի դեպքերից հետո առաջին անգամ Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչները «Ազատության» հրապարակում բողոքի ակցիա անցկացրեցին:

\"\"

Երեկ Հանրապետության տոնն էր: Ուղիղ 92 տարի առաջ, 1918 թվականի մայիսի 28-ին հայ ժողովուրդը հռչակեց Հայաստանի Հանրապետության անկախությունը։ Երեկ Անկախության տոնը հայրենի ընդդիմության՝ Հայ ազգային կոնգրեսի համակիրներն ու անդամները յուրովի նշեցին: Փոքրիկ ու ինքնաբուխ ակցիայով նրանք իրենք իրենց վերադարձրին ավելի քան մեկ տարի առաջ ստորգետնյա ավտոկայանատեղիներ կառուցելու համար փակված Ազատության հրապարակը, որը իշխանությունները վերաբացել էին դեռ մի քանի օր առաջ: Ազատության հրապարակի «վերանվաճումը», սակայն, երեկ էլ ՀՀ քաղաքացիներին հեշտ չէր եղել: Կոնգրեսի մի քանի տասնյակ ներկայացուցիչներ երեկ երեկոյան մտել են հրապարակ եւ նստացույց են սկսել: Կարմիրբերետավորները վայրկյաններ անց հայտնվել ու խասյաթի համաձայն էլի փորձել են խոչընդոտել քաղաքացիների սահմանադրական իրավունքի իրացմանը, ու արդյունքում քաշքշուկ է տեղի ունեցել: Ոստիկանները ակցիայի մասնակիցներից մի քանիսին քաշքշելով հասցրել են մինչեւ հրապարակի դիմացի մայթում գտնվող Սարյանի արձանին հարող այգի:
Նստացույցի մասնակիցներից մեկը՝ նախկին քաղկալանավոր, ՀԱԿ երիտասարդական թեւի ներկայացուցիչ Տիգրան Առաքելյանը, «Առավոտի» հետ զրույցում պատմեց, որ ակցիայի հենց մեկնարկի ժամանակ՝ ժամը 18-ի սահմաններում, մի քանի տասնյակ կարմիրբերետավորներ՝ Երեւանի ոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանի գլխավորությամբ, խոչընդոտել էին ակցիայի մասնակիցների ազատ տեղաշարժին՝ արգելելով մնալ հրապարակի տարածքում: «Ռոբերտ Մելքոնյանը հրահանգեց, թե՝ ամեն մեկին 5-6 հոգով գրեք, տարեք: Մեզ քաշքշելով, հարվածելով փորձեցին եւ մեզ դուրս բերեցին հրապարակից, բայց մենք, ինչպես տեսնում եք, այստեղ ենք: Նրանք, ի վերջո, ետ քաշվեցին»,- ասաց Տ. Առաքելյանը: Նա պարզաբանեց, որ ակցիան նախապես կազմակերպված չի եղել:
ՀԱԿ երիտասարդական թեւի ներկայացուցիչներն ու ավանդական դարձած «քաղաքական զբոսանքի» մասնակիցներն ուղղակի միացել են նախկին քաղբանտարկյալ Վարդգես Գասպարիին, որը քաղբանտարկյալներին ազատ արձակելու պահանջով պաստառով եկել ու նստել էր հրապարակի՝ Թումանյանի արձանին հարող տարածքում: Տեղում որոշում էր կայացվել, որ նստացույցը կտեւի երկու ժամ՝ մինչեւ ժամը 20:00-ն: Նստացույցի մասնակիցներից յուրաքանչյուրն ինքն իր պահանջով էր նստացույցի նստել, բայց բոլորի պահանջներն էլ իշխանություններից վերջին հաշվով նույնն էին՝ ազատ արձակել քաղբանտարկյալներին ու կատարել ՄԻ Եվրոպական դատարանի՝ «Ա1+»-ի խախտված իրավունքները վերականգնելու եւ հեռուստաընկերությանը եթեր վերադարձնելու մասին որոշումը, հրաժարվել Հայաստանում օտարալեզու դպրոցներ բացելու պարտադրված նախաձեռնությունից: Երբեմն-երբեմն նրանք նաեւ կարգախոսներ էին վանկարկում՝ «Ազատ, անկախ Հայաստան», «Սերժիկ հեռացիր», «Պայքար, պայքար մինչեւ վերջ» եւ այլն: «Կան խնդիրներ, որոնց վրա մենք ուզում ենք ուշադրություն հրավիրել: Օրինակ, հիմա հեռուստաընկերությունների թվային հեռարձակման համատեքստում տեղի ունեցող քննարկումներից, գոնե ինձ համար, հասկանալի է, որ միտումներ կան «Ա1+»-ի վերաբացումը ցանկացած գնով թույլ չտալու համար, որի նպատակով իշխանությունները պատրաստ են նույնիսկ էլի մի քանի հեռուստաընկերություն փակել: Մենք պահանջում ենք ՄԻԵԴ դատարանի որոշման կատարում՝ անկախ այլեւայլ հանգամանքներից»,- նստացույցի պահանջները ներկայացնելով՝ ասաց ՀԱԿ երիտթեւի ներկայացուցիչը: Ի դեպ, նա հավելեց, որ թեեւ հստակ որոշում դեռ չկա, բայց հավանաբար իրենք ամեն օր ժ. 18-20-ը Ազատության հրապարակում այս եւ այլ պահանջներով նստացույց կանեն: «Դա կարող է տեւել մի քանի օր՝ որպես նախազգուշացում: Եթե մենք մեր պահանջների կատարման ուղղությամբ կոնկրետ քայլեր կամ միտումներ չտեսնենք, մենք երեւի մյուս շաբաթվա երկրորդ կեսից շուրջօրյա նստացույցներ կանցկացնենք»,- իրենց մոտակա ծրագրերի մասին խոսելով՝ նշեց նստացույցի մասնակիցը:
Ի դեպ, ակցիայի մասնակիցները կրում էին ոչ միայն դեռ անազատության մեջ գտնվող քաղբանտարկյալների լուսանկարները, այլեւ այսպիսի բովանդակությամբ պաստառներ՝ «Բողոք ընդդեմ մարդու իրավունքների ոտնահարման», «Դադարեցնել խոշտանգումները բանակում, կալանավայրերում, քաղբանտարկյալների նկատմամբ»:
Ի դեպ, ոստիկանները երեկ հերթական անգամ փորձել էին բերման ենթարկել Ազատության հրապարակում գտնվող ՀԱԿ արտաքին կապերի պատասխանատու Վլադիմիր Կարապետյանին: Նրա ասելով, ոստիկանները փորձել էին ոչ միայն ուժ կիրառելով, այլեւ հայհոյանքներ տեղալով ցրել նստացույցի մասնակիցներին, ինչը նրանց չէր հաջողվել անել: Ինչ վերաբերում է իրեն բերման ենթարկելուն, ապա Վլ. Կարապետյանը պատմեց, որ իրեն, ձեռքերը ոլորելով, մի քանի ոստիկաններ հրել էին դեպի մեքենան, բայց ճանապարհի կեսին փոշմանել էին: «Մենք վերադարձանք մեր հրապարակը: Այստեղի էներգետիկան, աուրան լրիվ ուրիշ է եւ յուրահատուկ է: Սա մեզ համար իսկապես ոգեւորիչ է»,- ասաց Վլ. Կարապետյանը: Ի դեպ, նա պատմեց, որ ոստիկանության կողմից հրահրված միջադեպից հետո մոտեցել է Ոստիկանության պարեկապահակային ծառայության հրամանատար Վալերի Օսիպյանին եւ փորձել է կատարվածի վերաբերյալ բացատրություններ ստանալ: «Այո, մոտեցա տխրահռչակ Օսիպյանին, որի ներկայությունը վերջին շրջանում այսպիսի դեպքերում զսպող դեր էր կատարում իր ենթակաների վրա, ու դժգոհությունս հայտնեցի, որ ինքը «օպերացիայի» սկզբում չկար, ու իր ենթականերից մեկը նստացույցի մասնակիցների հասցեին սեռական բնույթի հայհոյանքներ էր տեղում: Նա անմիջապես հայտարարեց, թե նման բան հնարավոր չէ: Ես էլ ասացի, որ պատրաստ եմ այդ հայհոյանքների տեսագրությունը հրապարակել, որից հետո ինձ իրավունք կվերապահեմ նրան ստախոս անվանել: Դրա շուրջ պայմանավորվեցինք եւ վերջ»: Ի հավելումն ՀԱԿ երիտթեւի ներկայացուցիչ Տ. Առաքելյանի հայտարարությունների, Վլ. Կարապետյանն ասաց, թե նստացույցը շարունակելու վերաբերյալ որեւէ որոշում դեռ չի կայացվել:
«Առավոտի» տեղեկություններով, երեկվա միջադեպի արդյունքում տուժածներ եւ ոստիկանության բաժին բերման ենթարկվածներ չեն եղել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել