Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՍԵՐԺԻՑ ԴԺԳՈ՞Հ ԵՔ՝ ՊԱՇՏՊԱՆԵՔ ՀԱԿ-ԻՆ

Մայիս 29,2010 00:00

\"\"Պաշտոնական Մոսկվային առաջարկում է ՀՀՇ վարչության անդամ Երջանիկ Աբգարյանը

«Հայատյացությունն այսօր մարդատյացության ամենաարմատական դրսեւորումներից է»,- երեկ Բրյուսելում հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Փաստել է, որ վերջին ժամանակներս հայերը դարձել են «ատելության քարոզչության թիրախ», եւ հղումներ անելով Էրդողանի հայտարարություններին, թե հայերին կարտաքսեն Թուրքիայից՝ վերհիշել է 1915-ի իրադարձությունները: ՀՀ նախագահի ուշադրությունից չեն սպրդել նաեւ Ադրբեջանից հնչող ռազմատենչ հայտարարությունները՝ կրկին հիշել է «պատմության անողոք դասերը»: Իսկ նախորդ օրը հայտարարել էր, որ Թուրքիան սպառել է իր վստահության պաշարը: ՀՀ նախագահի դիրքորոշման կոշտացումն արդյոք պատասխա՞նն է միջազգային հանրության՝ վերջին շրջանում Հայաստանի եւ հայկական խնդիրների վերաբերյալ ակնհայտ կոշտ վերաբերմունքին՝ Եվրոպական խորհրդարանի ընդունած 2216 բանաձեւին, Ռուսաստանի, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչների, Եվրախորհրդի Նախարարների կոմիտեի նախագահության, Ֆրանսիայի արտգործնախարարության աննախադեպ կոշտ արձագանքը Ղարաբաղում կայացած խորհրդարանական ընտրություններին եւ այլն: «Առավոտի» հետ զրույցում անդրադառնալով այս հարցին՝ ՀՀՇ վարչության անդամ Երջանիկ Աբգարյանի կարծիքով՝ աչքի զարնող առաջին փաստը հետեւյալն է. «Վերջապես Սերժ Սարգսյանի ուղեղին հասավ, որ սխալ է թույլ տվել, երբ իր իշխանությունն այդ տեսքով ստորագրում էր հայ-թուրքական արձանագրությունները»: Պարոն Աբգարյանն այսօր առավել եւս պնդում է, որ արձանագրություններում առկա նախապայմանները որեւէ աղերս չունեին հայ-թուրքական ներկա հարաբերությունների գլխավոր հարցերի հետ՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատում եւ սահմանի բացում: «Փաստորեն, Սերժ Սարգսյանը նահանջի փող է հնչեցնում՝ ցույց տալով, որ Հայաստանն այլեւս մտադրություն ունի Թուրքիայի հետ հարաբերությունների այլ գիծ որդեգրել եւ երկու երկրների միջեւ հարաբերությունների հաստատումը չշաղկապել ԼՂՀ եւ Ցեղասպանության խնդիրների հետ»,- կարծում է ՀՀՇ վարչության անդամը: Նա նաեւ մեղադրում է մեր դիվանագիտական կորպուսին, որ ի վիճակի չի եղել արձանագրությունների հարցում կոնկրետ երաշխիքային բազա ստեղծել, որտեղ ամրագրված կլիներ հետագա յուրաքանչյուր քայլը, եւ թե դրանց չկատարման դեպքում ինչ կհետեւեր: Ի դեպ, պարոն Աբգարյանը մեկ այլ վարկած էլ է առաջ քաշում. «Սերժ Սարգսյանն արձանագրությունները ստորագրեց առանց երաշխիքային բազայի՝ հույս ունենալով, որ աշխարհը կճանաչի իր լեգիտիմությունը: Իր կարծիքով, այդ հարցը նա արդեն լուծել է, եւ քանի որ իր սխալն էլ գիտակցել է՝ հետ է նահանջում»: Իսկ պարոն Սարգսյանի բրյուսելյան ելույթների «լիրիկական զեղումները» մեր զրուցակիցը դիտարկում է իբրեւ թուրք-ադրբեջանական ճամբարից հնչող սպառնալիքների պատասխան միայն. «Մարդը փաստեր չի բերում մեջտեղ: Խոսում է զգացմունքային բաներից: Այսինքն, ըստ էության, այս իրադրության մեջ առաջարկելու ոչինչ չունի: Իսկ առանց որեւէ բան առաջարկելու՝ լուրջ չի: Նոր միտք պետք է լինի, բայց նա եւ իր արտաքին գործերի նախարարությունը ի վիճակի չեն բանակցություններ վարելու, անընդունակ են: Այս 12 տարիների քաղաքականության մեջ ակնհայտ երեւում է, որ Հայաստանի դիվանագիտական կորպուս ասածը զիբիլ է՝ բառիս բուն իմաստով: Ամեն օր դիվանագիտական պարտությունների նորանոր դրսեւորումներ են լինում, եւ այս ամբողջ աղմուկ-աղաղակն ապացույցն է նրա, որ Հայաստանի դիվանագիտական ռեսուրսը վաղուց սպառվել է, եւ այս վարչակարգը չի կարող երկիրն այս իրադրությունից դուրս բերել, ուստի ինչքան շուտ սրանք հեռանան եւ Հայաստանում նորմալ ընտրություններ լինեն, լեգիտիմ իշխանություն հաստատվի՝ թեպետ դժվարությամբ, ահռելի ջանքեր թափելով, մտավոր եւ այլ ռեսուրսներ օգտագործելով՝ հնարավոր կլինի դրությունը փրկել»:
Խոսելով ղարաբաղյան խորհրդարանական ընտրություններին միջազգային կառույցների եւ նրանց ներկայացուցիչների արձագանքներից էլ՝ Երջանիկ Աբգարյանը վրդովմունք հայտնեց հատկապես Հայաստանի ռազմավարական գործընկեր ՌԴ արտգործնախարարության տարածած հաղորդագրության վերաբերյալ. «Ի՞նչ է նշանակում այդ չափազանց կոշտ անդրադարձը: Ռուսաստանը երբեք այդպես չէր արձագանքել, իսկ մերոնք ոչ մի բանի դեմն առնել չեն կարողանում: Ռուսաստանը հիմա մեջտեղ է գցել իր քաղաքագետներին եւ նրանց բերանով զգուշացնում է, որ Մոսկվան Սերժ Սարգսյանից դժգոհ է: Սերժ Սարգսյանը Մոսկվայի «նախագիծ» էր, եւ ես չեմ հասկանում ու զարմանում եմ՝ ինչո՞ւ են «ձեւեր թափում», մանավանդ, որ Սերժ Սարգսյանը կատարում է նրանց բոլոր հրամանները, էլ չեմ խոսում այն մասին, որ Հայաստանը ողողվել է ռուսական սեփականություններով, անկախ նրանից, որ առանձին դեպքերում տերերը հայեր են»: Ի հեճուկս Մոսկվայի ստեղծած Սերժ Սարգսյանից դժգոհության արտաքին տպավորության՝ Երջանիկ Աբգարյանը կոնկրետ եւ գործնական առաջարկ է հնչեցնում. «Դժգո՞հ եք՝ պաշտպանեք Հայ ազգային կոնգրեսին, որը կողմ է Ռուսաստանի հետ առողջ դաշնակցային հարաբերություններին՝ բոլոր ոլորտներում: Անպատիվ մարդու հետ գործ բռնելը Ռուսաստանի սխալն է: Մարդ, որը պատասխանատուն է ոչ միայն մարտի 1-ի դեպքերի համար»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել