Լրահոս
Օրվա լրահոսը

ՍՊԱՍՎԱԾ ԳԻՐՔԸ ՀԱՆԴԻՊՈՒՄ Է ԻՐ ԸՆԹԵՐՑՈՂԻՆ

Մայիս 28,2010 00:00

Գրող Քեմալ Յալչընի բանավոր պատմական աշխատությունը ներկայացնում է Անատոլիայի երեսունվեց զավակների իրական պատմությունները:

«Հարյուրամյակի վկա Անատոլիայի զավակները» վերտառությամբ գրքում տեղ են գտել վերջին հարյուրամյակում Թուրքիայից հարկադրաբար հեռացված եւ աշխարհի չորս կողմը սփռված հայերի, քրդերի, թուրքերի, հույների, արաբների, լազերի, զազաների, ասորիների, ալեւիների իրական կյանքի պատմություններ: Նրանք Անատոլիան, իրենց ծննդավայրերը երբեք, սակայն, չմոռացան: Նրանք, չնայած իրենց հեռանալուց հետո անցել են երկար տարիներ եւ շատ ցավալի դեպքեր են տեղի ունեցել, «որտեղացի՞ եք» հարցին դեռ շարունակում են պատասխանել՝ «ստամբուլցի եմ», «կապադովկիացի», «թոքաթցի», «սվասցի», «մալաթիացի», «իգդիրցի», «միդյաթցի»: Ի՞նչ է պատահել այդ մարդկանց: 1914թ. օսմանյան մարդահամարի համաձայն՝ Թուրքիայի Հանրապետության ներկայիս սահմաններում ապրող բնակչության ընդհանուր թիվը կազմում էր մոտավորապես 16,5 միլիոն: Այդ բնակչության մոտ 4 միլիոնը կազմում էին հայեր, հույներ, ասորիներ, հրեաներ, եզդիներ եւ այլ ոչ մահմեդական ազգեր:

94 տարի անց՝ 2008թ., Թուրքիայի սահմաններում մնացել էր ընդամենը հարյուր հազարի չափ քրիստոնյա: Քրիստոնյա բնակչության նվազումը կախված էր Հանրապետական շրջանում բնակչության փոխանակումներից եւ գաղթերից, ինչպես նաեւ հատկապես 1955թ. սեպտեմբերի 6-7-ից հետո, երբ շատերը արտագաղթեցին եվրոպական երկրներ, Ամերիկա, Կանադա, Ավստրալիա. ոմանք՝ կամավոր, ոմանք էլ անկախ իրենց կամքից սփռվեցին աշխարհի չորս ծագերը: Բացի այդ՝ 1971թ. մարտի 12-ի եւ 1980թ. սեպտեմբերի 12-ի զինվորական հեղաշրջումներից հետո Թուրքիայի Հանրապետության հազարավոր քաղաքացիներ, քաղաքական պատճառներից ելնելով, ապաստան գտան արեւմտաեվրոպական երկրներում: Այդ հոսքը շարունակվեց երկար տարիներ՝ հակառակ բոլոր արգելքներին ու դժվարություններին: Ահա այս զրկանքները տեւել են տարիներ շարունակ, իսկ նրանց կյանքի պատմություններն արտացոլված են «Անատոլիայի զավակները՝ հարյուրամյակի վկաներ» գրքում: Այս զրկյալները Անատոլիայի հարազատ զավակներն են, որոնք ապրում են հայրենիքի կարոտով ու իրենց անցյալի դառը, միեւնույն ժամանակ քաղցր հուշերով: Նրանցից յուրաքանչյուրը վերջին հարյուրամյակի կենդանի վկան է: Անատոլիայի զավակների ուրախություններն էլ են մերը, դառնություններն էլ: Երբեք թող չմոռացվեն Անատոլիայի զավակները, թող երբե՛ք այդ ցավը չլինի… «Անատոլիայի զավակները՝ հարյուրամյակի վկաներ» գրքում կհանդիպեք այն բոլոր արհավիրքներին, որոնք անցան Անատոլիայում ապրող տարբեր կրոնների, լեզուների, ազգությունների եւ մշակույթների պատկանող մարդկանց գլխով: Այն՝ ինչ կկարդաք, չեք կարողանալու հավատալ, ու դուք, ինքներդ ձեզ հարց եք տալու. «Մի՞թե դա հնարավոր է: Մի՞թե որեւէ մայր նման բան կանի իր զավակին: Մի՞թե որեւէ պետություն այդպես կվարվի սեփական քաղաքացիների հետ»: Այս գրքում գրվածներն ընդամենը մեկ էջ են իրական կյանքից, մի կաթիլ՝ օվկիանոսից:

«Անատոլիայի զավակները՝ հարյուրամյակի վկաներ» գիրքը կազմված է վերջին հարյուրամյակում Անատոլիայից, Թուրքիայից հեռացած, աշխարհի չորս կողմը սփռված մարդկանցից 36-ի իրական կյանքի պատմություններից, մարդիկ, ովքեր հեռացել են Թուրքիայից, բայց չեն կարողանում այն մոռանալ: Նրանք Անատոլիայի հարազատ զավակներն են, վերջին հարյուրամյակի կենդանի վկաները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել