Երեկ «Հայելի» ակումբի հյուրը կոմպոզիտոր, «Կանթեղ» հայ դասական երաժշտության անսամբլի գեղարվեստական ղեկավար Արփինե Կալինինան էր: Նա հայտնեց, որ հունիսի 1-25-ը համերգաշար է նախաձեռնել, որի ընթացքում նախատեսված է պրոպագանդել հայկական ժողովրդական երաժշտությունը: Համերգները տեղի կունենան Ե. Չարենցի, Մ. Սարյանի, Ա. Խաչատրյանի տուն-թանգարաններում: Մուտքը ազատ է լինելու:
Ա. Կալինինայի խոսքերով, ծրագիրը հիմնականում ճանաչողական բնույթ է կրում: «Ուզում ենք, որ երիտասարդները գան եւ լսեն մաքուր ժողովրդական կատարումներ: Շատերը անգամ չգիտեն, թե ո՞վ է Կոմիտասը, ի՞նչ է գրել…»,- նշում է Ա. Կալինինան ու հավելում, որ Կոմիտասի ստեղծագործությունները ազգագրական երգ-երաժշտության հանճարեղ մշակումներ են, որոնք Կոմիտասը կատարել է մեծագույն պատասխանատվությամբ եւ ժողովրդին վերադարձրել իր իսկ ստեղծածը՝ գոհարների տեսքով: Կոմպոզիտորը նշում է, որ այսօր գերիշխող «ժամանցային», հաճախ ցածրաճաշակ ու ազգային հիմքերից հեռու «երաժշտության» ֆոնին ավելի քան անհրաժեշտ է երիտասարդներին ներկայացնել բնիկ, անխառն ու ազնիվ հայկական երաժշտություն: Ա. Կալինինան ընդգծում է, որ անսամբլը ստեղծման օրվանից (2007թ.) աշխատում է էնտուզիազմով՝ չունի հովանավորներ. «Դիմել ենք տարբեր տեղեր, բայց մնացել ենք անարձագանք»,- հայտնում է բանախոսը ու ավելացնում, որ մեկ ամիս առաջ էլ դիմել են մշակույթի նախարարություն: Այնտեղից էլ խոստացել են միայն աջակցել Կոմիտասի անվան երաժշտական տան դահլիճի վարձակալությամբ: Ա. Կալինինայի խոսքերով, ֆինանսական աջակցության մասին ոչ մի խոսք չի եղել: