Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԻԿ ԴԱՐՉԻՆՅԱՆ. «ՆՊԱՏԱԿՍ ԿՐԿԻՆ ԲԱՑԱՐՁԱԿ ՉԵՄՊԻՈՆԻ ԳՈՏԻՆԵՐԸ ՄԻԱՎՈՐԵԼՆ Է»

Մայիս 28,2010 00:00

Ավանդույթի համաձայն, Վախթանգ Դարչինյանը հերթական մենամարտից հետո ժամանել է Հայաստան՝ իր երկրպագուների հետ կիսելու պրոֆեսիոնալ կարիերայում տարած 35-րդ հաղթանակը (27-ը՝ նոկաուտով):

\"\"

Մայիսի 20-ին Ավստրալիայի Պարամատա քաղաքում նա մրցավարների միաձայն որոշմամբ միավորներով պարտության մատնեց փորձառու ֆիլիպինցի Էրիկ Բարսելոնային՝ նրանից խլելով 53,5 կգ քաշային կարգում IBO-ի գոտին:

Հայ մարզասերները, անշուշտ, դիտել են այդ մենամարտը, սակայն հիշեցնենք, որ Վիկը չնայած ռինգ էր մտել նոկաուտ անող ձախ ձեռքի կոտրվածքով, սակայն դա չխանգարեց մրցակցին երեք անգամ նոկդաուն անել:

Աշխարհի չեմպիոնը սիրով պատասխանեց մեր հարցերին:

– Կրկին չեմպիոնական երեք գոտի ես կրում, բայց այս անգամ աշխարհի բացարձակ չեմպիոն չես: Ինչո՞ւ:

– Որովհետեւ երկուսը՝ WBC/WBA, 52,2 կգ քաշային կարգինն են, իսկ այս մեկը՝ IBO-ինը, 53,5 կիլոգրամինը: Բացարձակ չեմպիոն լինելու համար բոլոր գոտիները պետք է լինեն միեւնույն քաշային կարգում:

– Ինչո՞ւ որոշեցիր մեկ քաշային կարգ բարձրանալ:

– Որովհետեւ 52,2-ում, որտեղ պաշտպանել եմ երկու գոտիներս, Դոները հրաժարվում է ինձ հետ ռինգ մտնել: Բայց դեռ սպասում եմ նրան: Հենց համաձայնությունը տվեց, պատրաստ եմ հաջորդ իսկ օրը նրա հետ ռինգ մտնել: Իսկ այս քաշային կարգում կա Ֆեռնանդո Մոնտիելը: Նա աշխարհի ուժեղագույն բռնցքամարտիկներից է, երկու գոտի ունի՝ WBO/WBC: Նա այս պահին ցանկանում է ինձ հետ հանդիպել: Եթե մեր մենամարտը կայանա եւ ես հաղթեմ, 53,5-ում IBO-ի գոտուն կավելանան նրա երկու գոտիները եւ ես կրկին բացարձակ չեմպիոն կհռչակվեմ:

– Պրոֆեսիոնալ բռնցքամարտում դու բազմաթիվ ռեկորդներ ես սահմանել: Մեկն էլ մայիսի 20-ին սահմանեցիր:

– Այո: IBO-ի գոյության 25-ամյա պատմության մեջ ես առաջինը դարձա եւ միակն եմ, ով երեք քաշային կարգերում գոտի է նվաճել եւ աշխարհի չեմպիոն դարձել:

– Վերադառնանք Բարսելոնայի հետ մենամարտին, որից առաջ ձեռքդ լուրջ վնասել էիր:

– Մարտից երեք շաբաթ առաջ մարզումային մարտի ժամանակ մրցակցիս, որը վեց կարգ բարձր քաշային կարգում աշխարհի չեմպիոն է, գլխին հարվածելու ժամանակ ճկույթս կոտրվեց: Լավ էր՝ ժամանակ կար ձեռքիս մի քիչ հանգիստ տալ: Երեք շաբաթում այն բուժել հնարավոր չէր: Բայց կոտրվածքով զբաղվող մասնագետները լուրջ պրոֆեսիոնալներ էին: Նրանք ձեռքս փաթաթեցին այնպես, որ մարտի ժամանակ ճկույթս մի փոքր հեռանա ու հարվածների ժամանակ շատ չցավի: Ես շատ լավ էի նախապատրաստվել մենամարտին, վստահ էի ուժերիս, ուզում էի, որ մարտն անպայման կայանա: Դրա համար էլ չէինք ուզում, որ որեւէ մեկն իմանա կոտրվածքի մասին: Ճիշտ է, մեր գաղտնիքը բացվեց մարտից մի երկու օր առաջ, բայց մենամարտը, այնուամենայնիվ, կայացավ: Եվ թե ինչպես ավարտվեց՝ արդեն գիտեք:

– Դա՞ էր պատճառը, որ նոկաուտ չգրանցվեց:

– Այո: Ճիշտ է՝ հարվածում էի, բայց այնպես, որպեսզի ճկույթս իրեն զգալ չտա: Ու վնասվեց նաեւ բութ մատս:

– Պարամատայում Դարչինյանի թիմի տղաները չկային: Անսովոր չէ՞ր:

– Նրանք, ինչպես ասում են, ֆիզիկապես էին բացակայում: Բայց ամբողջ օրը, անգամ՝ մարտի, մշտապես հեռախոսային կապի մեջ էին: Բայց հույս ունեմ, որ նման բան այլեւս չի լինի:

– Առաջիկայում ի՞նչ ես անելու:

– Հիմա երեք տարբերակ կա ու բոլորն էլ լավն են: Պիտի տեսնենք, թե ո՞րը կստացվի: Դոների եւ Մոնտիելի մասին արդեն ասացի: Նրանցից որի հետ էլ մենամարտեմ, բացարձակ չեմպիոնի տիտղոսի համար է լինելու: Երրորդը «Ring» հեղինակավոր հանդեսի մրցանակն է՝ «Սուպեր չեմպիոնի» գոտին, որին շատ քչերն են արժանացել: WBC-ին ինձ այդ հնարավորությունը տալիս է: Այդ գոտու համար մենամարտում են տվյալ քաշային կարգում աշխարհի երկու ուժեղագույնները: Հնարավոր է, որ նույն Մոնտիելն ու Դոները միմյանց դեմ ելնեն: Այդ դեպքում նրանց հաղթողը պարտավոր է լինելու մենամարտել ինձ հետ: Ինչպես ասում են, նա արդեն փախչելու տեղ չի ունենա:

– Դու նաեւ Ռաֆայել Մարկես-Իսրայել Վասկես մենամարտի հաղթողի հետ ռինգ մտնելու ցանկություն ես հայտնել:

– Ճիշտ է: Եվ երրորդ ռաունդում հաղթեց Մարկեսը: Նա նույնպես աշխարհում շատ բարձր հեղինակություն ունի: Ես հաճույքով նրա հետ կմենամարտեի: Բայց առայժմ գուցե մի փոքր սպասեմ, որովհետեւ Մարկեսը գոտի չունի: Նրա եւ Վասկեսի մենամարտն ավելի շատ անվան, հեղինակության համար էր: Ինձ թվում է, որ սրանից հետո Մարկեսն արդեն գոտու համար ռինգ կմտնի եւ հույս ունեմ, որ կհաղթի: Այ, այդ ժամանակ իմ ու նրա մենամարտը հետաքրքիր կլինի:

– Բայց նա քո նոր քաշային կարգից երկու աստիճան բարձր է: Կկարողանա՞ս այդքան ծանրանալ ու հաղթել:

– Ես առանց այդ էլ ստիպված բավականին քաշ եմ գցում: Ճիշտ է, մարտը կայանալու դեպքում նա ռինգում չափսերով ինձանից ավելի մեծ կլինի, բայց վստահ եմ, որ ուժս կբավականացնի:

– Հաջորդ մենամարտդ նշանակված է օգոստոսի 21-ի՞ն:

– Այո: Բայց ձեռքս լիովին բուժելու համար, հնարավոր է, մոտ 20 օր հետաձգվի:

– Երբ Գերի Շոուն աշնանը Երեւանում էր, քո մենամարտերից մեկը Հայաստանում կազմակերպելու հնարավորություններն էին քննարկվում: Հայ մարզասերը դրա հնարավորությունը կունենա՞:

– Հարցն օրակարգում է: Բայց քանի որ ներկա պահին գոտիների համար պայքարի մասին է խոսքը, ոչ մի չեմպիոն Հայաստան գալ չի համաձայնի: Դրա համար էլ ձեռնտու է, որպեսզի ես գնամ նրանց երկրներ ու այնտեղ գոտիները վերցնեմ: Դրանից հետո, կարծում եմ, հնարավոր կլինի արդեն 1-ին համարներից մեկին բերել այստեղ:

– Որքան տեղյակ եմ, Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն էլ քեզ առաջարկել է մենամարտ կազմակերպել Մոսկվայում:

– Իրոք, նման ցանկություն նա ինձ հայտնել է: Ժամկետը մոտավորապես նոյեմբեր ամիսն է: Տեսնենք, թե ինչ կստացվի: Ես էլ շատ եմ ուզում մեկ մարտ Մոսկվայում անցկացնել:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել