Համոզված է անվանի նկարիչ Հակոբ Հակոբյանը:
Վերջերս լրացավ ժողովրդական նկարիչ Հակոբ Հակոբյանի ծննդյան 85-ամյակը, մրցանակների ու կոչումների, առավել եւս փառքի պակաս՝ վարպետը չունի: Նրա տաղանդն էլ ուղիղ համեմատական է քաղաքացիական կեցվածքին: 1962-ին Եգիպտոսից հայրենադարձված արվեստագետը եկավ ու սիրահարվեց Հայաստանին, իր անհուն սիրով էլ դիմակայեց անգամ խորհրդային ռեժիմի անտանելիությանը: Ու հիմա էլ շարունակում է ոչ միայն ստեղծագործել, այլեւ մորմոքվել սեփական ժողովրդի ցավերով:
«Առավոտը» սիրված արվեստագետից հետաքրքրվեց՝ ի՞նչ կարծիքի է ԿԳ նախարարության հայտնի նախաձեռնության՝ Հայաստանում օտարալեզու կրթություն իրականացնող կրթօջախների վերաբացման մասին: «Իսկապես լավ չեմ գիտեր՝ ի՞նչ հարաբերություններ կան մարդկանց մեջ, ովքե՞ր են, որ աս գործերն անում են, գրեթե ալ չեմ հետաքրքրված, որովհետեւ մտածում եմ՝ հիմա մեր երկրին մեջ այնքան բաներ են արվում, որ պետք չէ արվին… Եվ մի տեսակ, ընդհանուր առմամբ, մեր երկրում կտրված է կապը ժողովրդի եւ պետության միջեւ… Նախ ինձի համար ես փորձում եմ հասկանալ՝ ի՞նչ է կատարվում: Կկարծեմ, որ ամենաարժեքավոր բանը, որ ստեղծել է մեր ժողովուրդը, ուրիշը չի տվել իրեն, մեր լեզուն է: Դա բացարձակ արժեք է, եւ եթե մենք մեր լեզուն չենք սովորում, դադարում ենք հայ ըլլալուց: Միեւնույն ժամանակ, մտածում եմ՝ եթե դու ունիս մի կտոր հող, դա քո հայրենիքդ է: Որքան պահել ես, որքան մնացել է, դա ուրիշ հարց է, բայց ահավասիկ գտնում եմ, որ այդ երկու շատ կարեւոր հոգեւոր արժեքները անփոխարինելի պետք է ըլլային մեր ժողովրդի համար: Դժբախտաբար, վիճակն անպես է, որ այսօր լեզուն ալ փոխարինելի է: Այսինքն, մարդը ասում է՝ ինչո՞ւ հայերեն խոսիմ, կրնամ անգլերեն խոսիլ, եթե հարցը մարդկային հարաբերության մասին է, հայերենով երկու միլիոն մարդ է խոսում աշխարհի վրա, իսկ անգլերենով՝ կես միլիարդ … Եվ եթե դուն ուզում ես հայերեն խոսիլ, այս երկու միլիոն մարդու մեջ պետք է գտնվիս, ոչ թե դուրս՝ դրանից: Այսինքն, եթե դուն հայերեն լեզվով պիտի ապրիս, խոսիս, ուրիշ տարբերակ չկա՝ պիտի քու հայրենիքիդ մեջ ըլլաս, ու եթե հայրենիքի մեջ չես, այդ լեզուն արժեք չունի, որովհետեւ չես կարող հետդ հայերենը տանել Ամերիկա եւ այնտեղ օգտագործել: Ո՞ւմ հետ պիտի օգտագործես կամ ինչպե՞ս: Փաստորեն, ստացվում է, ամենակարեւոր ազգային հատկանիշը՝ լեզուն, այդքան հեշտությամբ կարող ենք կորցնել, գրեթե այնպես, ինչպես արտերկրում: Օրինակ՝ Ֆրանսիայում, ուր ապրել եմ երկու տարի, պատահել եմ ընտանիքներ, ուր ծնողները խոսում էին հայրենիքից բերված լեզվով, իսկ նոր սերունդը՝ ֆրանսերեն: Պատկերացրե՛ք, ընտանիքի մեջ իրարու հարաբերվելու վիճակը… Լեզուն, որ ամենակարեւոր զրահն էր մեր ինքնապաշտպանության, լեզուն, որ դարերու ընթացքին մեզ պահել ու պաշտպանել է, այսօր բերին-դարձրին խոցելի ու դյուրաբեկ, այդպես է նաեւ հայրենիքը…»,- փաստում է նկարիչը եւ հավելում, որ նման իրավիճակի արդյունքում, մարդիկ հիասթափված մտածում են՝ անիմաստ է հետաքրքրվելը, պայքարելը, խոսելը: Հակոբ Հակոբյանը օտարալեզու կրթության անցնելու նախաձեռնությունը դիտարկում է հայ ժողովրդի ողջ պատմության համատեքստում, գտնելով, որ դա Հայոց եղեռնի շարունակությունն է. «Ժամանակին հայրենիքի համար մարդիկ իրենց կյանքն էին տալիս, զոհվում, արյուն թափում… Այսօր առավոտյան կարող ես Երեւանում նախաճաշել, գիշերը՝ Նյու Յորքի Բրոդվեյում ման գալ: Մարդը հեշտությամբ օդանավը նստում է եւ հազարավոր կիլոմետրեր հեռու սկսում է ապրիլ… Ավելի խորքային նայելով հարցերուն, գտնում եմ, որ սա 20-րդ դարու Եղեռնի շարունակությունն է: Թուրքերը հաջողեցան իրագործել իրենց ծրագիրը, 2 միլիոն մարդ տեղահան արեցին իրենց հողերեն, մեկուկես միլիոնը կոտորեցին, մնացած կես միլիոնը ցրեցին աշխարհով մեկ: Մենք ընդհանրապես ցեղասպանության հարցը անդադար կապում ենք թուրքերու հետ… ճիշտ է, թուրքերը ցեղասպանությունը կազմակերպեցին, բայց իրենց՝ Օսմանյան կայսրության սահմաններու մեջ, մենք բոլորովին հաշվի չենք առնում այլ՝ անբնական կամ անարդարացի կամ չպատճառաբանված մահերը մեր ժողովրդի, չէ՞ որ դրանք եւս ցեղասպանություն են… Ռուս նշանավոր պետական գործիչ մը ժամանակին հայտարարել է՝ Հայաստան առանց հայերու… Ռուսներն իբրեւ մեծ պետություն եւ ժողովուրդ, միշտ էլ նույն ձեւով վերաբերվել են փոքր ժողովուրդներուն, իրենց պետք չէ այդ փոքր ժողովուրդը… Օրինակի համար պատերազմ է գալիս, անունը դնում են Հայրենական, 300000 հայ տղամարդ գնում-զոհվում է… Եղբայր, այդ պատերազմը Հայրենական է անունը, բայց մեզի հետ որեւէ կապ չունի, այսինքն՝ ռուսները իրենց կայսրությունը պահելու համար գնում-կռվում են, ատիկա իրենց գործն է: Էս մեր փոքր ժողովրդի 300000 տղամարդ հավաքում-տանում կոտորում ես, սրա անունը ցեղասպանություն չդնեմ, ի՞նչ դնեմ: Թուրքերը հայերուն պատերազմի չտարին, զենքերը վերցրին, տարին-սպանեցին, ռուսները զենք տվին, ասեցին՝ պաշտպանում ենք մեր հայրենիքը, մինչդեռ այս պատերազմը որեւէ կապ չուներ մերին հետ, այդքան տղամարդ ոչնչացավ, եւ ահավասիկ ցեղասպանության շարունակությունը… Փաստորեն, Արեւելահայաստանի մեջ ալ եղավ ցեղասպանություն, այլ իմաստով՝ օրինակ, 37 թիվն էլ… Ռուսները հավանաբար մտածեցին՝ ինչ չափով ցեղասպանություն եղել է՝ հերիք է, հիմա էլ լեզվի միջոցավ կարող ենք ոչնչացնել, դրա համար Սովետի ժամանակ լավագույն դպրոցները ռուսերեն դպրոցներն էին, հատուկ ուշադրություն էին դարձվում ռուսերեն դպրոցներու բարեկարգ վիճակին, ուսուցիչներին եւ արդեն հայոց մեջ ստեղծվել էր մտայնությունը, թե ռուսական դպրոցը ավելի լավ կրթություն է տալիս հայ մարդուն»: Մեր զրուցակիցը չի համակերպվում նաեւ այն մտքի հետ, որ անկախության տարիներին 2 միլիոն մարդ հեռացավ Հայաստանից. «Դա կնշանակի՝ երկու միլիոն հայ վերջնականապես բաժանվեցավ հայ ժողովրդից, գնաց Ամերիկա, Ֆրանսիա կամ Ռուսաստան, իրենց զավակները չեն վերադառնա, ուրեմն դարձյալ եղեռնը շարունակվում է հայ ժողովրդի համար, որովհետեւ երկու միլիոն ասում ենք, տասնյակ հազարը Ղարաբաղում մեռան, 300000 Ադրբեջանի հայ ժողովուրդը իր հողերեն տեղահան եղավ… Էս եղածի նոր դրսեւորումն է հարձակումը հայոց լեզվի վրա: Չէ՞ որ՝ եթե լեզուն փոխեցիր, ինքնաբերաբար հեռանում ես երկրից»,- նեղսրտում է արվեստագետը: Եվ հավելում, որ հիմա լեզվի հարցը դարձել է հայրենասիրություն խաղալու էժանագին միջոց, մինչդեռ այդ թեմայով բանավիճողները պարտավոր էին ավելի շատ մտահոգվել զանազան պատճառներով հայրենիքից հեռացողների մասին. «Ինչո՞ւ չենք մտածում, որ մարդիկ թողնում-գնում են ամեն տարի, ինչո՞ւ չենք բողոքում, ցույց չենք անում, որովհետեւ սա երեւացող է, կարելի է սրա մասին խոսիլ, հայրենասիրություն խաղալ… Ճիշտ է, ես չեմ ընդունում, որ մարդիկ թողնում-գնում են, մյուս կողմից էլ մտածում ես, որ հոգեւոր հենարաններն այնքա՜ն դյուրաբեկ են ու խախուտ, որ մարդուն չես կարող ասել՝ ո՞նց ես լեզուդ մոռանում, ո՞նց ես երկիրդ թողնում: Մարդն էլ ասում է՝ երկրագունդը մեկն է, սահմաններս ո՞րն են, ես կգնամ այնտեղ, որտեղ աշխատանքս կգնահատվի, կապրեմ, ընտանիքս կպահեմ: Լեզուդ ալ ինձ ի՞նչ պիտի տա»:
Ինչ վերաբերում է այն փաստին, որ այսօր բուհեր դիմած դիմորդները օտար լեզուների քննություններից բարձրագույն միավորներ են վաստակում, մինչդեռ հայերենի պարագայում հազիվ են նվազագույնի շեմը հաղթահարում, Հ. Հակոբյանն ասում է. «Տխուր է, բայց փաստ է… Որեւէ մեկն իրավունք չունի պարտադրելու մյուսին, թե որ լեզվով ապրի: Ուրիշ հարց է, որ պետություն մը, որ պետություն կոչվելու իրավունք ունի, կարող է իր երկրի կարգ ու կանոնի համար ըսել, որ օրենք է՝ այս երկրի պետական լեզուն ֆրանսերենն է, անգլերենը կամ հայերենը: Բայց դժբախտաբար, մեր պետությունն այնքան խեղճուկրակ ու թույլ է, որ մարդիկ հանգիստ գլխով գնում-կտրվում են հայերենից, բայց ամեն ինչ անում են՝ ռուսերենից ու անգլերենից չկտրվին»: Արվեստագետը մտածում է, որ ամեն դեպքում իրականությունը պետք է տեսնել այնպես, ինչպես այն կա ու երբեք չմոռանալ, որ «այս փոքր երկիրը՝ փոքր ազգությամբ, թշնամիներով է շրջապատված, գոնե մենք իրար միս չուտեինք, իրար պաշտպանեինք, մեր երկիր զորացնեինք, կարգուկանոն լիներ, ու վիճակից դուրս գալու լուծում փնտրեինք»:
Կարդացեք նաև
Իսկ կո՞ղմ է Հակոբ Հակոբյանը ավանդական ուղղագրության վերադարձին: Ասում է՝ նման քննարկումների մի ժամանակ հետեւում էր Հայաստանից դուրս, նույնիսկ Փարիզի «Յառաջ» թերթի համար այդ թեմայով մի հոդված է գրել: Նա նշում է, որ ոմանք այդ հարցին ուրիշ թեքում են տալիս, ասում են՝ ուղղագրությունների տարբերությունը բերում է Հայաստանի հայերի ու սփյուռքայերի միջեւ անջրպետի: Վարպետը այլ կարծիքի է. «Այդպես դատել հարցը՝ բոլորովին ճիշտ չէ, որովհետեւ Սփյուռքում հայերը ավանդական ուղղագրությամբ էին շարադրում մտքերը, բայց իրար հետ լավ կռվում էին, պառակտված էին, Հայաստանին մեջ ալ նոր ուղղագրությամբ՝ էլի պառակտված են»: Փաստում է, որ ժամանակին այդ հարցով զբաղվել են այնպիսի անվանի մտավորականներ, ինչպիսիք են՝ Աբեղյանը, Մակինցյանը, Մալխասյանն ու Աճառյանը: «Ես այս համոզումը ունիմ՝ մի բան, որ քանդվում է, հետո գրեթե անկարելի է լինում կարգի բերել, շտկել»: Բայց մյուս կողմից էլ, նրա խոսքով, նոր դեկրետի հարկ չկա, եթե մի քանի հազար հայ մտավորականներ հավաքվեն, կոնկրետ ծրագրով ու առաջարկով ներկայանան պետությանը, վերջինս չի կարող անտարբերության մատնել նախաձեռնությունը: Նկարչի համոզմամբ, ամեն ինչի հաջողելու գրավականը համախմբվելն է, կամք դրսեւորելու, պատասխանատվություն վերցնելու առաջամարտիկն էլ՝ մտավորականությունը. «Օրինակ, եթե մի քանի 1000 հայ ուսուցիչներ սովորին այդ ուղղագրությունը, ասեն՝ մենք պատրաստ ենք, մենք սովորեցինք լեզուն, կարող ենք սովորեցնել, սա ահավասիկ ծրագիրն է, մեզի համար կենաց ու մահու հարց, պետությունը չի կարողանա առարկիլ: Պետությունը գիտակցելով, որ պրոբլեմներ ունի իր առաջը լուծելու, այնուհանդերձ՝ չի կարող մերժիլ… Թե չէ մենք այսքան հարվածներ ստացել ենք կյանքին մեջ, էլի ենք ստանում, փոքր ենք եղել, իսկ փոքրին կոխոտում-անցնում են, հիմա նորից շարունակում ենք ամեն ինչ անել, որ փոքր մնանք: Չե՛ն սիրում իրենց երկիրը հայրենակիցները, Հայաստան չե՛ն սիրում, ամենապարզ ապացույցն այն է, որ, օրինակ, Աստծո տված մաքուր ջուրի ամենամեծ ավազանը Միջին Արեւելքում՝ Սեւանա լիճը, աղտոտում են, փչացնում, անտառները կտրում… Ասում ենք՝ մեր երկիրը աղքատ է հանքերով, բայց չէ՞ որ ամենաթանկարժեք հանքը ունինք՝ մաքուր ջուրը… Ահավասիկ, եթե այդ գիտակցությունը ունինք, ուրեմն ինչի՞ մասին է խոսքը: Նույնիսկ մեծ պետությունները կործանվում են, իսկ փոքր ժողովրդի համար նման բաները մահացու կարող են լինել… Եվ մենք ումի՞ց ենք գանգատվում, ո՞ւմ ենք մեղադրում մեր վիճակի համար: Չէ՞ որ ցեղասպանությունը կա՛ եւ եղել է, բայց կա՛ նաեւ ինքնասպանությունը»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ