Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ստավրոպոլում մայիսի 28-ը սգո օր է հայտարարվել

Մայիս 28,2010 00:00

Ռուսաստանի Դաշնության դատախազության քննչական հանձնաժողովը մայիսի 26-ին Ստավրոպոլի կենտրոնում՝ Մշակույթի եւ սպորտի պալատի մոտ տեղի ունեցած պայթյունը որակել է որպես ահաբեկչական ակտ եւ համապատասխան հոդվածի հատկանիշներով քրեական գործ է հարուցել: Հիշեցնենք, որ պայթյունից 15 րոպե հետո պալատում սկսվելու էր Չեչնիայի «Վայնախ» ազգային պարային համույթի համերգը: BBC-ի մատուցմամբ, վերջին տվյալներով, պայթյունի արդյունքում զոհվածների թիվը հասել է յոթի. երեք մարդ մահացել է հենց տեղում, չորսը՝ հիվանդանոցի ճանապարհին: Զոհվածների թվում է նաեւ 12-ամյա մի աղջնակ: Ահաբեկչական ակտի արդյունքում վիրավորվել էր 43 մարդ, որոնցից 16-ի վիճակը գնահատվում է ծանր: Փորձագետների նախնական եզրակացության համաձայն, պայթուցիկ սարքը, որը գործի էր դրվել ժամացուցային մեխանիզմի միջոցով, ինքնաշեն է եւ դրված է եղել հյութի տարայի մեջ: «Ինտերֆաքսը» փոխանցում է, որ իրավապահ մարմինները փնտրում են այն կասկածելի ավտոմեքենան՝ ենթադրաբար «ՎԱԶ-2114» մակնիշի, որը գտնվել է պայթյունի վայրում եւ ահաբեկչական ակտից հետո անհետացել է: Ըստ որոշ տեղեկությունների, մեքենայում չորս ուղեւոր է եղել:

Ստավրոպոլի նահանգապետը կատարվածը որակել է որպես «դաժան ու աննախադեպ սադրանք», որի իրականացումը նա կապել է Հյուսիսային Կովկասում ՌԴ նախագահի լիազոր-ներկայացուցիչ Ալեքսանդր Խլոպոնինի Ստավրոպոլ կատարելիք այցի հետ: Պայթյունի շարժառիթների քննարկվող վարկածները երկուսն են. այն կազմակերպել են կամ ավազակախմբերը, կամ ծայրահեղ ազգայնական կազմակերպությունները:

ՌԴ իշխանությունները ահաբեկչության զոհերին եւ վիրավորներին ֆինանսական աջակցություն տրամադրելու համար դաշնային բյուջեից հատկացրել են 30 մլն ռուբլի:

Ստավրոպոլի մարզում մայիսի 28-ը սգո օր է հայտարարված:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել