Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մենահամերգ՝ հաշվետուից առաջ

Մայիս 28,2010 00:00

\"\"Երեւանում 1984 թվականին՝ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի բացումից հետո, վերջինիս դահլիճը յուրահատուկ ու ցանկալի բեմ դարձավ ոչ միայն հայաստանցի, այլեւ արտերկրից ժամանած արվեստագետների համար: Այստեղ տարիներ շարունակ մենահամերգներով հանդես են գալիս նաեւ պատանի երաժիշտները:

Օրերս մենահամերգով հանդես եկավ Ստեփան Ջրբաշյանի անվան երաժշտական դպրոցի (տնօրեն՝ Նելլի Սարգսյան) ավարտական դասարանի սան, դաշնակահարուհի Մարիամ Ղազանչյանը (Հասմիկ Դանիելյանի դասարան): Երեք հանրապետական մրցույթների՝ Սպենդիարյանի, Բաբաջանյանի, Կոմիտասի 140-ամյակին նվիրված «Վերածնունդ» եւ 2009 թվականին Դամասկոսում կայացած միջազգային մրցույթի դափնեկիրը ներկայացրեց Բախի, Բեթհովենի, Հարությունյանի եւ այլոց դաշնամուրային երկերից բաղկացած բարդ ծրագիր: Իսկ ներկա մասնագետները Մարիամի՝ Դեբյուսիի «Լուսնի լույս», Ռախմանինովի՝ «Երաժշտական ակնթարթ» եւ Շոպենի՝ «Հեղափոխական էտյուդ» ստեղծագործությունների մեկնաբանումները որակեցին իբրեւ հասուն երաժշտին հարիր կատարումներ:

Յուրաքանչյուր երկից հետո ուսուցչուհուն եւ նրա հայացքում իր կատարման գնահատականը փնտրող աղջնակին կես-կատակ, կես-լուրջ հարցրինք՝ ավարտելուց հետո ի՞նչ ես անելու առանց ուսուցչուհուդ: «Նման բան մի հարցրեք, առանց տիկին Դանիելյանի՝ ես չեմ կարող… Պատրաստվում եմ նաեւ հունիսին անցկացվող Դելֆյան խաղերին»,- ասաց Մարիամը եւ հրավիրեց «Առնո Բաբաջանյան» համերգասրահում մայիսի 29-ին կայանալիք իր սիրելի դպրոցի հաշվետու համերգին:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել