Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՈՉ ՊԵՏԱԿԱՆՆԵՐԸ ՊԵՏԱԿԱՆՆԵՐԻՑ ԱԿՏԻՎ ԵՆ

Մայիս 28,2010 00:00

\"\"Պատճառը՝ հավատարմագրման շահագրգռությունն է

Ներկայումս ՀՀ բուհերում ընթանում են որակի ապահովման գործընթացներ: Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնն (ՈԱԱԿ) արդեն մի քանի ամիս է՝ մասնագիտական ուսումնական հաստատությունների մասին ինֆորմացիոն բազա ձեւավորելու համար էլեկտրոնային հարցաշարի միջոցով բուհերից ստանում է ինֆորմացիա: Արդեն ընթանում են հարցաշարի լրացման երրորդ փուլի աշխատանքները, այժմ ինֆորմացիա է հավաքվում բուհերի կրթական ծրագրերի, շրջանավարտների մասին:

«Առավոտը» զրուցեց ՈԱԱԿ փորձաքննության բաժնի ղեկավար Մկրտիչ Այվազյանի եւ փորձաքննության բաժնի գլխավոր մասնագետ Անահիտ Ութմազյանի հետ: Չնայած մեկնարկել է հարցաշարի լրացման երրորդ փուլը, սակայն մինչ այժմ բուհերը չեն ավարտել առաջին երկու հարցաշարերի լրացման գործընթացները: Օրինակ՝ առաջին հարցաշարն ամբողջությամբ լրացրել է ընդամենը 12 պետական եւ 25 ոչ պետական բուհ, 2-րդը՝ 7 պետական եւ 12 ոչ պետական բուհ, առաջին հարցաշարն ընդհանրապես չի լրացրել 4 պետական եւ 14 ոչ պետական, 2-րդը՝ 7 պետական եւ 17 ոչ պետական բուհ: Հարցաշարին առայժմ չեն միացել արտերկրի բուհերի հայաստանյան մասնաճյուղերը: Մեր զրուցակիցները, ընդհանրացնելով բուհերի մասնակցությունը հարցաշարի լրացման աշխատանքներին, նկատեցին, որ ավելի ակտիվ են ոչ պետական բուհերը: Պատճառներց մեկը, ըստ նրանց, պետականների ինքնավստահությունն է եւ ոչ պետականների՝ հավատարմագրման շահագրգռությունը:

Զուգահեռաբար 7 ուսումնական հաստատությունում իրականացվում է ինքնագնահատման ձեւաչափի մեխանիզմների կիրառման փորձնական ծրագիր, որի մոտեցումներն արդեն կկիրառվեն հավատարմագրման նոր կարգի հաստատումից հետո: Վերջինս այժմ գտնվում է քննարկման փուլում: Ա. Ութմազյանն այս առումով նկատեց. «Բուհերն իրենց գործունեության ընթացքում այս մեխանիզմները կիրառել են՝ չգիտակցելով դրա նշանակությունը: Իսկ սա լավ առիթ էր վերանայելու, համակարգելու իրենց գործունեությունը: Նախկինում բուհերը տալիս էին իրենց տվյալները, եւ փորձագետները նայում էին, թե ինչքանով են դրանք հավաստի: Իսկ նոր մոտեցմամբ՝ ուսումնական հաստատությունն ինքը պիտի անի իր գործունեության վերլուծությունը՝ նշելով իր թույլ եւ ուժեղ կողմերը»:

Հետաքրքրվեցինք՝ ուսումնական հաստատությունները եկե՞լ են այն գիտակցության, որ խոսեն իրենց թույլ կողմերից, Ա. Ութմազյանը պատասխանեց. «Ձեւաչափը մշակել ենք ուսումնական հաստատությունների հետ: Նրանց առաջին տպավորությունը բացասական էր, ասում էին՝ լուրջ չէ, որ մարդիկ խոսեն իրենց թերություններից, բայց հետո հասկացան, որ դա առաջին հերթին իրենց է ձեռնտու»:

Այժմ այս մեխանիզմով մասնագետները փորձում են պարզել, թե ինչպես են պատրաստվում մանկավարժները Խ. Աբովյանի անվան մանկավարժական, Գավառի պետական, Եղեգնաձորի «Գիտելիք», «Հայբուսակ», «Գլաձոր» եւ «Հյուսիսային» համալսարաններում, Հումանիտար ու Ա. Բակունցի անվան մանկավարժական պետական քոլեջներում:

Մեր այն դիտարկմանը, թե այս գործընթացները մշտապես ասոցացվում են այս կամ այն ուսումնական հաստատության փակման հետ, տիկին Ութմազյանը պատասխանեց. «Հավատարմագրումը փակվելու հետ կապ չունի, դա այն է, որ պետությունն ընդունում կամ չի ընդունում քո տված արդյունքը: Բուհերը հիմնականում փակվում են լիցենզիայի պայմանները չպահպանելու դեպքում»:

Հիշեցրինք նաեւ, որ բուհերը հիմնականում դժգոհում են, թե իրենք նման ծավալի աշխատանք կատարելու համար հաճախ համապատասխանաբար չեն վարձատրվում, չունեն ռեսուրսներ: Մ. Այվազյանը պատասխանեց. «Հիմնական խանգարող հանգամանքներից մեկն էլ սա է: Երեւի բուհերն ինչ-որ կերպ պիտի մտածեն հարթել այդ խնդիրները, չնայած շատ բուհերում արդեն տարիներ շարունակ գործում են որակի ապահովման կենտրոններ»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել