Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Չեն կարողանում հանգիստ ապրել

Մայիս 28,2010 00:00

Ավան վարչական տարածքի մի քանի թաղամասերի բնակիչներ չեն հարմարվում «Հայ-ռուս կոգեներացիայից» լսվող աղմուկին:

\"\"Ավանի Քուչակի, Նարեկացի, Հովհաննես Հովհաննիսյան եւ Իսահակյան թաղամասերի բնակիչները օրերս նամակով դիմել էին «Առավոտին»՝ դժգոհելով իրենց հարեւանությամբ գտնվող «Հայ-ռուս կոգեներացիայի» աշխատանքի պատճառով առաջացող աղմուկից: Նրանց խոսքերով, այս աղմուկը լսվում է անգամ 700-800 մետր հեռավորության վրա: «Մի՞թե պարզ չէր նախագծային փաստաթղթերից, որ այդպիսի օբյեկտի շահագործումն այդ տեղում հազարավոր մարդկանց զրկելու է իրենց սեփական տանը հանգիստ նստելու, քնելու, մարդավարի ապրելու տարրական իրավունքից եւ հնարավորությունից: Ո՞վ է իրավունք տվել այդպիսի բիզնես-ծրագիր իրականացնել՝ պղտորելով մարդկանց կյանքը: Մեր դժբախտ բնակիչները գարնանն ու ամռան շոգերին, երբ պատուհան բացելու անհրաժեշտություն է առաջանում, աղմուկից փրկություն չունեն»,- դժգոհեց Քուչակի թաղամասի բնակիչ Ջոն Մանուկյանը: Նշենք, որ «Հայ-ռուս կոգեներացիան» զբաղվում է էլեկտրաէներգիայի արտադրությամբ, ինչն էլ վաճառում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը: Նրանք օգտագործում են այնպիսի սարքավորումներ, որոնք իսկապես աղմուկով են աշխատում:

Տարածքի բնակիչների ներկայացմամբ, իրենք բազմիցս դիմել են թաղապետարան, սակայն այդ բողոքներին ընթացք չի տրվել, այլ միայն վերացական պատասխաններ, թե իրենք էլ տեղյակ են խնդրին եւ մտադիր են աղմկամեկուսիչներ տեղադրել, որի համար դեռ պետք է բնակիչները համբերեն:

Բնակիչների դժգոհությունների առնչությամբ «Հայ-ռուս կոգեներացիայի» տնօրեն Ալեքսանդր Մարչենկոն «Առավոտին» պարզաբանեց, որ իրենք չեն գերազանցում աղմուկի թույլատրելի չափաբաժինը. «Թույլատրելին 50 դեցիբել է, արտադրամասից դուրս գալիս է 47-49 դեցիբել: Նշեմ, որ մեր արտադրամասի աղմուկից բացի, այդ թաղամասերում այլ աղմուկների դեցիբելներն էլ հասնում են 50-ի»: Նա մեզ ներկայացրեց իրենց արտադրամասի ներսը, որտեղ աղմուկը հասնում էր 90 դեցիբելի: Այնտեղ իսկապես, բացի սարքավորման աղմուկից, այլ բան լսել հնարավոր չէր: Պարոն Մարչենկոյի խոսքերով, իրենց արտադրամասի պատերը ձայնամեկուսիչ են, պատուհաններին էլ 3 շերտ ապակի է գցված. «Բայց էլի բողոքում են: Մենք հանդիպել ենք բնակիչների հետ, բացատրել ամեն ինչ, բայց, միեւնույն է, բողոքողը բողոքում է: Մենք տարածքի մի քանի թաղամասերի բնակիչներին տաք ջուր ենք մատակարարում, որոնք ոչնչից էլ չեն բողոքում: Բնակիչների բողոքների հիման վրա մեզ մոտ մի քանի անգամ եկան ստուգումների: Այդ թվում՝ առողջապահության նախարարության հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչությունից: Նրանք ակտ կազմեցին եւ արգելեցին մեզ գիշերներն աշխատել: Հիմա մենք ամեն օր ժամը 22-ից մինչեւ առավոտյան 7-ը դադարեցնում ենք մեր աշխատանքները: Ասեմ, որ դա բավականին վնաս է հասցրել մեզ, հիմա 1/3-ով կրճատվել են մեր արտադրության ծավալները, ուստի դրամական մեծ կորուստներ ենք ունենում եւ դա մեզ ոչ ոք չի փոխհատուցելու»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել